ԿարևորՄիջազգային

Վրաստանը ԵՄ անդամակցության բանակցությունները շանտաժ է բնութագրում՝ Եվրոպայից հնչող քննադատություններից հետո

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովն այսօր մտահոգություն է հայտնել Վրաստանի իրադարձությունների կապակցությամբ, որտեղ «կառավարությունը, հակառակ նախընտրական խոստումներին, դադարեցրել է ԵՄ անդամակցության բանակցությունները»։

Լյուքսեմբուրգում կայացած նիստում ընդունված հայտարարության մեջ շեշտվում է, որ «այս որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ բարեփոխումների իրականացման վրա, որոնք անհրաժեշտ են  Վրաստանում օրենքի գերակայության ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության համար»։

Վեհաժողովը նաեւ դատապարտել է Թբիլիսիում հօգուտ եվրաինտեգրման հանդես եկող խաղաղ ցուցարարների դեմ կոշտ բռնությունները, որոնք խախտում են ազատ կամաարտահայտության եւ հավաքների հիմնական իրավունքները։

Վրաստանին կոչ է արվում եվրոպական արժեքներին հավատարիմ մնալ եւ ամբողջությամբ պահպանել իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ պետություն։

«ԵԽԽՎ-ն պատրաստ է սերտորեն համագործակցել ԵԽ գլխավոր քարտուղարի, Նախարարների կոմիտեի հետ Վրաստանի իշխանությունների, ժողովրդավարական ուժերի, քաղհասարակության եւ, մասնավորապես, երիտասարդության հետ կառուցողական երկխոսության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն տեղի ունեցողը որակում է շանտաժ, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

 «Շանտաժը պետք է ավարտվի բանակցությունները բացելով։ Եթե ցանկանում են բացել բանակցությունները, թող դնեն այն սեղանին, և ես հենց այսօր կստորագրեմ»,- այսօր մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի վարչապետը։

Իրակլի Կոբախիձեի խոսքով, իշխող թիմը կարող էր ասել, որ չորս տարով հրաժարվում են բանակցություններ սկսելուց, սակայն դա չեն ասել։

«Մենք ասացինք, որ առաջիկա չորս տարիների համար այս հարցը հանում ենք օրակարգից։ Այսքան ժամանակ՝ երկու տարի, թեկնածուի կարգավիճակն օգտագործվում էր շանտաժի համար։ Աղետ էր այն, ինչ կատարվում էր մեր երկրի հետ, երբ մեզ ամենաշատն էր պետք երկրում խաղաղություն։ Ուկրաինայի պատերազմի սկզբում, հենց այդ ժամանակ սկսեցին շանտաժի ենթարկել մեր երկրին՝ թեկնածուի կարգավիճակով, ու դա շարունակվեց գրեթե երկու տարի»,- ասել է վարչապետը։

Նա ԵՄ անդամության թեկնածուի բանակցությունները որակել է որպես «արհեստական գործիք, որով փորձում են պառակտել հասարակությունը, բորբոքել բևեռացումը, բորբոքել արմատականությունը»։

Ըստ վարչապետ Իրակլի Կոբախիձեի, սա պետք է ավարտվի։ «Մենք մի բան ենք ասում, մեր կողմից՝ առաջիկա չորս տարիների ընթացքում այս հարցը օրակարգում չի լինելու, որպեսզի ոչ մեկին շանտաժի գործիք չթողնենք»,- շեշտել է նա։

Կարդացեք նաև

Back to top button