Երկուշաբթի օրը Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում հերթական բողոքի ցույցն է տեղի ունեցել ընդդեմ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու որոշման։
Բողոքի զանգվածային ակցիաները տեղի են ունենում արդեն հինգերորդ օրն անընդմեջ։ Երեկոյան ոստիկանները ցուցարարներին հեռացրել են Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքից և հարակից փողոցներից, սակայն ցուցարարները շարունակել են մնալ կենտրոնում։
Ինչպես հայտնում են BBC-ի թղթակիցները, հատուկջոկատայինները պարբերաբար արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են օգտագործում ցուցարարների դեմ, որոնք պատասխանում են ճայթրուկներով։
Ցուցարարները բավականին մեծ հեռավորության վրա են գտնվում ուժային կառույցներից, սակայն չեն ցրվում։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հատուկ միջոցներ են կիրառելու ոստիկանության հետ բախումների մեջ գտնվողների դեմ։
«Ռուսթավելիի պողոտայում ընթացող հանրահավաքը դուրս է եկել խաղաղ հավաքի շրջանակներից, ուստի ՆԳՆ-ն ագրեսիվ բողոքի խմբի անդամների նկատմամբ կիրառելու է օրենքով նախատեսված հատուկ միջոցներ՝ խորհրդարանի շենքի շրջակայքը մաքրելու համար»,- հայտնել են Ոստիկանությունից։
Որոշ ցուցարարներ բերման են ենթարկվել (ձերբակալվածների ստույգ թիվը դեռ հայտնի չէ)։
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության պետ Վաժա Սիրաձեն ասել է, որ ոստիկաններին «ստիպել են կիրառել համամասնական ուժ»։
«Ցուցարարները սկսեցին կիրառել պիրոտեխնիկա, առարկաներ են նետել ոստիկաններին վիրավորելու համար, ինչի պատճառով էլ մեզ ստիպել են համաչափ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ»,- ասել է նա։
Երկուշաբթի օրը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանը հավատարիմ է մնում ԵՄ-ին անդամակցելու գործընթացին։
«Ուզում եմ բոլորին համոզել, որ եվրաինտեգրումը ոչ թե հետաձգվում է, այլ կշարունակվի առավելագույն ջանքերով»,- ասել է նա։
Կոբախիձեն մերժել է ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցությունների հնարավորությունը։




