
Հայաստանում աստիճանաբար անցում կկատարվի աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային եղանակի։ Համակարգը նախատեսվում է ներդնել երկու փուլով՝ կամավոր և պարտադիր: Կամավորը կներդրվի 2025 թվականի հուլիսի 1-ից և կտևի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը. դրանից հետո այն բոլորի համար կլինի պարտադիր։ Օրենսդրական նախաձեռնությունը առաջին ընթերցմամբ հաստատվել է։ Մինչև երկրորդ ընթերցումն այն մեկ անգամ ևս քննարկվել է խորհրդարանական հանձնաժողովներում։
Նախ՝ կամավոր, հետո՝ պարտադիր․աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման հարթակ ստեղծել։ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն առաջին ընթերցմամբ հաստատված են։ Էլեկտրոնային անցումը նախ՝ կամավոր, ապա՝ պարտադիր կլինի, տեղեկացնում է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը․
«2025 թվականի հուլիսի 1-ից կամավոր բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թվային համակարգի միջոցով և այլևս չեն լինելու աշխատանքային պայմանների թղթային տարբերակով։ 2026 թվականից հունվարի 1-ից դա դառնալու է պարտադիր բոլորի համար, որպեսզի տիրույթում աշխատանքային պայմանագրերը կնքվեն։ Իսկ 2027 թվականի մինչև հունվարի մեկը ներդրվելու են նաև այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչ այդ և թղթային տարբերակով են։ Դրանք ևս պետք է թվայնացվեն գործատուների և աշխատողների կողմից»։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները արձանագրում են՝ գործատուն միշտ չէ, որ պահպանում է աշխատանքային պայմանագրի կնքման գործընթացը. օրինակ՝ չեն նշվում աշխատաժամանակի տևողությունը կամ վարձատրության չափը, հանգստի իրավունքի հետ կապված հարցերը և այլն։ Դեպքեր կան, երբ տարբեր պատճառներով գործատուն աշխատողին չի տրամադրում աշխատանքային պայմանագրի երկրորդ օրինակը: Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնելու, բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները: Աշխատանքային իրավահարաբերություններում առկա խնդիրներն է թվարկում Ռուբեն Սարգսյանը․
«Հիմնական խնդիրները, որոնք ծագում էին, պայմանագրի երկրորդ օրինակ չտրամադրելն էր, կամ պայմանագրի բովանդակությունն է։ Կային դեպքեր, որոնք հակասում էին գործող օրենսդրությանը կամ աշխատանքային օրենսգրքին համապատասխան չեն։ Այս համակարգի ներդրումով, մենք առաջին խնդիրը, որ կլուծենք, դա այն է, որ կնքվող բոլոր աշխատանքային պայմանագրերը լինելու են օրենքի տառի համապատասխան: Իհարկե, եթե անհրաժեշտություն կգտնեն երկու կողմերը՝ թե՛ աշխատողը, թե՛ գործատուն, հավելյալ պայմաններ կավելացնեն՝ թվային համակարգի միջոցով։ Կամ հնարավորության դեպքում նաև հավելված ունենալ, որը կմնա իրենց մոտ թղթային տարբերակով: Գործատուն հնարավորություն է ունենալու ամբողջ պայմանագրերի թվային գրանցում ունենալ, և ոչ թե թղթային տարբերակ՝ ՊԵԿ-ի համակարգում, իսկ քաղաքացիներին հասանելի կլինի այդ ամբողջ իրենց եկամուտները հայտարարագրման համակարգում»:
Աշխատանքային պայմանագրի՝ աշխատողին չտրամադրելը տեխնիկական հարց չէ։ Գուցե այդտեղ վարձատրության նվազում է արձանագրվել, որի մասին գործատուն տեղյակ չի պահում աշխատողին։ Աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային անցումը արդեն նման հնարավորությունը կբացառի։ Թվային համակարգի մուտքը նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով և հանդիսանալու է համակարգի առանձին մոդուլ: Աշխատանքային պայմանագիրն աշխատողին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով: Աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային համակարգի միջոցով կլինի կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Նախագիծը առաջին ընթերցմամբ հաստատված է։ Խորհրդարանում քննարկման ժամանակ մտահգություններ կային։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանն, օրինակ, ռիսկերն է մատնանշում․
«Անվտանգության մեխանիզմները և այն անվտանգային համակարգերի մասին, որոնք հնարավորություն կստեղծեն, որպեսզի խուսափենք էլեկտրոնային տիրույթում, օրինակ, պայմանագրի մեջ որևէ խախտում կամ որևէ կետ փոփոխելու հնարավորությունից։»։
Փոխնախարարը հստակեցնում է՝ ՊԵԿ–ում առկա թվային համակարգերում անվտանգության կանոնները պահպանվում են։ Դա ռիսկը նվազեցնում է։ Իսկ պայմանագրում ցանկացած փոփոխություն արձանագրվելու է՝ ով ինչ փոխեց։ Տվյալ փոփոխությունը չի կարող ուժի մեջ մտնել, եթե երկու կողմերի համաձայնությունը չլինի։ Մինչ առաջին ընթերցումը մտահոգություններ նույնպես հնչել են։ Ոչ ֆորմալ զբաղվածության հետ կապված խնդիրները նույնպես նվազագույնի կհասցվեն՝ բացատրում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Աշխարհում գործընթացը նորություն է, քիչ երկրներ կան, որ հատվածային լուծումներ ունեն։
Հայաստանում նույնպես մասնավոր ընկերություններ կան, որ ունեն նման լուծումներ՝ տեղեկացնում է փոխնախարարը, այս մեխանիզմը փորձում է բոլորին մեկ հարթակ բերել, հնարավորինս նվազեցնելով գործատու աշխատող հարաբերությունների ռիսկերը։




