
Պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Երևանում շահագործման է հանձնվել բնակելի ևս մեկ թաղամաս։
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նոյեմբերի 30-ին Արաբկիր վարչական շրջանում մասնակցել են «Ճառագայթ» բնակելի թաղամասի բացման արարողությանը։

Կոմիտեի ղեկավարը շնորհավորել է բնակիչներին, այդ թվում՝ այն 345 հանրային ծառայողներին, որոնք բնակարան են ձեռք բերել Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված «Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակում։
Կոմիտեի նախագահը շնորհավորել է նաև «Ճառագայթ» համալիրի կառուցապատումն իրականացրած «ՄԼ Մայնինգ» ընկերության գործընկերներին՝ ծրագիրը կյանքի կոչելու համար։
«Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանը՝ բարելավելով օրենսդրական դաշտը, պարզեցնելով և թվայնացնելով ընթացակարգերը՝ այդպիսով կառուցապատողների համար գործընթացները դարձնելով թափանցիկ և կանխատեսելի։ Դա իր հերթին կբարձրացնի ոլորտի ներդրումային գրավչությունը»,-նշել է Եղիազար Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ բնակարանաշինության ակտիվությունը և կառուցապատման հետաքրքիր առաջարկները կտարածվեն նաև մարզեր։

Ադոնցի N19/8 հասցեում կառուցված «Ճառագայթ» բնակելի թաղամասում հանրային ծառայողներին բնակարաններով և ավտոկայանատեղիներով ապահովման ծրագիրը մեկնարկել էր ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N885-Ն որոշմամբ և իրականացվել 2 փուլով։
Առաջին փուլով 4 մասնաշենքերից հանրային ծառայողներին բաշխվել է 200 բնակարան, երկրորդ փուլով՝ 3 մասնաշենքերից 145 բնակարան, ինչպես նաև 120 ավտոկայանատեղի։ Համալիրը բաղկացած է 619 բնակարանից։
ՀՀ կառավարության կողմից հաստատված և Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող «Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագիրը մեկնարկել է 2014 թվականից։
Այս ընթացքում կառուցապատման ներդրումային 5 ծրագրերի շահառու է դարձել 3322 հանրային ծառայող։ «Ճառագայթ»-ը ծրագրի շրջանակում շահագործման հանձնված բնակելի երկրորդ թաղամասն է՝ «Երազ» թաղամասից հետո։




