
Մայրաքաղաքը շարունակում է պատրաստվել հանրային տրանսպորտի՝ 2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սակագնային փոփոխություններին։ Այսօր երթուղի են դուրս եկել վերջերս ներկրված 15 նոր տրոլեյբուսները, իսկ 171 նոր ավտոբուսները, ոլորտի պատասխանատուների խոսքով, կշահագործվեն ամենաուշը հունվարի 1-ից։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր տրոլեյբուսներից մեկով շրջել է Երևանում և պատասխանել սակագնային փոփոխություններին վերաբերող հարցերին։
«-100 դրամը կա ու կա։
-100 դրամո՞վ եք վճարելու։
—Չէ, տրոլեյբուսինը 50 դրամ է։
—Հա, 50 դրամ է, ճիշտ է»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Նուբարաշեն-Աերացիա» նոր երթուղու առաջին ուղևորներից է։ Տրանսպորտային գիծը սպասարկվում է «ZhongTong» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով, երթուղու շարժակազմն ավելացել է 5 միավորով՝ դառնալով 13, ինչի արդյունքում, ըստ ոլորտի պատասխանատուների, քաղաքացիները կանգառներում նախկին 21 րոպեի փոխարեն 15 րոպե կսպասեն։
Տիգրան Ավինյան․ «Տրոլեյբուսների քանկի ավելացումը հիմնականում սպասարկման որակի բարելավմանն է ուղղված, այսինքն՝ պարբերականությունը նվազեցնելուն, որը նշանակում է՝ ավելի թերբեռնված կգնան տրոլեյբուսները։ Մենք նմանատիպ ծրագիր ունենք նաև նոր եկած 171 ավտոբուսների հետ»։
Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ այս պահին գծվում են վերջերս ներկրված 171 ավտոբուսների երթուղիները․ դրանք կշահագործվեն ամենաուշը հունվարի 1-ից․
«Պլանավորման հիմնական ուղղությունն այն է, որ պահպանելով երթուղու ուղեգծերը՝ ապահովենք սպասարկման որակի բարձրացում, այսինքն՝ շարժակազմերի քանակը այնպես համալրենք, որպեսզի ավելի հաճախ կանգառին հասնի ավտոբուսը և բեռնվածությունը չլրանա։ Առաջիկայում դրա մասին մանրամասն կզեկուցեմ՝ ըստ երթուղիների»։
Մինչև դեկտեմբերի 31-ը տրոլեյբուսներից օգտվողները կվճարեն 50 դրամ։ Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն հանրային տրանսպորտի նոր սակագները։ Քաղաքապետն ասում է՝ մեկ ուղևորափոխադրման միջին արժեքը 144 դրամ է լինելու։
«Միասնական տոմսային համակարգի ցանցին միացված բոլոր տրանսպորտային միջոցների միջինացված ուղևորափոխադրման գումարի չափը լինելու է մոտավորապես 144 դրամ։ Սա ցույց են տալիս մեր միջինացված հաշվարկները»։

Շրջանառվող լուրերը, թե հաջորդ տարվանից 100 դրամը կփոխարինվի 300 դրամով, Ավինյանը կեղծ է որակում։
«Միջինացված ուղևորափոխադրման գինը հաջորդ տարվա ընթացքում լինելու է 144 դրամ։ 144 դրամից ավելի լինելու է այն դեպքերում, երբ ավելի նվազ քանակով են օգտվում տրանսպորտից։ 144 դրամից ավելի քիչ է լինելու գումարը, եթե ավելի շատ ես օգտվում տրանսպորտից։ Մեր տարբեր խմբերի համար սահմանված արտոնությունների ֆոնին մենք շատ դեպքեր ենք ունենալու, երբ վճարը 100 դրամից պակաս է լինելու։ Լայն տարածում գտած թեզը, որ ուղևորափոխադրումները հունվարի 1-ից լինելու են 300 դրամ, ուղղակի իրականությանը չի համապատասխանում»։
Մայրաքաղաքային իշխանության որոշմամբ՝ 1 տարի տրանսպորտից անսահմանափակ օգտվելու համար ուղևորը պետք է վճարի 90 հազար դրամ, 3 ամիս անսահմանափակ քանակությամբ տրանսպորտից օգտվելը կարժենա 24 հազար դրամ, մեկ ամսվա անսահմանափակ երթերը՝ 9000 դրամ։ 1 օրվա ընթացքում 8 անգամ տրանսպորտից օգտվելու համար պետք է 900 դրամ վճարել, իսկ 90 րոպեի ընթացքում 3 անգամ օգտվելու համար՝ 300 դրամ։ Ավելի քան 560 հազար մարդ հանրային տրանսպորտից զեղչով կամ անվճար կօգտվի։ Քաղաքապետն ասում է՝ շուտով կբացվեն համապատասխան գրասենյակները, որտեղից քաղաքացիները կկարողանան ձեռք բերել արտոնությունների քարտերը։
«Շատ շուտով մենք ունենալու ենք համապատասխան վայրեր, գրասենյակներ, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան մոտենալու, նույնականացվելու և ստանալու իրենց զեղչերը տարբեր քարտերի միջոցներով»։
Նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտով երթևեկելու համար պարտադիր են 100 դրամանոց մետաղադրամները կամ QR կոդով տոմսերը։ Դեկտեմբերի 2-ից ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և տրոլեյբուսներում հնարավոր է վճարել նաև Հայաստանի բանկերի կողմից թողարկված ֆիզիկական բանկային քարտերի միջոցով։ Գործարքները միջնորդավճար չեն ենթադրում։ Վճարման այս հնարավորությունն առաջիկայում նախատեսվում է ներդնել նաև մետրոպոլիտենում։

Ինֆոգրաֆիկան՝ Աննա Հարությունյանի




