Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառվել։
Տասնյակ հազարավոր ցուցարարներ երեկ ուշ երեկոյան հավաքվել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ բարիկադներ են տեղադրել, կոտրել են խորհրդարանի շենքի պատուհանները և հրավառություն արել՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը ԵՄ-ին միանալու բանակցությունները դադարեցրած կառավարությանը։
Ցույցերն ամենախոշորն էին հակաարևմտյան իշխող կուսակցության վերընտրվելուց հետո։
Խորհրդարանի շենքում հրավառության պատճառով հրդեհ է բռնկվել։ Ցուցարարները խորհրդարանի աստիճաններին այրել են Վրաստանի ամենահարուստ մարդու՝ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկարը։
Վրացական լրատվամիջոցները հաղորդում են նաև ողջ երկրի տարածքում բողոքի ցույցերի մասին: Շաբաթ օրը ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել էր եվրոպամետ ընդդիմությանը հեղափոխություն նախապատրաստելու մեջ։
Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ քաղաքական կուսակցությունները փորձում են «ուժով տապալել իշխանությունը»։ Երկիրը, որը երկար ժամանակ Խորհրդային Միության փլուզումից դուրս եկած ամենաարևմտամետ պետություններից մեկն էր, վերջերս ավելի մոտեցավ Մոսկվայի ուղեծրին, հինգշաբթի օրը ճգնաժամի մեջ ընկավ, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ առաջիկա չորս տարիների համար դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները։
Իշխող կուսակցությունը մեղադրում է ԵՄ-ին Վրաստանին շանտաժի ենթարկելու մեջ։
Մայրաքաղաքում գտնվող խորհրդարանի շենքի մոտ, որտեղ կողք կողքի կախված էին ԵՄ-ի և Վրաստանի դրոշները, ցուցարար Թինա Կուպրեիշվիլին Reuters-ին ասել է, որ ցանկանում է, որ Վրաստանը պահպանի ԵՄ-ին միանալու իր սահմանադրական պարտավորությունը:
«Վրաստանի ժողովուրդը փորձում է պաշտպանել իր սահմանադրությունը, փորձում է պաշտպանել իր երկիրը և պետությունը, և նրանք փորձում են մեր կառավարությանն ասել, որ օրենքի գերակայությունը նշանակում է ամեն ինչ»,- ասել է նա։




