
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը: Վեհափառը հեռաձայնային կապ է հաստատել Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանի հետ, տեղեկացել Սիրիայում վերջին օրերի զարգացումների և իրավիճակի մասին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վահրամ քահանա Մելիքյանը։
Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Սիրիայում տիրող ճգնաժամի և սիրիահայության դիմագրաված մարտահրավերների մասին:
Սիրիայում ապստամբ ուժերի վերահսկողության տակ են հայտնվել Հալեպի որոշ շրջաններ։
Ընդդիմության գրոհայինները «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ (որն արգելված է որպես ահաբեկչական կազմակերպություն Ռուսաստանում) չորեքշաբթի հարձակում են սկսել կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա և ուրբաթ հասել են Հալեպ: Խմբավորման հետ կապված ալիքում տեղադրված տեսանյութում երևում է, որ նրա մարտիկները մեքենաներով շրջում են քաղաքում:
Սիրիական իշխանությունները շաբաթ օրը փակել են Հալեպի օդանավակայանը, ինչպես նաև քաղաք տանող բոլոր ճանապարհները, Reuters-ին հայտնել են երեք ռազմական աղբյուրներ։
Սիրիական բանակը ուրբաթ օրը հայտարարել է, որ կարողացել է վերականգնել վերահսկողությունը դիրքերի վրա, որոնք գրավվել են ապստամբների կողմից Իդլիբի և Հալեպի նահանգների գյուղերում։ Կառավարությունն ասում է, որ իր ուժերն արդեն հասել են Հալեպ և դուրս են մղում ապստամբներին։




