ԿարևորՀասարակությունՄիջազգային

ԵՄ-ն հերքում է. Ադրբեջանից ռուսական գազ չի ներկրում

Եվրամիությունը  երկուշաբթի հերքել է Ադրբեջանի տարածքով ռուսական գազի ներկրման մասին տեղեկությունները, հայտնում է Ռոյթերսը։

Կլիմայական գործողությունների և էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին ասել է, որ Ադրբեջանի կողմից ռուսական գազի ներմուծումը նախատեսված է միայն ներքին սպառման համար, և այն չի արտահանում դեպի ԵՄ՝ հերքելով այս հարցով ցանկացած մեղադրանք։

Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2022 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել էր համաձայնագիր, որը նախատեսում է մինչև 2027 թվականը կրկնապատկել ԵՄ-ի գազի ներմուծումը Ադրբեջանից: Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանն ու Ադրբեջանը գազի փոխադրման մասին մի շարք համաձայնագրեր են կնքել:

Ամերիկյան Politico- ն հաղորդել է, որ Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է Ռուսաստանից վառելիքի ներմուծումը՝ Եվրոպա իր արտահանումներն ընդլայնելու նպատակով: Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը նույնպես նշել է, որ ռուսական գազը կարող է Եվրոպա մատակարարվել Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով:

Այս պնդումներին ի պատասխան՝ ՄաքՖին նշել է, որ ԵՄ տվյալների համաձայն՝ Ադրբեջանը տարեկան ներմուծում է մեկ միլիարդ խորանարդ մետրից քիչ ռուսական գազ, որն օգտագործվում է միայն երկրի ներսում:

Politico-ի տվյալներով՝ այս տարի Ադրբեջանը Եվրոպա վաճառել է շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր գազ: Այդ գազի ծագման եւ ԵՄ տվյալների ճշգրտության վերաբերյալ հարցերին պատասխանելով՝ ՄաքՖին ընդգծել է, որ դրանք պետք է «ուշադիր ստուգվեն»:

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button