ԿարևորՀասարակություն

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրելու և իրացնելու համար երկու անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ ապօրինի թմրամիջոց  ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու:

Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն ունեին տեղեկություն, որ նրանք թմրանյութը ութ հազար դրամով ձեռք են բերել ԻԻՀ երկու քաղաքացուց:

Իրավապահների միջոցառումները շարունակվել են և տրամաբանական ավարտին են հասել նույն օրը՝ ժամը 21-ին, երբ Երևանի Ամիրյան փողոցում, ապօրինի թմրամիջոց  ձեռք բերելու, պահելու ու այս դեպքում նաև իրացնելու կասկածանքով, ձերբակալվել են և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել ԻԻՀ երկու քաղաքացիներ:

26-ամյա և 32-ամյա տղամարդկանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկու սրվակ և մեկ պլաստիկ տարա` լցված ընդհանուր մոտ 84 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նախնական տեղեկության համաձայն` թմրամիջոցը նրանք Հայաստան են ներմուծել մաքսանենգ ճանապարհով:

Երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է նաև ծալովի դանակ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի ծառայողների հետ համատեղ, դատարանի որոշմամբ նոյեմբերի 21-ին խուզարկություն է կատարվել երիտասարդների բնակության վայրում` Նար Դոսի փողոցի տներից մեկում: Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող 146, 157 ու 125 գրամ քաշերով զանգվածներ ու դեղահաբեր:

Առգրավված թմրամիջոցների շուկայական ընդհանուր արժեքը գերազանցել է 7 միլիոն դրամը:

Նշանակվել են դատանյութագիտական և դատաձգաբանական փորձաքննություններ:

26-ամյա և 32-ամյա տղամարդիկ ձերբակալվել, այնուհետև կալանավորվել են:

Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք նաև

Back to top button