ԿարևորՀասարակություն

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ․ Փաշինյան

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ, ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով կից տեսանյութ։

«Մասնագետներն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության, և այդ միջամտությունը կայանալու է հետևյալում՝ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ»,-տեսանյութում ասել է վարչապետը՝ նշելով, որ այդ նպատակով առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ կամ ընտրություն, որն ընդունված է միջազգայնորեն անվանել փրայմըրիզ։

«Ո՞րն է իմաստը․ մենք կխնդրենք ՔՊ անդամների, համակիրների, համախոհների շրջանակից, որ առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, նրանց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, որից հետո Գյումրիի բնակիչների շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկբունքով, կիրականացնենք քվեարկություն, դրանց արդյունքով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում։ Նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-9-10-ին»,- ասել է վարչապետը։

Գրեթե մեկ ամիս է Գյումրին առանց իշխանության է, չունի քաղաքապետ ու տեղակալներ: Շուրջ  10 տարի հանրապետության երկրորդ քաղաքը ղեկավարող «Բալասանյան դաշինքի» ավագանու 14 անդամները մանդատները պաշտոնապես վայր են դրել՝ հոկտեմբերի 28-ին թիվ 31  ընտրատարածքային հանձնաժողով ներկայացնելով հրաժարականների արձանագրությունը: «Բալասանյան դաշինքը» որևէ պազաբանում չի տվել, հայտարարություն չի արել։

Կարդացեք նաև

Back to top button