
Հայաստանում գործող կենսաթոշակային հիմնադրամների հնարավորությունները էապես կընդլայնվեն։ Կենտրոնական բանկը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել։ Խոսքը, մասնավորապես, տնտեսության իրական հատվածում բնակչության միջոցների ներդրման մասին է։ Այժմ կենսաթոշակային հիմնադրամների համար սահմանափակումներ կան, մասնավորապես, ներդրումների իրականացման մասով։ Դրանք թույլ չեն տալիս կենսաթոշակային հիմնադրամներին միջոցներ ուղղել տարբեր ներդրումային նախագծերի, այդ թվում ենթակառուցածքների զարգացմանը, ինչպես նաև տնտեսության ճյուղերի ֆինանսավորմանն անհրաժեշտ ծավալով։ ԿԲ փոխնախագահը անդրադարձել է նաև արցախցիների կուտակած գումարների ճակատագրին։
Արցախցիների կուտակած գումարները ապահով են, ֆոնդերի գոյության հետ որևէ խնդիր չկա՝ վստահեցնում է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։ Արցախցիները պարբերաբար հարցը բարձրաձայնում են՝ փորձելով հասկանալ՝ ինչ ճակատագրի են արժանացել իրենց կուտակած գումարները։
«Այդ ֆոնդերը լրիվ ապահով են, և ֆոնդերի գոյության հետ ոչ մի խնդիր չկա: Գումարները լիովին ապահով պահվում են։,– ասում է։
2023 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարը կազմել է շուրջ 800 մլրդ դրամ։ Ցուցանիշը 2022–ի համեմատ աճել է 42․6 տոկոսով։ Ֆոնդերի եկամտաբերությունը ստեղծման պահից տատանվել է 12․4-15․3 տոկոս։ Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թիվը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 812 093 մարդ։
ԿԲ–ն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, որոնցով ֆոնդերում նույն ռիսկայնության դասի մեջ հնարավոր է նաև ուղղակի ներդրում 10%-ի սահմաններում։ Մինչ այժմ ուղիղ ներդրումների հնարավորություն չկար։ Դրանք հնարավոր էին որևէ ֆոնդի միջոցով, արձանագրում է ԿԲ փոխնախագահը․ «Եթե մինչև այս փոփոխությունը մեկ երկրում մաքսիմալ ներդրման չափը 15% էր, օրինակ, ԱՄՆ-ում, այս պարագայում մենք այդ 15%-ը հնարավորություն ենք տալիս դարձնելու 30%։ Դրա հիմնական իմաստն այն է, որ աշխարհում կապիտալի շուկայում ԱՄՆ կշիռը շատ մեծ է, և այդ 15%-ը հնարավորություն չի տալիս պատշաճ կերպով դիվերսիֆիկացիա անել, այսինքն, ԱՄՆ-ում ավելի շատ ներդրումներ անել։ Հիմա այս պարագան դիվերսիֆիկացիայի հնարավորություն կտա։ Եվ երրորդ փոփոխությունը վերաբերում է նրան, որ եթե բաժնային գործիքներում, այսինքն, բաժնետոմսերում, մինչև այժմ 25% էր հնարավոր ներդրում անել, հիմա 35%–ի հնարավորություն ենք տալիս»։

Կենսաթոշակային ֆոնդերում ներդրումների ծավալը հասել է 1 տրլն դրամի։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հետաքրքրվում է․
«Որքա՞ն են դրանցից ներդրվել Հայաստանում, որքան՝ դրսում: Տարվա ընթացքում ո՞ր երկրներ են դուրս տարվել, և Հայաստանում ներդրումները պետական և կորպորատիվ թղթերի մեջ ի՞նչ բաշխում ունեն»:
Արմեն Նուրբեկյանի խոսքով՝ բավական կարևոր դեր են խաղում ներդրումների դաշտում՝ ինչպես պետական արժեթղթերում, այնպես էլ բարձրորակ կորպորատիվ արժեթղթերում։ Իսկ այս հիմնադրամների մասնակիցների թիվը կազմում է արդեն մոտ 460 հազար։ 650 մլրդ դրամը Հայաստանում է․
«35%-ը արտարժույթով է, 65%-ը Հայաստանի Հանրապետության դրամով է: Սա նշանակում է, որ 65%-ը Հայաստանի Հանրապետության ներսում է։ ՀՀ պետական պարտատոմսերի մեջ ներդրումները 42%- են կազմում։ Ներդրումները ԱՄՆ–ում են, Եվրոպայում, Ճապոնիայում: Առաջընթաց ունի Միացյալ Նահանգները: ՀՀ–ում կորպորատիվ թղթերում ներդրումները, ըստ էության պարտատոմսեր են, որովհետև շատ թողարկումներ չկան։ Միայն մեկ դեպք եղել է, երբ մենք ունեցել ենք IPO, որտեղ որ ներդրում են արել մեր ֆոնդերը՝ Team Telecom–ն է»։
Մինչև այժմ մասնագիտացված ֆոնդերը չեն կառավարել կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները։ Այժմ նրանց այդ հնարավորությունը տրվում է։ ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը հստակեցնում է․
«2023–ին գրեթե 50 մլն դրամ ծախսվել է թղթային տարբերակով ծանուցման վրա։ Ինչո՞ւ ավելի վաղ չէինք նախատեսում ա յս փոփոխությունը»։
Պարզվում է՝ փոփոխության վրա ԿԲ–ն արդեն 3․5 տարի աշխատում է։ ԿԲ փոխնախագահը հստակեցնում է՝ 1 տրիլիոնից մոտ 200 մլրդ եկամուտն է, սա լուրջ թիվ է։ Բացի ավանդներից մեկ այլ տեղ նման կուտակում չկա։ ՀՀ-ում պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է 2014 թվականից։ Տարիների ընթացքում այն փոփոխությունների է ենթարկվել։ Կենսաթոշակային 63 տարին լրանալուն պես մասնակիցները սկսում են ստանալ կուտակային կենսաթոշակ։ Շահառուների խումբը գումարը կստանա 2037 թվականից։




