Իսրայելական, ամերիկյան և լիբանանյան աղբյուրները հաստատել են, որ Երուսաղեմը նախնական հավանություն է տվել Լիբանանում Հեզբոլլահի հետ առաջարկվող զինադադարի գործարքին, որն այժմ ենթակա է կառավարության վերջնական հաստատմանը, հայտնում է իսրայելական Ynet-ը։
Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանում ԱՄՆ հատուկ բանագնաց և նախագահ Ջո Բայդենի էմիսար Ամոս Հոքսթինը նոյեմբերի 24-ի երեկոյան Լիբանանի պաշտոնյաներին տեղեկացրել է Իսրայելի որոշման մասին։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ում (նախկին Twitter-ում) հայտնել է, որ Հոքսթինը սպառնացել է Իսրայելի իշխանություններին դադարեցնել միջնորդական ջանքերը, եթե հրեական պետությունը շուտով չհամաձայնի Լիբանանում հրադադարի հաստատմանը:
Նոյեմբերի 20-ին Հոքսթինն ասել է, որ լիբանանա-իսրայելական սահմանին հրադադարի շուրջ բանակցություններն ընթանում են կառուցողական կերպով։ Այնուհետև նա հայտնել է, որ գնալու է Իսրայել, որտեղ կքննարկի լիբանանյան կողմի պատասխանը Իսրայելի և շիական Հեզբոլլահի միջև հակամարտությունը դադարեցնելու ամերիկյան համաձայնագրի նախագծին:
Ինչպես գրել է Al Nahar թերթը, այս փաստաթուղթը նախատեսում է կողմերի համաձայնությունը 60-օրյա անցումային շրջանի, որի ընթացքում կլինի զինադադար, իսկ իսրայելական զինվորականները աստիճանաբար դուրս կգան Լիբանանի տարածքից։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը Լիբանանում Հեզբոլլահի ուժերի դեմ, որի ընթացքում զանգվածային հարվածներ է հասցնում կազմակերպության ռազմական օբյեկտներին: Հայտարարված նպատակն է ստեղծել անվտանգ պայմաններ հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։
Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։




