ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Գյումրիում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կնշանակվի նախնական  ընտրությամբ․ թեկնածուների անուններն ու ընտրության կարգը դեռ հայտնի չեն

Ալեքսան Սարգսյան
«Ռադիոլուր»

Շուրջ մեկ ու կես ամիս է՝ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը չի հանգուցալուծվում: Քաղաքը կառավարող  ուժի՝ ավագանու «Բալասանյան  դաշինք» խմբակցության մանդատները վայր դենելուց հետո մինչ օրս հանրապետության  երկրորդ  քաղաքը ղեկավար ու տեղակալներ չունի: Նոյեմբերի 8-ին արտահերթ նիստ հրավիրելու և  համայնքի ղեկավարի պաշտոնակատար ընտրելու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությունը, քվորում չլինելու պատճառով, տապալվեց, իսկ ըստ գործող ՏԻՄ օրենքի, կառավարությունը համայնքի  ղեկավար նշանակելու լիազորություն չունի: Երեկ վարչապետը հայտարարեց դեկտեմբերին Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու մասին: Եռօրյա քվեարկությունից  հետո միայն, գյումրեցիների առավելագույն քվեն ստացած թեկնածուն կնշանակվի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, որից հետո հնարավոր կլինի անցկացնել ավագանու արտահերթ ընտրություններ:

Դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում կանցկացվեն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախնական ընտրություններ, երեկ երեկոյան հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից բացի, որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներ կարող են առաջադրվել նաև կուսակցության համախոհներն ու համակիրները: Թե ինչպե՞ս , ին՞չ ընթացակարգով են անցկացվելու նախնական ընտրությունները, դեռ հստակեցված չէ, հայտնի չեն նաև ՔՊ-ի թեկնածուների անունները: «Ռադիոլուրի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՔՊ կուսակցության Շիրակի մարզային տարածքային կազմակերպության նախագահ հայտնեց Կարեն Սարուխանյանը:

«Մենք որևէ բան չգիտենք, այսինքն, թեկնածուների առաջադրումը, էտ ամեն ինչը մեր տիրույթում չի, վարչության տիրույթում է՝ կուսակցության: Մենք տեղեկացված չենք, էտ ամեն ինչը դեռ, իմ իմանալով, քննարկվում է։ Այսինքն, այդ մեխանիզմները դեռ մշակման փուլում են, հստակություն չկա, վարչապետն ընդհանուր կոնցեպտը ասաց, թե ինչ ենք անելու»։

Ըստ նոր ընթացակարգի, հենց գյումրեցին է ընտրելու, թե ու՞մ է վստահում, թեկուզ ժամանակավոր, համայնքի ղեկավարի աթոռը:

Մինչ այս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարել էր, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվելու դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու է Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի թեկնածությունը, իսկ նախնական ընտրություններում նրա անունը կլինի թեկնածուների ցուցակում, թե ոչ, առայժմ հայտնի չէ:

«Ես այս պահին  դեռ հստակ որոշում չունեմ փրայմերիզին մասնակցելու, բայց հավանական է, որ կմասնակցեմ»:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախնական ընտրություններում ինքնառաջադրվելու մասին է հայտարարել Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, որը թեկնածուների ընտրության այս ձևաչափը համարում է ժողովրդավարության ընդունված մոտեցում:

«Կուսակցությունը, իր չափորոշիչների համաձայն, ցուցակ կկազմի թեկնածուների, և հարցման կամ նախնական ընտրությունների տարբերակով գյումրեցիներին հնարավորություն կտրվի որոշելու, թե ով է լինելու ժամանակավոր պաշտոնակատարը: Ես պատրաստվում եմ առաջադրվել այդ ձևաչափում, խնդրել, ակնկալել գյումրեցիների քվեն, որպեսզի նաև ես հնարավորություն ունենամ, ընտրության արդյունքում պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել իմ վրա»։

Թե ին՞չ չափորոշիչներ են կիառվելու և եր՞բ կհստակեցվեն թեկնածուների  անունները, դեռ հայտնի չէ: Ավագանու արտահերթ ընտրություններ նշանակվելու դեպքում արդեն շրջանառվում են մի քանի կուսակցությունների և անհատների անուններ, որոնք ցանկանում են տեղ զբաղեցնել նոր ձևավորվելիք ավագանու կազմում: Ամենաքննարկվողներից է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի թեկնածությունը:

«Եթե անհրաժեշտությունը տեսնենք, որ մեր քաղաքը չի կառավարվելու որակյալ և պրոֆեսիոնալ, մանավանդ, որ երեք տարի տարբեր խարդավանքների, միավորումների, բաժանումների, սիրավեպերի արդյունքում քաղաքը էապես տուժել է, և եթե տեսնենք, որ չկա էն վստահությունը, որ կառավարման առաջադրված անձինք կկարողանան կառավարել որակյալ, էտ դեպքում, ինչու չէ, կմտածենք  պատասխանատվությունը ստանձնել»:

Նաև հանրային պահանջ լինելու դեպքում Կարեն Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը, իսկ թե ո՞ր կուսակցության  հետ կգնա ընտրապայքարի, դեռևս քննարկման փուլում է: Կարեն Պետրոսյանը  ռիսկային ու վտանգավոր է համարում պաշտոնակատարի նախնական ընտրությունը:

«Գնալ փրայմերիզի, չունենալով փրայմերիզի մշակույթ մեր երկրում, շատ վտանգավոր, ռիսկային և անորոշ քայլ է, ըստ իս, բայց իրենք քաղաքական թիմ են, իրենք ունեն իրենց քաղաքական կուսակցության կառավարման համակարգը, մարմինները, օրինակ՝ վարչությունը, կարծեմ թե վարչապետը ակնարկեց նաև վարչության որոշման մասին, էտ էլ չեն որոշում, թե ինչ ձևաչափով: Հիմա հասանելիությունը պետք է գյումրեցին հասկանա, ես չգիտեմ, գյումրեցին հասկացե՞լ է, թե՞ չէ»:

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը կարծում է, որ շատերը սխալ են հասկացել նախնական ընտրության գնալու որոշումը․

«Շատ մարդիկ են սխալ հասկացել մեզ և զանգում են, և տեսնում են, հարցնում են, թե ինչ ընտրությունների մասին է խոսքը։ Երբ մարդկանց բացատրում ես՝ ինչի մասին է խոսքը, հասկանում են: Ըստ էության, իրենց ներքին գործն է՝ ինչ ձևաչափով, եթե օրենքին չի հակասում, թող իրենք իրենց թեկնածուին ընտրեն, բայց էնպես չի, որ գյումրեցիները նստած սպասում էին, թե փրայմերիզ կոչվածը երբ էին անելու Գյումրիում, որ հասկանան՝ ով է լինելու իրենց թեկնածուն:

Կարեն Մալխասյանը հայտնեց նաև, որ իրենց խմբակցությունը ևս արտահերթ ընտրությունների մասնակցության որոշում է կայացրել․

«Մենք ունեցել ենք նախնական քննարկում։ Կուսակցության դիրքորոշումը հետևյալն է, որ  մասնակցելու է արտահերթ ընտրություններին: Նույն նախնական քննարկման արդյունքում կա որոշում, որ թեկնածուն, տարածքային ներկայացուցիչը ես եմ, խմբակցության ղեկավարը ես եմ, իմ թեկածությունն է քննարկվել»:

Ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին է հայտարարել նաև «Գործարար» կուսակցությունը: Ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանը: Իսկ ԲՀԿ կուսակցության մասնակցության մասին տարածված խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում: Կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ կուսակցության քաղաքական խորհրդում այս հարցի շուրջ քննարկում չի եղել:

«Պետք է ասեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը  Գյումրու ընտրությունների հետ կապված քննարկում չի ունեցել: Երբ որ քաղաքական խորհուրդը կքննարկի այս հարցը, բնականաբար, մենք մեր դիրքորոշման մասին հրապարակային կհայտարարենք»։

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Շրջանառվում են նաև այլ անուններ ու կուսակցություններ, որոնք դեռևս պաշտոնական հայտարարություններով հանդես չեն եկել:

Կարդացեք նաև

Back to top button