ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Իսրայել-Լիբանան հրադադար. նոր հնարավորություննե՞ր, թե՞ անկայուն խաղաղություն

Իսրայելի և Լիբանանի միջև երեկ հաստատված հրադադարը, որը միջազգային հանրությունը դիտարկում է  որպես խաղաղության կարևոր քայլ, տարածաշրջանում կարգավորումների նոր հույս է։ Սակայն արդեն հնչում են նաև զգուշացումներ, թե հրադադարի տևողությունը կախված կլինի կողմերի գործողություններից։

Թեպետ հրադադարը մտել է ուժի մեջ, բայց, Reuters-ի տեղեկություններով, դրանից հետո ևս Բեյրութում պայթյուններ են հնչել, Լիբանանը երեք զոհի մասին է հայտնել։ Հրադադարի նախաձեռնությունն ԱՄՆ-ինն է։ Թել Ավիվն ու Բեյրութը համաձայնել են կործանարար հակամարտությունը դադարեցնելու իրենց առաջարկին՝ հայտարարել է Բայդենը։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 6-ին։ 

Համացանցում կադրեր են, թե ինչպես են Լիբանանի հարավի բնակիչները վերադառնում իրենց տները։ Պատերազմի երկու ամսվա ընթացքում ավելի քան 70 հազար իսրայելցի և 300 հազար լիբանանցի է ստիպված հեռացել իր տնից։  

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդգծել է, որ հրադադարի պայմանները խախտելու ցանկացած փորձ կհանդիպի խիստ պատասխանների։

Նեթանյահու․ «Եթե Հըզբոլլահը խախտի պայմանավորվածությունը և փորձի վերազինվել, մենք կհարձակվենք։ Եթե փորձի վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքները սահմանի մոտ, մենք կհարձակվենք։ Հրադադարը չի նշանակում, որ մենք չենք հարձակվի ու չենք վերսկսի պատերազմը»։

Այս պահին հրադադար հաստատելու Իսրայելի համաձայնության առաջին պատճառն իրանական սպառնալիքի վրա կենտրոնացումն է՝ առանց մանրամասնելու հավելել է Նեթանյահուն։ Ասել է նաև, որ երկրորդ պատճառն էլ զորքերի ու ռազմամթերքի պաշարների համալրումն է։ Նեթանյահուն խոստովանել է, որ եղել են ռազմամթերքի զգալի ուշացումներ և վստահեցրել, որ այդ հարցը շուտով կկարգավորվի։

Ինչպես հայտնում է Reuters-ը, հրադադարի համաձայնագրով նախատեսվում է Իսրայելի զորքերը դուրս բերել Լիբանանի հարավից 60 օրվա ընթացքում և այդ տարածքում լիբանանյան բանակի 5,000 զինծառայող տեղակայել։ Լիբանանը պարտավորվում է դադարեցնել իր զինված ներկայությունը Լիտանի գետից հարավ ընկած տարածքներում՝ չեզոք գոտի ստեղծելով։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է հրադադարի հաստատումը՝ նշելով, որ դա նպաստելու է ոչ միայն Իսրայելի և Լիբանանի միջև լարվածության նվազեցմանը, այլև Գազայի հատվածում մարտերի դադարեցմանը։

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել խաղաղության հաստատման գործընթացին՝ ընդգծելով, որ «Հեզբոլլահին այլևս չի թույլատրվի սպառնալ Իսրայելի անվտանգությանը»։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում թե՛ Լիբանանի հարավային շրջանների, թե՛ Իսրայելի բնակավայրերից տեղահանված բնակիչները կկարողանան ապահով վերադառնալ իրենց տներ։

Բայդեն․ «Եթե Հեզբոլլահը կամ որևէ մեկը խախտի գործարքը և ուղղակի սպառնալիք ներկայացնի Իսրայելի համար, ապա Իսրայելը պահպանում է ինքնապաշտպանության իրավունքը, որը համապատասխանում է միջազգային իրավունքին, ինչպես ցանկացած երկիր, երբ դիմակայում  է ահաբեկչական խմբավորմանը, որը խոստացել է ոչնչացնել այդ երկիրը»։

Լիբանանի «Հըզբոլլահ» շարժմանն աջակցող Իրանը նույնպես ողջունել է Թել Ավիվի և Բեյրութի միջև հրադադարի համաձայնությունը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղարինն է այդ մասին հայտարարել՝ հայտնելով Իրանի վճռական աջակցությունը Լիբանանի կառավարությանն ու ժողովրդին և դիմադրության ուժերին։

«Միջազգային հանրությունը պատասխանատու է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու և Գազայում պատերազմը դադարեցնելու համար Իսրայելի ագրեսիվ ռեժիմի վրա ճնշում գործադրելու հարցում»,- շեշտել է նա։   

Հրադադարի մասին լուրերին հետևեցին նաև արձագանքներ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից։ Times of Israel-ի հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ը հայտնել է իր պատրաստակամությունը Գազայում հրադադարի մասին համաձայնագիր կնքելու և գերիների փոխանակման գործարք նախաձեռնելու վերաբերյալ։ Սակայն խմբավորումը մեղադրել է Իսրայելին համաձայնագրի կնքման գործընթացը խոչընդոտելու մեջ։

Միջազգային փորձագետների գնահատմամբ՝ այս համաձայնագիրը կարող է դրական արդյունք ունենալ տարածաշրջանային կայունության համար, եթե այն ամբողջությամբ պահպանվի։ ԱՄՆ-ում նույնպես նման հույսեր ունեն։ Պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ այս փխրուն խաղաղությունը կարող է ամրանալ.

Բլինքեն․ «Սա մեծ ճանապարհի սկիզբ է։ Հավատում եմ, որ տարածաշրջանում լարվածության թուլացումը կարող է օգնել մեզ դադարեցնել հակամարտությունը Գազայում։ Համասը կիմանա, որ չի կարող հույս դնել պատերազմում այլ ճակատներ բացելու վրա»։  

Սակայն փորձագետները միաժամանակ նկատում են, որ Իսրայելի գործողությունները հստակ ուղերձ են Իրանի և նրա դաշնակիցների համար, ինչի մասին իր խոսքում հստակ շեշտել է նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ Վերլուծաբանները կարծում են, որ «հակամարտության երկարատև լուծում հնարավոր կլինի միայն հիմնախնդիրների ամբողջական կարգավորումից հետո»։

Այս հրադադարը չի կարող երկարաժամկետ խաղաղության հիմք լինել մի շարք պատճառներով՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ-իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը՝ պարզավանելով. «Այս պայմանագիրը չի ներառում Հըզբոլլահի զինաթափումը, հետևաբար՝ Հըզբոլլահը կշարունակի ամրապնդել իր դիրքերը, եթե նույնիսկ ոչ հարավում, բայց Լիբանանի այլ մարզերում։ Սա առաջինը։ Երկրորդը՝ այս պայմանագրում շատ մեծ պատասխանատվություն է դրած Լիբանանի պետական ​​կառույցների վրա, որոնք պիտի վերահսկեն  և՛ Հեզբոլահի վերականգնման պոտենցիալ  գործընթացը, և՛ զենքի մատակարարումը։ Բայց, հաշվի առնելով պաշտոնական Լիբանանի բանակի ունակությունը, դժվարանում եմ ասել, որ իրենք այդ գործում կհաջողեն։ Եվ երրորդը՝ այս պայմանագիրը Իսրայելը կնքել է վերապահումով, որ իր ձեռքերը ազատ կլինեն Լիբանանի հարավում։ Եթե ​​Իսրայելը նկատի որևէ սպառնալիք իր անվտանգությանը Հեզբոլահի կողմից հարավում, ապա Իսրայելի ձեռքերը ազատ են դիմելու նոր ակտիվ քայլերի»։

REUTERS

Հետևաբար, փորձագետի խոսքով, առնվազն նշված երեք կետերը թույլ են տալիս եզրակացնել, որ սա ժամանակավոր խաղաղության պայմանագիր է, որտեղ չկան այն ​​հիմքերը, որոնք անհրաժեշտ են երկարաժամկետ խաղաղության համար։

Այսպիսով, ըստ փորձագետների, Իսրայել-Լիբանան հրադադարը տարածաշրջանային քաղաքականության համար մի նոր փորձություն է։ Թեև համաձայնագրի դրույթները հույս են ներշնչում, սակայն կողմերի միջև խորացած անվստահությունը շարունակում է մնալ հիմնական մարտահրավեր։ Միջազգային միջնորդները կանգնած են բարդ խնդրի առջև՝ հետևելու, որ հրադադարի պայմանները պահվեն և վերածվեն երկարատև խաղաղության։

Կարդացեք նաև

Back to top button