
Շաբաթ երեկոյան Զուրաբիշվիլին հանդես է եկել հեռուստաուղերձով և հայտարարել, որ չի պատրաստվում իր լիազորությունները փոխանցել նոր նախագահին, որը պետք է ընտրվի պատգամավորների կողմից։
Ինչպես ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ Զուրաբիշվիլին չի ճանաչում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը։
«Չկա լեգիտիմ խորհրդարան, և, համապատասխանաբար, ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարողան նոր նախագահ ընտրել։ Այսպիսով, երդմնակալություն չի կարող լինել։ Իսկ իմ մանդատը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի ձեւավորվել օրինական ընտրված խորհրդարան»,- ասել է Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին հաղթել է 2018 թվականի համաժողովրդական նախագահական ընտրություններում, սակայն Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն այս տարվա դեկտեմբերին նոր նախագահին պետք է ընտրի խորհրդարանի անդամներից ու շրջանների ներկայացուցիչներից կազմված ընտրական կոլեգիան։
Թբիլիսիում, BBC-ի թղթակցի փոխանցմամբ, խորհրդարանի շենքի մոտ հերթական հակակառավարական ցույցն է ընթանում։ Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Ռուսթավելի պողոտայում, երթեւեկությունը արգելափակված է։ Ցուցարարները բարիկադներ են տեղադրել խորհրդարանի մոտ։




