
Գիտե՞ք՝ որքան թափոն է առաջանում, ասենք, գարեջրի կամ կաթնամթերքի արտադրության ժամանակ։ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում հետաքրքրված են ոչ այնքան թափոնների քանակով, որքան դրանցից առաջացող կենսազանգվածով՝ խմորասնկերով։ Ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Թռչունյանն ասում է՝ սա սպիտակուցի աղբյուր է, կիրառման լայն հնարավորություն տվող զանգված։
Գիտնականները դա նկարագրել են նաև համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում՝ մեկ քայլով էլ մոտեցնելով հայաստանյան գիտությունը ռեկորդային արդյունքի. ԵՊՀ-ն ընթացիկ տարում «Scopus» գիտական շտեմարանում ընդգրկված ամսագրում ավելի քան 500 հոդված է հրապարակել։
«Մենք ունենք բազմաթիվ տպագրված հոդվածներ, այսինքն՝ մեր ներդրումն էլ կա այդ 500-ից ավելի հոդվածների մեջ։ Կարող եմ մեկ—երկուսի մասին ասել։ Օրինակ՝ տպագրել ենք Q1 ամսագրում․ կոչվում է BBA- Biochimica et Biophysica Acta, շատ բարձր կարգի ամսագիր է, մի քանի հոդված են տպագրում 4 ամիսը մեկ։ Դա վերաբերում է մանրէների կենսաէներգետիկային և կենսաքիմիային։ Մենք ուսումնասիրել ենք՝ տարբեր ածխածնի աղբյուրների օգտագործման կամ յուրացման դեպքում ի՞նչ նյութափոխանակություն է տեղի ունենում և ինչպիսի՞ փոխազդեցություններ կան տարբեր մանրէների թաղանթում գտնվող ֆերմենտների միջև»,- ասում է Կարեն Թռչունյանը։
«Scopus»-ը գիտական հետազոտությունների և գրախոսվող գիտական հրատարակությունների համապարփակ բազա է, համաշխարհային ամենահայտնի և խոշորագույն գիտական շտեմարաններից մեկը։ «Scopus»-ի տվյալների որակը ճանաչվել է առաջատար համալսարանների և հետազոտական կազմակերպությունների կողմից, որոնք օգտագործում են այս շտեմարանը գիտահետազոտական աշխատանքների գնահատման, ինչպես նաև աշխարհի համալսարանների վարկանիշները կազմելու համար: 2024-ին այս բազայում հայ գիտնականների 528 հոդված է տպագրվել։
ԵՊՀ Գիտական գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը «Ռադիոլուր»-ին հայտնում է՝ անցած տարի այդ թիվը 432 էր, այսինքն՝ այս տարվա ցուցանիշը արդեն իսկ 21 %-ով գերազանցում է նախորդ տարվա արդյունքին։

«Իսկ տարին դեռ չի ավարտվել։ Կարելի է ենթադրել, որ թիվը դեռ ավելանալու է, որովհետև տարին ավարտելու կապակցությամբ հրապարակումներն էլ են շատանում և կարծում ենք՝ էդ թիվը դեռ էական կաճի, բայց էս պահին արդեն 500-ը անցել ենք, ինչը ռեկորդային է։ Մենք միշտ 4 հարյուրի կողմերում ենք եղել»։
Հոդվածը գիտական աշխատանքի ամփոփումն է, այն գրվում է թիրախային լսարանի հնարավորինս լայն շրջանակի հասնելու ակնկալիքով։ ԵՊՀ պրոռեկտորն ասում է՝ բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հոդվածների ավելացող թիվը խոսում է Հայաստանում զարգացող գիտական մտքի ավելի հետաքրքիր դառնալու մասին․
«Այդ ամսագրերն էլ ինչ-որ դասակարգում ունեն։ Քառորդների են բաժանվում ու Q1 քառորդ գաղափար կա․ այդ 25 տոկոսը լավագույն ամսագրերն են, էդտեղ էլ էական աճ ունենք։ Այսինքն, ոչ միայն ընդհանուր քանակն է ավելացել, այլ ավելացել է հատկապես լավ ամսագրերում տպագրվող աշխատանքների քանակը»։
Գիտական էլիտայի բարձր համայնքում ներկայացված լինելն ու այդ էլիտայի հետ հարաբերություններ կառուցելը ճանապարհ է հարթում նաև գիտության մեջ առաջին քայլերն անող երիտասարդների համար՝ վստահ է ակադեմիկոս, ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը։ Ասում է՝ տարիներ շարունակ աստիճանական առաջընթացի շնորհիվ այսօր այդ ամսագրերն արդեն կանխակալ վստահություն ունեն հայ գիտնականի նկատմամբ, ոլորտի ներկայացուցիչները՝ գրախոսները, վստահ են, որ Հայաստանից դուրս եկող գիտական բովանդակությունը արաժնահավատ է ու ծանրակշիռ․
«Մենք, որպես հեղինակ, բավական հայտնի ենք ամսագրերի խմբագրական կազմին, այդ ուղղությամբ աշխատող գիտնականներին։ Աշխատում ենք ուղարկել մեր բնագավառում բարձր ազդեցության գործակցող ամսագրերին, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում հրատարակվող գիտական ժուռնալներ են, որոնք հիմնականում Q1 և Q2 դասակարգման ցուցակում են գտնվում։ Իսկ ուղղությունները վերաբերում են քվանտային երևույթների վրա գրավիտացիոն դաշտերի ազդեցությանը, տիեզերագիտական մոդելներին, էդ մոդելներում առաջացող խնդիրների լուծմանը: Վերջերս դիտողական տվյալների ճշգրտումը ցույց է տալիս, որ որոշ պրոբլեմներ են առաջանում մեր պատկերացումներում այսօրվա տիեզերքի կառուցվածքի և ընդարձակման վերաբերյալ։ Մենք էլ էդ հիմնարար հարցերին աշխատում ենք անդրադառնալ»։
ԵՊՀ-ն էլ շարունակելու է աջակցել, որ գիտական արժեքավոր բովանդակությունը է՛լ ավելի մեծ թափով հասնի հեղինակավոր ամսագրերի էջեր ու դառնա համաշխարհային գիտական համայնքի քննարկման առարկա՝ ասում է ԵՊՀ պրոռեկտորը։
«Մենք, օրինակ, սահմանել ենք ներքին դրամաշնորհներ, որոնցով մեր գիտնականներին փորձում ենք ակտիվացնել։ Բացի ներքին դրամաշնորհները, մենք նաև ունենք խրախուսման կարգ, որով կարևորում ենք լավ ամսագրերում տպագրությունները։ Նաև ունենք միջազգային գիտաժողովներին մասնակցության համար տրվող գումարներ, մեր աշխատակիցները դիմում են մեզ գումար ստանալու համար, մենք հատկացնում ենք, իրենք գնում, մասնակցում են, նոր իդեաներ են ստանում, կամ իրենց իդեաները գործընկերներին են ներկայացնում, հասկանում են՝ դա հետաքրքի՞ր է հանրությանը, ճի՞շտ ուղղությամբ են զբաղվում, ի՞նչ տենդենցներ կան ընդհանրապես աշխարհում այդ ուղղության մեջ և այլն»։
Ռաֆայել Բարխուդարյանը վստահեցնում է՝ ԵՊՀ-ն շարունակելու է ֆինանսական և բովանդակային աջակցությունը գիտաշխատողներին ու դասախոսներին՝ միջազգային գիտական համայնքում նրանց ներգրավվածությունը է՛լ ավելի մեծացնելու ակնկալիքով։




