ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՀՀ վարչապետը հրապարակել է Բաքու ուղարկված երկու առաջարկի բովանդակությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ առաջարկներ է վերջին անգամ Երևանը փոխանցել Բաքվին և ինչ նկատի ուներ, երբ խորհրդարանում «Խաղաղության պայմանագրից» դուրս առաջարկում էր Ադրբեջանի հետ կնքել նաև «Ռազմավարական գործարք»։ 

Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը խոսել է նաև հանրության սոցիալհոգեբանության մասին, որը համարում է՝ սխալ ուղղությամբ է զարգացել վերջին տասնամյակներում։ Այդ սոցիալհոգեբանության հիմքում, ըստ վարչապետի՝ Անկախության հռչակագիրն է, ինչպես նաև վեճը իրական և պատմական, ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի։

Հայաստանի վարչապետը համոզված է, որ իր հնարավորության սահմաններում ամեն ինչ արել և անում է՝ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար․

«Մի բան կարող եմ ասել, որ ես իմ բաժին աշխատանքը կանեմ 100 տոկոսով, և մի բան էլ ավել կանեմ»։

Այդ աշխատանքի մեջ են մտնում, օրինակ, նոր առաջարկները, որոնք պաշտոնական Երևանը Բաքվին փոխանցեց օրեր առաջ։ Խորհրդարանում վարչապետն ընդգծեց, որ չհամաձայնեցված 2 հարցի առնչությամբ նոր առաջարկներ են արել։ Իր վերջին հարցազրույցի ժամանակ արդեն նա բացահայտել է առաջարկների բովանդակությունը։ Դրանք առնչվում են օտարերկրյա դիտորդների ներկայությանը հայ-ադրբեջանական սահմանին և միջազգային ատյաններում դատական հայցերը հետ կանչելուն։ Երկուսն էլ, հիշեցնենք, Ադրբեջանի նախապայմաններն են մինչև պայմանագիր կնքելը։

Դիտորդական առաքելության հետագա աշխատանքի առումով վարչապետը հստակեցնում է․

«Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ։ Ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումը անենք՝ սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այնտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես»։

ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը լրանում է 2025-ի փետրվարին։ Դրանից հետո որոշում պետք է կայացվի նրանց հետագա աշխատանքի վերաբերյալ։ Եթե Հայաստանի առաջարկն ընդունի Ադրբեջանը, ապա սահմանազատված հատվածները ԵՄ դիտորդները այլևս չեն դիտարկի։ Իսկ ո՞րն է լինելու հաջորդ սահմանազատված տարածքը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ այդ հարցը կորոշվի առաջիկայում՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման ժամանակ։ Վերջին անգամ այդ հարցով փոխվարչապետները հանդիպել էին հոկտեմբերին․

«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակեն սահմանազատումը: Հայաստանը իր մոտեցումները ներկայացրել է, Ադրբեջանը՝ իր մոտեցումը: Հիմա հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք: Ենթադրում եմ, որ գոնե ըմբռնումն այն է, որ COP29-ի ամփոփումից հետո պրոցեսները շարունակենք»։

Միջազգային դատարաններից հայցերի հետքաշման առումով նույնպես կա որոշակի պատրաստակամություն, հաստատում է Հայաստանի վարչապետը։ Սակայն, այդ քայլի համար, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է խաղաղության պայմանագրի առկայություն և հարցին հայելային մոտեցում։

 «Եթե սկզբունքի տեսակետից մոտենանք հարցին, իմ մոտեցումը հետևյալն է. եթե մենք տեսնում ենք, որ իրականում հասնում ենք խաղաղության և հաստատում խաղաղություն, այսինքն՝ կնքում ենք պայմանագիր, ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի: Այսինքն` ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք՝ իրենց նկատմամբ հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ չպետք է ներկայացնենք և հրաժարվենք հայցերից փոխադարձաբար: Ապագայում էլ նախորդի հետ կապված հայցեր չներկայացնենք և հույս ունենանք, որ ապագայում հայց ներկայացնելու առիթ չի լինի: Բայց տրամաբանությունը կլինի այն, որ եթե հանկարծ ապագայում հայց ներկայացնելու առիթ լինի, դա ոչ իրենց, ոչ մեզ ապագայի հետ կապված հարցերի վերաբերյալ չի սահմանափակելու»։

Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը բարձրաձայնում և առաջարկում է Ադրբեջանին ձևակերպել նաև ռազմավարական գործարք։ Այս նոր միտքը առաջին անգամ վարչապետը հնչեցրել էր խորհրդարանում։ Ի՞նչ նկատի ուներ դա ասելով՝ արդեն պարզաբանել է հարցազրույցում։ Ասում է, դա շատ շերտեր ունեցող թեմա է, հակիրճ ձևակերպումը հետևյալն է․

«Հայաստանը և Ադրբեջանը պետք է ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո, սոցիալհոգեբանական և բոլոր մակարդակներում ընդունեն, որ խորհրդային Ադրբեջանը իր տարածքով անկախ Ադրբեջանն է, իսկ խորհրդային Հայաստանը  իր տարածքով անկախ Հայաստանն է: Պետք է ֆիքսել էս իրականությունը և քաղաքական և մի շարք մեզ հայտնի առումներով հանգիստ թողնեն իրար: Ժողովրդական լեզվով ասած՝ «չբզբզեն» իրար, սկսեն կամաց-կամաց կոմունիկացիաները բացելով, կամաց տնտեսական կապեր հաստատել և այլն: Շատ թույլ, շատ զգուշությամբ, որը ես համոզված եմ, որ շատ թույլ, շատ զգույշ սկսենք, ինքը հետո շատ մեծ տեմպերով աճելու է բնականոն ձևով, ոչ արհեստական, և մտածեն հետևյալի մասին, ընդ որում՝ Վրաստանն էլ այս առումով որոշակի կապ ունի: Հարավկովկասյան երեք պետությունները ունեն ընդհանուր շահեր և կարող են ունենալ ընդհանուր հետաքրքրություններ: Այս է ռազմավարական գործարքի վերնագիրը կամ նախաբանը»։

Հենց այս ամենին նախապատրաստելու համար է, ըստ Փաշինյանի՝ հանրության հետ անհրաժեշտ խոսել սոցիալհոգեբանական հարցերի շուրջ։ Իակ դա առնչվում է «Անկախության հռչակագրին» ու առհասարակ հանրության ընկալումներին։

«Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք, որ ասում ենք «Արևմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը։ Ես այսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, դա նշանակում է, որ ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ։ Ես չեմ կարող դա թույլ տալ։ Անկախության հռչակագրում դրել ենք մի տրամաբանություն, որը ենթադրում է երկար և խորը կոնֆլիկտներ մեր միջավայրի հետ։ Հիմա ինչպես պետք է մենք դիմադրենք այս միջավայրում այս պայմաններում կա՛մ այդ կոնֆլիկտների բերումով՝ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենալ չի կարող, կա՛մ մեզ պետք է սուպեր հովանավոր։ Այդ բռունցքը ինչքան նրանց ուղղությամբ է թափահարվում, մեր ուղղությամբ էլ է ամեն անգամ թափահարվում»։

Վարչապետը ամեն դեպքում հստակեցնում է՝ անհրաժեշտ է հարցերը դնել ճիշտ դարակների մեջ, խոսակցությունը վերաբերում է ներքին ըմբռնմանը, ոչ թե գոյություն ունեցող փաստաթղթերի փոփոխությանը։ Այսպիսով՝ նա չի խոսում այն մասին, որ նախաձեռնվելու է փոփոխություն և Սահմանադրությունից դուրս բերվի «Անկախության հռչակագրի» նախաբանը։ Հայկական կողմը այս հարցը լուծված է համարում ՍԴ որոշումով և խաղաղության փաստաթղթում դրված տրամաբանությամբ, ինչի մասին բազմիցս խոսել և հիմնավորել են։ Այս հարցով մնացած պնդումները համարում են միտումնավոր ձգձգում։

Կարդացեք նաև

Back to top button