ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախից հետո միայն Հայաստանում են ուզում ապրել, բայց հայրենի տուն վերադառնալու հույսը չեն կորցնում

Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից տեղահանված Անետան ու Արմենը կրկին Արցախ վերադառնալու հույսը չեն կորցնում, քաղաքացիությունից էլ չեն հրաժարվում: Ապրում են Արմավիր քաղաքում։ Նախկին զինվորականի ձեռքին զենքի փոխարեն հիմա պտուտակահան է ու աքցան, արևային մարտկոցներ է տեղադրում: Կինն էլ որոշել է հրուշակագործությամբ զբաղվել ու կիսել ընտանիքի սոցիալական բեռը:

Արցախյան փախլավայի հոտը տարածվել էր ամբողջ բակով: Անետան Արցախից բերած վերջին մեղրով որոշել էր նորից զգալ հայրենի բնության համն ու բույրը, փարատել անսահման կարոտը: Չէր հապաղել, վարձակալած տան բակի ընկույզները հավաքել էր, առատ կտրտել ու լցրել խմորի վրա: Արցախի փախլավան տարբերվում է մյուսներից, մերն ուրիշ է՝ ասում է Անետան:

«Մեզ մոտ հիմնականում խմորն է տարբեր, ընկույզն ու մեղրն ենք շատ լցնում: Այնքան ենք լցնում, որ փախլավայի շերտերը կորում են մեղրի ու ընկույզի բաղադրության մեջ»:

Անետա Ղուլյանի ընտանիքը Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից է տեղահանվել: Մի քանի բնակավայրեր փոխելով հասել են Արմավիր ու մնացել: Անետան որոշել է հրուշակագործությամբ զբաղվել: Դա իր սիրելի զբաղմունքներից մեկն է, բայց ոչ մասնագիտությունը: Ժամանակին Հիլիսի գյուղապետարանի քարտուղարն է եղել ու գլխավոր հաշվապահը: Հիմա էլ աշխատելու ցանկություն ունի, բայց այս անգամ գործի է դնելու իր խոհարարական հմտությունները:

«Ցանկություն ունեմ զբաղվելու հրուշակագործությամբ: Քանի որ երեխաս փոքր է, հիմնականում իր հետ հարմար է տնից աշխատելը: Բարեկամներով իրարից շատ հեռու ենք ապրում, որ երեխայիս թողնեմ իրենց մոտ ու գնամ պետական աշխատանքի: Ես միտք ունեմ տնից աշխատել՝ արցախյան փախլավաներ ու գաթաներ թխել: Տեսել եմ, որ Արցախից եկած հայրենակիցներս այդ գործով զբաղվելիս բավականին առաջընթաց ունեն»:

Գաղափարը ծնվեց, հնարավորությունը բացվեց Անետայի առաջ: Սոցիալական էջերում Արմավիրում արցախցիների համար կազմակերպվող բիզնես դասընթացի հայտ էր նկատել, լրացրել ու մասնակցել: Հրուշակագործության համար անհրաժեշտ պարագաներ ու սարքավորումներ էին անհրաժեշտ:

Երկօրյա դասընթացից հետո Անետա Ղուլյանը բիզնես ծրագիր է ներկայացրել ու ստացել խոհանոցային անհրաժեշտ տեխնիկա:

«Սրանք տարբեր հարիչներ են, սա խմորհունցիչն է, սա մանրացնող սարքը՝ փախլավաների ու գաթաների համար, սա վաֆլի պատրաստող սարքն է ու ջեռոցը»:

Հենց այդ սարքավորումներն էլ առաջին անգամ փորձարկել է ու փախլավա թխել, լավ է ստացվել: Խնձրիստանի իր տան սեղանից թխվածքն անպակաս է եղել, հիմա Արմավիրի իր անկյունում Անետան ուզում է վերականգնել նախկին սովորույթը: Փոքր քայլերով գործի մեկնարկը տրվել է:

«Պլանավորել եմ սկզբնական շրջանում, մինչև հաճախորդներ ձեռք բերելը, տնից աշխատել առցանց: Հետագայում, որ ամեն ինչ լավ լինի, գուցե, հրուշակեղենի խանութ կամ սրահ բացեմ: Հիմա մտածում եմ թեյախմություն կազմակերպել, մարդիկ գան, ծանոթանանք, շփվենք, հնարավոր է՝ հետագայում պատվերներ գրանցեմ»:

«Արմավիրի զարգազման կենտրոն» հասարակական կազմակերպության սոցիալական աշխատող Սամվել Պետրոսյանն ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո արցախցիների համար տարբեր ծրագրեր են իրականացնում:

«Ինտեգրման հետ կապված նախ փորձում ենք աջակցել արցախցիներին՝ բիզնես սկսելու համար, որպեսզի կարողանան համայնքում կայունանալ ու մի կապող միջոց ունենալ համայնքի հետ: Հիմա այսպիսի խնդիր կա՝ մարդիկ անընդհատ տեղափոխվում են մի համայնքից մյուսը, չեն հարմարվում կամ աշխատանք չեն գտնում, և ստիպված են լինում շատ տեղափոխվել: Մենք փորձում ենք կայունացնել այդ վիճակը, որ մնան համայնքում»:

Արմավիրի մարզում ապրում է ավելի քան 10 հազար տեղահանված արցախցի, հիմնականում Վաղարշապատ ու Արմավիր համայնքներում:  Խնդիրը սոցիալական բնույթ ունի՝ բացատրում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Սարգսյանը:

«Հիմնական պատճառը մայրաքաղաքին ավելի մոտ գտնվելն է, քանի որ այդ ընտանիքների երեխաները ուսումնական հաստատություններում են սովորում, կամ կապված է բուժհաստատությունների հետ, առողջական խնդիրներ ունեն: Ավելի հասանելի ու ավելի մոտ է մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքներից գնալ-գալը: Դրա համար էլ ձգտում են քաղաքային համայնքներում բնակվել»:

Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում հաշվառված արցախցիների թիվը հաճախ է փոխվում: Վարչական ղեկավար Լիպարիտ Հարությունյանն ասում է՝ Արցախից տեղահանվածների միգրացիան պայմանավորված է աշխատանքով ու բնակարանային պայմանների անհարմարությամբ:

«22-23 ընտանիք ունենք գրանցված, բայց կան ընտանիքներ, որոնք անձնական պատճառներով տեղափոխվում են: Դա կապված է աշխատանքի հետ կամ ավելի հարմար տեղ են որոնում: Հիմնականում գյուղից դուրս են աշխատում՝ ավտոտեխսպասարկման կենտրոններում, խանութներում: Մարդիկ կան, որ Երևան են գնում աշխատանքի ու գալիս»:

Քաղաքային բնակավայրերում արցախցիներն ավելի հեշտ են ինտեգրվում, այդ թվում Անետա Ղուլյանի ընտանիքը: Ամուսինը՝ Արմեն Իսրայելյանը, ծառայել է Պաշտպանության բանակում։ Տեղահանվելուց հետո նախ՝ Արմավիրում է աշխատել, հիմա՝ Երևանում:

«Աշխատանք ման գալով Արմավիր քաղաքում մի տեղ գնացի, խոնավ տեղ էր, ես էլ երիկամների խնդիր ունեմ: Հենց առաջին օրը ցավեր սկսվեցին ու ասեցի՝ չէ, սա իմ տեղը չի: Պտուտակներ էի փաթեթավորելու: Դրանից հետո այստեղ երկաթե ամրանների արտադրամաս կա, ձմեռ էր, մտա այնտեղ, բայց արդեն 5 ամիս է չի աշխատում: Գործը ծանր էր, բայց դե տարածքում ամենանորմալ ու կայուն աշխատավարձն այնտեղ էր՝ 250 հազար դրամ: Արդեն երկու ամիս է, ինչ արևային պանելներ եմ տեղադրում»:

Աշխատանքի բերումով Արմենը շաբաթն անցկացնում է տարբեր մարզերում: Չնայած առողջական խնդիրներին, կինը չի ուզում ձեռքերը ծալած նստել: Արմավիրում Անետան նոր հմտություններ է ձեռք բերել՝ մասնակցել է վարսահարդարման ու սոցիալական հարթակներում վաճառքի կառավարման դասընթացների:  

Արմավիրի զարգացման կենտրոնում էլ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ սովորել է բիզնես ծրագիր կազմել: Կենտրոնի սոցիալական աշխատող Սամվել Պետրոսյան.

«Ծրագրի շրջանակում քանի որ շատ էին դիմողները, ովքեր արդեն ունեին մասնագիտություն և կարիք կար որոշակի տեխնիկական աջակցության, նրանց համար իրականացվեցին դասընթացներ՝ ինչպես հիմնել բիզնես, ձևակերպել փաստաթղթերը, գրանցվել անհատ ձեռներեց կամ հարկային դաշտում որոշակի գործունեություն ծավալել»:

Պետությունը հիմա նրանց օգնում է վճարել բնակարանի ու կոմունալ վարձերը, հաջորդ տարվա ապրիլից ինքնուրույն են հոգալու այդ ծախսերը, իսկ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակն անժամկետ երկարաձգվել է: Անետան ու Արմենը բնակարան ունենալու հարցում դեռ չեն կողմնորոշվել։ ՀՀ քաղաքացիությունը կառավարության առաջարկած բնակարանային ծրագրի պարտադիր պայման է:

«Տեղյակ եմ, բայց դեռ քաղաքացիությունը չենք փոխել: Ինձ համար խնդիրը զուտ քաղաքացիությունը փոխելն է: Ես չեմ կարղանում հասկանալ փոխելու իմաստը որն է, երկուսն էլ նույն անձնագիրն է, ուղղակի կոդերն է տարբեր, մերը՝ 070-ն է: Իմ մտածելակերպով, եթե ես փոխեմ, ես ինքնաբերաբար հրաժարվում եմ իմից: Արցախից հրաժարվե՞մ, դրա համար չեմ ուզում»:

ՀՀ 070 կոդով անձնագիրը համարվում է ճամփորդական փաստաթուղթ: Քաղաքացիությունը փոխելով, Արմենը հնարավորություն է ստանալու կրկին ծառայելու բանակում, բայց Արցախի քաղաքացիությունից չի հրաժարվում: Անետան էլ է նույն կարծիքին:

«Ճիշտն ասած, Արցախից հետո միակ ապրելու տեղը Հայաստանն է: Պահեր են եղել, որ աշխատանքի հետ կապված դժվարություն ունեինք ու միտք կար արտերկիր մեկնելու: Բայց մի տղա երեխա ունեմ, իր հայրենիքից պոկեմ, ո՞ւր տանեմ: Ես դեմ եմ ուրիշ երկիր տեղափոխվելու, բայց հայրենի երկրում էլ, գոնե, ինչ-որ չափով պայմաններ պիտի լինի»:         

Ամուսինները խուսափում են երեխայի մոտ խոսել Արցախից, կիսվել իրենց հուշերով, սակայն հնգամյա Գոռը Խնձրիստանի իրենց տան ու իր շան մասին հաճախ է հիշում: Ամեն օր մտովի խաղում է նրա հետ ու կանչում՝ Բակի՜:

«Օր չկա, որ ինքը Արցախի անունը չտա: Էն օրն ասում էր՝ մամ, գնանք մեր Արցախը, մեր տունը նկարենք: Ասում եմ՝ Գոռ, ինչի համար, ասում է՝ որ պապաս այստեղ նույնից սարքի: Հարցնում եմ՝ Գոռ, ո՞ր տունը, պապիկե՞նց, թե մերը, ասում է՝ չէ, մերը: Մնում-մնում ասում է՝ տեսնես շունս սովա՞ծ է, սատկած կլինի, սոված է մնացել»:

Գոռի ու ծնողների արցախյան հուշերը պահպանվում են հեռախոսով արված լուսանկարներում ու տեսանյութերում: Հաճախ են նայում, հուզվում, բայց Արցախ վերադարձի հույսը չեն կորցնում: Արցախն իրենց սերն է ու հոգու ցավը:

Կարդացեք նաև

Back to top button