
Կառավարությունը առաջիկա 7 տարվա համար բարձր տենխոլոգիական ոլորտի ընկերություններին աջակցելու համապարփակ փաթեթ է առաջարկում։ Խորհրդարանական հանձնաժողովում առաջարկի հեղինակները նշել են, որ այս ոլորտը տնտեսության առանցքային ուղղություններից մեկն է, հետևաբար գիտահետազոտական աշխատանքները, նորարարությունը, նոր պրոդուկտների ստեղծումը խթանելու նպատակով է արվում այս առաջարկությունը։ Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ հաստատված է։ Առաջինից երկրորդ ընթերցում քննարկվել ու հիմնականում հաստատվել են նոր առաջարկները։
Բարձր տեխնոլոգիական ոլորտը կառավարության ուշադրության կենտրոնում է։ Աջակցության համապարփակ փաթեթը խորհրդարանում նոր փոփոխություններով կքննարկվի առաջիկա օրերին։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ, առաջին ընթերցման ժամանակ առաջարկվում էր ոլորտի փոքր՝ մինչև 30 աշխատակից ունեցող ընկերություններին եկամտահարկի վերադարձի աջակցություն տրամադրել ամբողջությամբ, իսկ 31 և ավելի աշխատակից ունեցողներին՝ 50 տոկոսի չափով։ Բայց խորհրդարանականների հետ քննարկել են ու որոշել համահարթ մոտեցում ցուցաբերել, ընդ որում ոչ թե 50, այլ 60 տոկոսի չափով․
«Տնտեսվարող սուբյեկտներին առաջարկվում է աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտահարկի գումարի 60%-ի չափով աջակցություն»:
Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ, տնտեսվարողներին առաջարկվում է մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման ու վերապատրաստման դեպքում եռամսյակային կտրվածքով վերադարձնել եկամտահարկի 50 տոկոսը․

«Ուզում եմ հիշեցնել, որ նախագծի նախնական տարբերակում երկու ռեժիմ էր սահմանված: Փոքր համարվող ընկերություններում կրթական տարբեր ծրագրեր իրականցնելիս նախատեսվում էր եկամտահարկի 50 տոկոս վերադարձ, իսկ խոշոր ընկերությունների պարագայում՝ 25%: Այս նախագծով՝ հետայսու մեծ և փոքր ընկերություններ չեն լինի, համահարթ ձևով, 50%-ի չափով գումարի վերադարձ ենք մենք նախատեսում ընկերություններին»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ նախագիծը ուշացած է։ Բացատրում է՝ նախորդ տարիներին ՏՏ ոլորտում էական խնդիրներ են եղել։ Ինն ամսվա վիճակագրական տվյալներն է մեջբերում, միաժամանակ ընդգծելով՝ ոլորտին աջակցություն պետք է․
«Տեղեկատվության ու կապի ոլորտում անկումը 8․5% է, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անկումը՝ 13%: Սրանք լուրջ ցուցանիշներ են։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ոլորտում աջակցության ծրագրերը էապես թերակատարվել են։ Այսինքն՝ փոխանակ գոնե պետական աջակցությունը հասնի նպատակին, այն թերակատարվել է: Հիմա փաստացի ասացինք, որ անհրաժեշտ են աջակցության նոր ծրագրերը, որոնց համար այս նախագծով իրավական հիմքեր են ապահովվում»:
Նախարարն արձագանքում է՝ տեխնոլոգիական ընկերությունների մասով ՊԵԿ-ի տվյալները լավատեսություն են ներշնչում։ Աշխատակիցների մասով աճ չի նկատվում։ Այս կարգավորումները արվում են՝ սա ևս հաշվի առնելով, ասում է Մխիթար Հայրապետյանը։
«Յուրաքանչյուր եռամսյակ ներկայացված հայտերով անհրաժեշտ գումարները պահուստային ֆոնդից տրամադրել ենք հավելյալ գումարները։ 2024-ի բյուջեով այդ ծրագրերը բյուջետավորված չեն եղել»։

ԲՏԱ նախկին նախարար, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ամփոփելով ոլորտի ներկայացուցիչների առաջարկները, ընդգծում է․
«2026 թվականից սկսած աջակցությունը տրամադրել աշխատակիցներին, ոչ թե ընկերությանը։ Սա հիմնավորվում է նրանով, որ մրցակից երկրները, որոնք տաղանդի համար, մրցակցության մեջ են մտել նաև Հայաստանի հետ, առաջարկում են այլ հարկային գոտի, այսինքն՝ նրանց առաջարկը ոչ թե այն է, որ իրենց ընկերությունը ստանա աջակցություն՝ եկամտահարկի վերադարձ, այլ՝ հենց իրենք»։
Նախարար Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ, առնվազն 6 ամիս աշխատել են նախագծի վրա։ Սրանով էլ պայմանավորված՝ շատ մեծ տարաձայնություններ չկան։ Ոլորտի ներկայացուցիչների համար շրջանառոթյան հարկը 2 տոկոսից կդառնա 1 տոկոս։ Ընդհանուր առմամբ, խորհրդարանականները նշում են, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար նոր էջ է բացվում։ Ամեն տարի գործադիրը ծրագրի իրականացման համար 40 մլրդ դրամ կհատկացնի։




