
Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը կդառնա մշտական, այլ ոչ թե կսահմանափակվի 60-օրյա անցումային շրջանով, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ հատուկ բանագնաց, նախագահ Ջո Բայդենի էմիսար Ամոս Հոքսթինը։
«Այս հրադադարի պայմանավորվածությունները մշտական են, դա 60 օրվա համար չէ: Սա մշտական հրադադար է, որը սկսվում է Բեյրութի ժամանակով առավոտյան ժամը 4-ին»,- ասել է հատուկ բանագնացը:
Նրա խոսքով, իսրայելական զինվորականները, որոնք գտնվում են լիբանանյան հողի վրա սահմանից երկու-երեք կիլոմետր հեռավորության վրա, առայժմ կմնան տեղում, և «երբ լիբանանյան բանակը վերադասավորվի հարավում, իսրայելական զորքերը կհեռանան»։ «Իսրայելական զորքի մի մասը կհեռանա առաջիկա մի քանի օրվա կամ առաջին երկու շաբաթվա ընթացքում, և աստիճանաբար, 60 օրվա ընթացքում, զորքն ամբողջությամբ կհեռանա», — ասել է Հոքսթինը:
Ավելի վաղ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը պաշտոնապես հաստատել էր Լիբանանում հրադադարի ծրագիրը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահի» միջև կնքված համաձայնագրերը նախատեսում են 60 օրվա ընթացքում ապահովել լիբանանյան ուժերի վերահսկողության վերականգնումը սեփական տարածքում, որից հետո իսրայելական բանակը աստիճանաբար դուրս կգա տարածքից, և երկու կողմերի խաղաղ բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց համայնքները:
Իրանը, որը աջակցում է Հեզբոլլահին, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը, ինչպես նաև Հութի ապստամբներին, որոնք Եմենից հարձակվել են Իսրայելի վրա, հայտարարել է, որ ողջունում է հրադադարը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական մեդիա X հարթակում ասել է, որ գործարքը «ամիսներ շարունակ Իսրայելի և Լիբանանի իշխանությունների հետ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկված ջանքերի գագաթնակետն էր»:




