ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ապագայի տնտեսագիտությունը․ ՀՀ-ն նոր մասնագիտություն է առաջարկում աշխարհին

Շուտով Հայաստանում կրիպտոարժույթների և ֆինանսների ոլորտում նոր մագիստրոսական ծրագիր կգործարկվի։ Այն լինելու է Երևանի պետական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների համատեղ ծրագիրը, որը շրջանավարտին տալու է միաժամանակ երկու բուհի դիպլոմ և գիտելիք՝ 21-րդ դարի ամենաարդիական և զարգացման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտից։

«Erasmus T-GREEN ծրագրի շրջանակներում պետք է Հայաստանում բացվեն մի քանի Joined ծրագրեր։ Joined ծրագիրը դա 2 կամ ավել համալսարանների միջև մագիստրատուրայի բաժիններն են, որտեղ ուսանողները սովորում են մի քանի համալսարաններում և ստանում են դիպլոմներ մի քանի համալսարաններից։ Մեզ հրավիրել էին Վիլնյուս՝ այնտեղի մասնագետների հետ էս ամեն ինչը քննարկելու, վալիդացիա անցնելու, այսինքն պարզելու՝ ծրագիրը ինչպես ենք գրել, քանի ժամ-ինչ առարկա են անցնում, ինչ որակավորում են ստանում և այլն»,- մանրամասնում է «Web3 Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։

Ծրագիրը մշակվել է երկու համալսարանների համատեղ ուժերով, հստակ որոշվել է՝ ո՞ր առարկան ո՞ր բուհում պետք է դասավանդվի՝ առավելագույն արդյունավետություն ապահովելու համար։ Այսպես, ուսանողը ուսումնական պրոցեսի մի մասը կանցկացնի Մայր բուհում, մյուս մասը՝ Պոլիտեխնիկական համալսարանում։ Խնդիրը ռեսուրսների սակավությունն ու փոխօգնությամբ դա լրացնելը չէ՝ ասում է Արտյոմ Հարությունյանը։ Սա պարզապես ուսանողին՝ երկու բուհերից առավելագույնը վերցնելու, բուհերին՝ համագործակցության նոր եզրեր գտնելու հնարավորություն կտա։  

Այս տարի, ի դեպ, հայ դիմորդներին առաջարկվել է «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը, որը ևս մշակել է «Web3 Հայաստան» հիմնադրամը՝ Պոլիտեխնիկական համալսարանի և Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ համատեղ։ Արտյոմ Հարությունյանը «Ռադիոլուրին» պատմել է արդեն գործող բակալավրի և առաջիկայում գործարկվելիք մագիստրոսական ծրագրերի հնարավորությունների ու տարբերությունների մասին․

«Բակալավրիատն ու մագիստրատուրան իրարից շատ տարբերվող են։ Սովորաբար, երբ գալիս եք Պոլիտեխնիկ համալսարան, ՏՏ բաժիններում կարող եք դառնալ տարբեր ծրագրավորողներ՝ AI ծրագրավորող, web ծրագրավորող, destop ծրագրավորող, կրիպտոգրաֆ և այլն։ Բոլորը web2 աշխարհի ծրագրավորողներ են։ Հիմա նաև առաջարկում ենք web3 աշխարհի ծրագրավորող։ Այսինքն, դուք սովորում եք էդ ամենը, դրա վրայից սովորում եք նաև, թե ինչպես է բլոկչեյն աշխարհում ծրագրավորումը աշխատում, ինչպես կրիպտոարժույթներ ծրագրավորել, ինչպես ապագայի ինտերնետը ծրագրավորել՝ ավելի անվտանգ, ավելի հասանելի, ավելի արագ, ավելի էֆեկտիվ ինտերնետ ծրագրավորել։ Սա web3 բակալավրիատն է»։

Իսկ մագիստրատուրայի առաջարկը դիմորդներին ոչ այնքան տեխնոլոգիական, որքան տնտեսագիտական է։ Այլ ծրագրերում մարդիկ սովորում են, օրինակ, ինչ է ներդրումային շուկան, ինչպես է առաջացել փողը, ինչպես է աշխատում տնտեսությունը։ Այս դեպքում գրեթե նույնն է, բայց կրիպտոկառույցների վերաբերյալ․ ինչպես է աշխատում կրիպտոշուկան ու ինչպես են ստեղծվում կրիպտոարժույթները, ինչ բորսաներում ու ինչպես են արվում ներդրումները և այլն։ Կարճ ասած՝ գիտություն ապագայի տնտեսագիտության մասին։

Լավագույն ավանդույթները պահպանելով, ժամանակակից միտումներին հետևելն առաջնահերթություն է նաև ԵՊՀ-ի համար՝ ասում է բուհի մամուլի խոսնակ Քնար Միսկարյանը։ 2023-24 ուսումնական տարում վերանայվել է մագիստրոսական 11 կրթական ծրագիր․

«Արված փոփոխությունները վերաբերել են ինչպես կրթական ծրագրերի տևողությանը, այնպես էլ բովանդակությանը։ Դրանք համապատասխանեցվել են աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին։ Նույն ժամանակահատվածում մշակվել ու լիցենզավորվել են մագիստրոսական կրթական 6 նոր ծրագրեր, դրանք են՝ Միջազգային դատարաններ և արբիտրաժ, Հանրային քաղաքականության հետազոտություններ, Հանրային քաղաքականություն և կառավարում, Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն, Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա, Ռազմավարական հաղորդակցություն»։

Առաջիկայում ևս կրթական նոր ծրագրեր են մշակվելու, այդ թվում՝ կրկնակի դիպլոմ տրամադրող՝ ասում է Քնար Միսկարյանը։ Կրիպտոարժույթների և ֆինանսների ոլորտում այս նոր մագիստրոսական ծրագիրը, ըստ «Web3 Հայաստան» հիմնադրամի համահիմնադրի, հավանաբար ուսանողներին կառաջարկվի արդեն նոր ուսումնական տարվանից։

Կարդացեք նաև

Back to top button