ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գրչով, ինչպես կացնով․ վարչապետը խոստանում է ծառայողական ավտոպարկը կրճատել, ֆինանսների նախարարը՝ նորերը ձեռք չբերել

Մինչ ընդդիմադիրներն իշխանությանը պետական ավտոպարկի մեծ ծախսերի ու ճոխ գնումների մեղադրանքներ են ուղղում, վարչապետը խոսում է ձեռքն առած գրչի ու դրանով ծառայողական մեքենաների ցանկերի կրճատման մասին։ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր ծառայողական մեքենաների թվի 70-90 տոկոսով կրճատման մասին։ Իր հերթին Ֆինանսների նախարարը «Ռադիոլուրին» նախորդիվ ասել էր՝ պետական ավտոպարկի մոտ 70%-ը թարմացման կարիք ունի, իսկ նոր մեքենաների ձեռքբերում եկող տարվա բյուջեով չի նախատեսվում։  

Համբերության բաժակը լցվել է։ Ծառայողական մեքենաների թիվը վարչապետ Փաշինյանն առայժմ գրչով է կրճատում՝ խոստանալով, սակայն, կացնային լուծում, քանի որ մինչ այժմ համակարգային լուծում չի տրվել խնդրին։ Իսկ խնդիրն այն է, որ ծառայողական մեքենաները պաշտոնյաների անձնական հարցերով են շահագործվում։ Վարչապետը չի բացառում, որ ավտոպարկի 70-90 տոկոս կրճատումը կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջացնի, բայց  համակարգային լուծումը կտրուկ քայլեր է պահանջում՝ ասում է։  

«Քանի որ այս ժամանակը և հանձնարարականը պատշաճ չեն օգտագործվել այդ խնդրին համակարգված և խորքային լուծում տալու, հիմա ես ամենայն հավանականությամբ այդ խնդիրը լուծելու եմ համակարգված ձևով։ Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ  և ուղղակի այսպես գրիչով խազ եմ քաշում այդ մեքենաների վրա։ Մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին»։

Ծառայողական մեքենաների կրճատմանը զուգահեռ վարչապետը չի բացառում  որոշ կառույցներում ավտոպարկի, հակառակը, մեծացումը։

«Օպերատիվ աշխատանքի համար ակնհայտ է, որ շատ մեծ թվով մեքենաներ կան: Այդ մեքենաների թիվն, ի վերջո, չի կրճատվի։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելանա այլ մեքենաների հաշվին»։

Ավտոպարկի կրճատումը շարունակական է լինելու՝ հավաստիացնում է վարչապետը։  Իր հերթին «Ռադիոլուրի» հետ զրույցում Ֆինանսների նախարարը հայտարարում է՝ հաջորդ տարվա բյուջեով ծառայողական մեքենաների ձեռքբերում չի նախատեսվում։ Բայց Վահե Հովհաննիսյանը հարցն նաև այլ կողմից է դիտարկում։

«Մյուս տարի որևէ մեքենա չի գնվելու, չի թարմացվելու, թեև կարծում եմ, որ մեր պետական ավտոպարկի մոտավորապես 70%-ը թարմացման կարիք ունի: Եթե դուք համեմատեք, թե, օրինակ, այլ երկրներում մեզ հետ համադրելի նախարարները և փոխնախարարները ինչպիսի մեքենաներով են երթևեկում, ապա այդ համադրությունը երևի ի օգուտ մեզ չի լինի, հատկապես որ  Հայաստանում փոխնախարարները ընդհանրապես մեքենա չունեն»։

Ավտոպարկը կրճատելու  հայտարարություններից առաջ կառավարությունը  չզեկուցվող նախագծով դեռ այս հունիսին շուրջ 1.4 մլրդ դրամ է հատկացրել պետգույքի կառավարման կոմիտեին՝ ձեռք բերելու 49 մեքենա, գերակշիռ մասը՝ էլեկտրամոբիլներ։ Կառավարության նախագծում ներկայացվածի համաձայն՝ մեքենաներից մեկը ներկայացուցչական ամենագնաց է, 6-ը՝ էլեկտրական սպասարկող ամենագնաց, 39-ը՝ էլեկտրական ծառայողական ամենագնաց, 3-ը՝ ներկայացուցչական սեդան։ Որ ծառայողական պարկը համալրելու դեպքում նախապատվությունը պետք է այսուհետ էլեկտրամոբիլներին տրվի՝ ֆինանսների նախարարն էր փոխանցել «Ռադիոլուրին»՝ ընդգծելով՝ վարչապետի հանձնարարականն է։

Իրականում ծառայողական մեքենաների ձեռքբերումը  սովորական տեխնիկական հարց է, ինչպես, օրինակ, ծառայողական տարածքների վերանորոգումը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է կառավարման մասնագետ Սերոբ Անտինյանը և շտապում շեշտել՝ ցանկացած ծախս պետք է ունենա հիմնավորումը։ Եթե  ծախսն արդարացված է, արդարացված է նաև քանակը։ Փորձագետը, սակայն, հարց է բարձրացնում՝ կա՞ հաշվարկ, թե ավտոպարկի ներկայիս թվաքանակը համապատասխանո՞ւմ է պետական կարիքներին,  թե՞ ավելին է:

«Բարձրաստիճան պետական պաշտոնյան կայացնում է պետական նշանակության որոշումներ, և նրա աշխատանքի համար ստեղծված աշխատանքային պայմանները նույնպես պետք է լինեն արդարացված: Հիմա ինչո՞ւ է այս խնդիրը հանրային նման արձագանք ստանում: Գոյություն ունի պետական համակարգի հանդեպ հանրային մեծ անվստահություն։ Դրա համար ցանկացած նման երևույթ արժանանում է բավականին մեծ հանրային արձագանքի և քննարկումների: Ես կոչ կանեի շոու չսարքել սրանից, ես կուզենայի, որ մեր հանրությունն իր ուշադրությունը կենտրոնացներ պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության վրա: Եթե դա արդյունավետ չէ, պետք է գտնել պատճառները: Եթե այդ պատճառները թաքնված են պետական ուռճացված ծախսերի մեջ, ես կարծում եմ, պետք է, այո՛, այդ ծախսերը կրճատվեն»:

Պաշտոնատար անձանց համար թանկարժեք մեքենաներ գնելու թեման միշտ է հանրային քննարկման ու քննադատության սուր թեմա։ Հենց դրա բերումով էր Փաշինյանը տարիներ առաջ գործածության մեջ դրել «պադավատապետություն» խոսույթը։ Նույն ձևակերպման բերումով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը որոշ ժամանակ առաջ թվեր էր ներկայացրել՝ կոնկրետ Ազգային ժողովի ավտոպարկը 2018-ից սկսած 46 տոկոսով կրճատվել է:

«Միայն Ազգային ժողովի պարկը 2018 թվականից գրեթե կրկնակի կրճատվել է։ Ունեցել ենք 81 մեքենա, հիմա ունենք 42։ Կառավարության մեքենաները նույնպես կրճատվել են»։

Մինչդեռ ֆինանսների նախարարության տվյալներով՝ առհասարակ ծառայողական մեքենաների քանակը 2018թ-ից սկսած մեկ աճել է, մեկ՝ նվազել։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2017-ին  ծառայողական մեքենաների թիվը 915 էր, 2018-ին՝ 902: 2019-ին ծառայողական մեքենաների թիվը կրկնակի ավելացել է՝ հասնելով 1 082-ի, 2020-ին՝ կրճատվել 158-ով:  2021-2022-ին ավելացումը փոքր է եղել՝ 1-2 տասնյակով:

2024-ի տվյալներով Հայաստանի պետական պաշտոնյաներին սպասարկում է 902 ծառայողական մեքենա․ այս տարի դրանք պակասել են 37-ով։

Ամփոփելով՝ 2017 -2024-ին, չնայած վայրիվերումներին, ծառայողական մեքենաների թիվը գրեթե նույնն է մնացել՝ պակասելով ընդամենը 13–ով, բայց ընթացքում նաև թարմացվելով։ Եկող տարի ծառայողական մեքենաների ձեռքբերում չի սպասվում․ բյուջեն թույլ չի տալիս։

Կարդացեք նաև

Back to top button