ԿարևորՀասարակությունՔաղաքական

Հովիկ Աղազարյանը հրաժարվեց մանդատը վայր դնելուց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել։

«Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»,-  24News-ին տված մեկնաբանությունում տեղեկացրել է նա։

Ըստ նրա՝ իր կյանքի ծանրագույն որոշման համար այլ հիմնավորումներից բացի, «որոնք կարող են և սուբյեկտիվ լինել, և օբյեկտիվ», կա ևս երկու հանգամանք։

Առաջին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ԱԺ լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով։ Լսումների ժամանակ Քննչական կոմիտեի այն ժամանակվա նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ Աղազարյանը միջնորդել է որդու մասնակցությամբ քրեական վարույթի գործով։

Երկրորդ հանգամանքն այն է, որ «քրեական վարույթ  է հարուցված նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա»։

Աղազարյանը նշում է, որ եթե ընդուներ մանդատից հրաժարվելու վարչապետի խնդրանքը, ապա վարույթի ընթացքում եթե պարզվի, որ մեղավոր չէ, ապա հասարակության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իրեն ինչ-որ գործարք է առաջարկվել։

«Եթե պարզվի, որ մեղավոր եմ, կզրկվեմ մանդատից»,- ասել է Աղազարյանը։

Աղազարյանը նաև նշել է, որ խմբակցությունը կարող է քննարկել, և իրեն հեռացնել։ Նաև չի բացառում, որ մանդատը վայր չդնելու իր այս որոշումից հետո Գլխավոր դատախազը կարող է մտնել խորհրդարան ու առաջարկել իրեն զրկել անձեռնմխելիությունից։

Կարդացեք նաև

Back to top button