
Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան։ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի հետ հանդիպումներից բացի օրակարգում այլ աշխատանքներ էլ են նախատեսված։ Անջեյ Դուդային, օրինակ, հետաքրքրել է Հայկական ֆինանսական բորսան։ Լեհաստանի նախագահը Հայաստանում երկար խոսել է երկկողմ համագործակցությունը խորացնելու մասին, գործընկերների հետ շոշափել լայն քաղաքական հարցեր, որոնք առնչվում են տարածաշրջանի խաղաղությանն ու Հայաստան–ԵՄ հարաբերություններին։ Վերջին անգամ հայ-լեհական շփումներն այս սեպտեմբերին էին՝ Նյու Յորքում։ ՄԱԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան առանձնազրույց էին ունեցել։
2025–ին ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստան կատարած իր պաշտոնական այցը կավարտի Երասխում։ Նոյեմբերի 27-ին կմիանա Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը՝ Հայաստան–Ադրբեջան սահմանի այդ հատվածում դիտորդների հետ համատեղ պարեկության նպատակով։
Լեհաստանի նախագահի պաշտոնական այցի միայն այս հատվածն արդեն դիվանագիտական քննարկումների հիմք է դառնում։ Օրինակ՝ որ դրանով շեշտադրվում է ԵՄ դիրքորոշումը առաքելության հետագա աշխատանքի հարցում, ընդգծվում է սահմանի տվյալ հատվածի նկատմամբ ԵՄ ուշադրությունը, նաև ի ցույց է դնում Լեհաստանի պատրաստակամությունը, որպես ԵՄ ղեկավար երկիր, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավվածության ավելացման առումով։ Այս միտքն, ի դեպ, Անջեյ Դուդան ընդգծել է Երևանում՝ Հայաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսին՝ հավելելով, որ թեմային անդրադարձել է նաև Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ COP29 կլիմայի հարցերով վեհաժողովի ընթացքում:
«Նախևառաջ ուզում եմ հիշատակել, որ ցանկանում ենք՝ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ Կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը կայուն և հստակ նշված սահմաններում. այդ խաղաղությունը նաև շատ կարևոր է եվրոպական տարածաշրջանի համար: Իրավիճակի կայունությունը շատ կարևոր է, և եթե մեր օգնության կարիքը կլինի, մենք պատրաստ ենք ցուցաբերել»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններն ու հարավկովկասյան և եվրոպական տարածաշրջաններում զարգացումները Հայաստանի և Լեհաստանի նախագահների քննարկումների օրակարգում են եղել։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարում է․
«ՀՀ-ն հաստատակամ դիրքորոշում ունի՝ հասնելու կայուն խաղաղության, առկա խնդիրները հարևանների հետ կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու: Այս համատեքստում իմ գործընկերոջը ներկայացրի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որում պատշաճ կերպով ներկայացված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու Հայաստանի տեսլականը»։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հայկական կողմը քննարկել է նոր հնարավոր զարգացումները ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև՝ ԵՄ հետ, երբ 2025–ին Լեհաստանը ստանձնի այդ կառույցի խորհրդի նախագահությունը։
Եվրամիության հետ գործակցության առումով Հայաստանն առանձնակի կարևորում է 2024 թվականը։ Այս տարի սկսվել է կոնկրետ երկու ծրագրի շուրջ համատեղ աշխատանքը: Խոսքը «Խաղաղության գործիք»-ի և մուտքի ազատականացման ծրագրերի մասին է։ Բայց սա ողջ ակնկալիքը չէ, ըստ Վահագն Խաչատուրյանի, որ Հայաստանն ունի ԵՄ–ից․
«Նաև ցանկություն կա, և քննարկվում է այդ հարցը՝ Եվրամիության հետ քննարկել անվտանգային հարցեր: Այս հարցերի շրջանակում ենք մենք տեսնում Եվրամիության 2025 թվականի աշխատանքները, այդ թվում՝ հենց Լեհաստանի նախագահության, առաքելության ժամանակաշրջանում, և վստահ եմ, որ այդ համատեղ աշխատանքը կհաջողվի, որովհետև մենք Եվրամիության հետ աշխատանքներում միշտ զգացել ենք Լեհաստանի աջակցությունը տարբեր նախաձեռնություններում: Սա պայմանավորվում է նաև նրանով, որ իրականում լեհական կողմն ավելի տեղեկացված է և ավելի լավ պատկերացում ունի հայաստանյան իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ մենք երկար տարիներ եղել ենք սոցիալիստական այդ համակարգի մաս»։
Անջեյ Դուդան վստահեցրել է, որ Հայաստանը կարող է հույս դնել Լեհաստանի վրա միշտ և նախևառաջ իրենց նախագահության շրջանում։ ԵՄ հետ հարաբերությունների հաստատումը նա անվանում է «նորացման ընթացակարգ»։ Ասում է՝ ցանկանում են վերականգնել արևելյան գործընկերության ձևաչափը, բայց փոքր-ինչ փոփոխված:
«Դա ապագայի հարց է, բայց մենք ուզում ենք այդ քննարկումները սկսել և ուզում ենք մասնակցել այդ գործընթացին։ Մենք ընկերներ ենք, Հայաստանի բարեկամն ենք, շատ դրական վերաբերմունք ունենք հայ ժողովրդի, հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Հայերը շատ մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի մեջ և քաղաքակրթության ոլորտում, և մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսզի Հայաստանին մոտեցնենք և ներգրավենք եվրոպական ընտանիք: Եթե հայկական կողմը հետաքրքրություն ցուցաբերի, պատրաստ ենք օգնել Հայաստանին, և ես այս վայրից հայտարարում եմ որպես Լեհաստանի նախագահ, որ ցանկացած խնդրանքի դեպքում պատրաստ ենք աջակցել Հայաստանին»:
Լեհաստանի նախագահից Հայաստանի նախագահը պաշտոնական այցի հրավեր ստացավ։ Դուդան Խաչատուրյանին առաջարկեց Լեհաստան այցի շրջանակում կազմակերպել տնտեսական ֆորում, ինչը հնարավորոթյուն կտա նաև տնտեսական կապեր հաստատել։




