ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին, որը մեղավոր էր ճանաչվել և երկու քրեական գործով սպասում էր դատավճռին։
«Այս պաշտոնում առաջին իսկ օրվանից ասացի, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումներին, և հավատարիմ մնացի իմ խոսքին, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսնում էի, թե ինչպես են իմ որդուն ընտրովի և անարդար կերպով հետապնդում», — ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Դեռ սեպտեմբերին Բայդենը վստահեցնում էր, որ չի պատրաստվում որդուն ներում շնորհելու մասին հրամանագիր տալ։
Հունիսին երդվյալ ատենակալները 54-ամյա Հանթեր Բայդենին մեղավոր են ճանաչել 2018 թվականին զենք ձեռք բերելու ժամանակ թմրամոլ լինելու փաստը թաքցնելու մեջ: Բայդեն կրտսերը դարձել է ԱՄՆ պատմության մեջ գործող նախագահի առաջին որդին, որին մեղադրանք է ներկայացվել հանցագործության համար։
Հետո սեպտեմբերին Հանթեր Բայդենն ինքն իրեն մեղավոր է ճանաչել մեկ այլ գործով՝ հարկերից խուսափելու համար։
Կիրակի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ Ջո Բայդենը պնդում է, որ իր որդու դատավարությունները «աղտոտված են քաղաքականությամբ» և, հետևաբար, ավարտվել են սխալ որոշումներով:
«Երբ հանգստյան օրերին կայացրի այս որոշումը, այլևս հետաձգելու իմաստ չկար: Հուսով եմ, որ ամերիկացիները կհասկանան, թե ինչու են հայրն ու նախագահը հանգել այս որոշմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հանթեր Բայդենը նաև հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ սխալները, որոնք նա թույլ է տվել թմրամոլ եղած ժամանակ, օգտագործվել են քաղաքական նպատակներով՝ Բայդենի ողջ ընտանիքին հրապարակայնորեն նվաստացնելու և վարկաբեկելու համար ։
Հանթեր Բայդենի դատավճիռը նախատեսված էր հրապարակել դեկտեմբերի 12-ին և 16-ին։ Երկրորդ գործով՝ 2016-2019 թվականներին 1,4 մլն դոլարի չափով հարկերից խուսափելու համար նրան սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում։
Ջո Բայդենը ԱՄՆ առաջին նախագահը չէ, որը ներում է շնորհել իր ազգականին։
Բիլ Քլինթոնը 2001 թվականին՝ իր երկրորդ ժամկետի ավարտին, ներում է շնորհել իր խորթ եղբորը՝ դերասան և երաժիշտ Ռոջեր Քլինթոնին, ով դատապարտվել էր 1985 թվականին կոկաին պահելու համար։
Դոնալդ Թրամփը 2020 թվականին ներում է շնորհել իր դստեր՝ Իվանկայի սկեսրայրին՝ Չարլզ Քուշներին, որը դեռ 2005-ին դատապարտվել էր նախընտրական քարոզարշավում ապօրինի նվիրատվությունների և հարկերից խուսափելու համար և երկու տարի պատիժ էր կրել։
Այժմ Թրամփը մտադիր է Ֆրանսիայում դեսպան նշանակել Քուշներին, որը զգալի գումարներ է նվիրաբերել իր նախընտրական արշավին։




