ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայի Բոլզանոյի քաղաքապետին և Եվրակ հետազոտական կենտրոնի գիտնականներին

Դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իտալիայի Բոլզանո քաղաքի քաղաքապետ Ռենզո Կարամաչիին և Իտալիայի Եվրակ հետազոտական կենտրոնի գիտնականներին՝ ուղեկցությամբ Հայաստանի Եվրոպական համալսարանի ռեկտոր տիկին Հեղինե Բիշարյանի։

Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել Սուրբ Էջմիածնի առաքելությանը՝ ընդգծելով քրիստոնեության կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում և հոգևոր, մշակութային ժառանգության կերտման գործում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գանհատանքն է բերել Եվրակ հետազոտական կենտրոնին և Եվրոպական համալսարանին՝ Հայաստանի կրթական ոլորտում ներդրվող ջանքերի համար։

Նորին Սրբությունը խոսել է նաև Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա սերտ հարաբերությունների և գործակցության մասին։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ է անդրադարձել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչող անթաքույց սպառնալիքներին ու պարտադրանքներին՝ կարևոր նկատելով միջազգային հանրության և բարեկամ երկրների զորակցությունը մեր ժողովրդին։

Իր հերթին Բոլզանոյի քաղաքապետ Ռենզո Կարամաչին կիսվել է Հայաստանից ստացած իր տպավորություններով՝ նկատելով, որ հայոց սրբավայրերը հայ ժողովրդի զորավոր հավատքի վկայությունն են։ Այս կապակցությամբ քաղաքապետը վստահություն է հայտնել, որ հայորդիները զորեղ հավատքի շնորհիվ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները։

Կարդացեք նաև

Back to top button