ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

4-ի փոխարեն՝ 3 տոկոս գնաճ․ ԿԲ-ն առաջարկել է, կառավարությունն ու խորհրդարանը կորոշեն

Կենտրոնական բանկը կառավարությանն ու խորհրդարանին առաջարկել է գնաճի շեմը 4-ից դարձնել 3 տոկոս։ Առաջարկը պետք է ամրագրվի «Պետական բյուջեի մասին» օրենքով։ Գլխավոր դրամատնից «Ռադիոլուրին» տեղեկացրել են՝ ինչու են նպատակահարմար գտնվում այս պահին նման առաջարկով հանդես գալ։ Կենտրոնական բանկից նաև փորձագիտական դաշտի մտահոգություններն են փարատել․ երկարաժամկետ հատվածում առաջարկը միայն դրական ազդեցություն է ունենալու։ 

4  տոկոս թիրախային գնաճի փոխարեն գնաճը սահմանել 3 տոկոս։ Կենտրոնական բանկի առաջարկն է։ ԿԲ-ում արձանագրում են՝ ցածր գնաճի նպատակային ցուցանիշը ապահով ու վստահելի միջավայր է ստեղծում բոլորի համար: Այս քաղաքականությունը կնպաստի գների կայունության վերաբերյալ հասարակության ընկալման ձևավորմանը և ապագայի կանխատեսելիության բարձրացմանը։

ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանը «Ռադիոլուրին» փոխանցում է․ դիտարկել են գնաճի հետ կապված պատմական զարգացումները։ Արձանագրվել է, որ 2006-ից, երբ թիրախ ընտրվեց 4 տոկոսը, գնաճը տատանվել է 3․9 տոկոսի շրջանակում։

Այս ընթացքում տարբեր տնտեսական շոկերի ժամանակ հասարակության վարքագծում գնաճային սպասումները հիմնականում խարսխված չէին, ուստի շոկերի ժամանակ տատանումներ էին լինում։ Դա ԿԲ-ին ազդակ էր՝ գուցե այդ ցուցանիշը գների կայունության հետ համադրելի չէ․

«Պետք է այդտեղ դիտարկել գների կայունությանը ավելի համադրելի ցուցանիշի ներդրում։ Տարբեր վերլուծությունները նաև փաստում էին, որ այս ամբողջ ընթացքում, ըստ էության, մեր տնտեսության կառուցվածքի մեջ, մեր դրամավարկային քաղաքականության համակարգում էական փոփոխություններ են տեղի ունեցել, նաև  գնաճի ցուցանիշի հաշվարկման մեջ էական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք մեզ հնարավորություն են տալիս պնդելու, որ որոշակի ավելի ցածր նպատակը ավելի համադրելի է գների կայունության նպատակի հետ այս պահի դրությամբ»։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն արձանագրում է՝ սա նոր երևույթ չէ, սահմանը մշտապես եղել է։ 3 տոկոսը իրատեսական է՝ ասում է, միաժամանակ ընդգծելով․

«Երբ ասում են՝ գնաճ կամ գնանկում, դա չի վերաբերում միայն առաջին անհրաժեշտության ապրանքներին։ Վերաբերում է բոլոր ապրանքներին՝ մոտ 500 անուն, որից օգտվում են բոլորը՝ և՛ աղքատները, և՛ միջին եկամուտ ունեցողները, և՛ հարուստները։ Այդ ապրանքատեսակների գները շարունակաբար տատանվում են, որոշ ապրանքների գները կարող են բարձրանալ, որոշ ապրանքներինը՝ իջնել, և երբեմն թյուր կարծիք է ձևավորվում, որ գնանկում կա»։

Տնտեսագետ Արմեն Քթոյանն ընդգծում է՝ ռիսկեր կան, թե՛ 3, թե՛ 4 տոկոս գնաճի դեպքում։ Այս դեպքում հանրությանը ուղերձ է հղվում, որ ընդհանուր գնաճային ֆոնը կայուն է, Հայաստանը շարունակում է հաստատակամորեն առաջ գնալ գնաճի զսպման ու երկրի ներսում գնաճային ցածր միջավայր ձևավորելու ուղղությամբ։ Իսկ սա կարևոր ազդակ է շատերի համար․

«Հանրության ամենամտարբեր հատվածներին, բիզնեսին արտաքին ու ներքին ներդրողների համար կարող է ազդակ լինել։ Ցածր գնաճը, ըստ էության, ինչ որ առումով երկարաժամկետ գնահատականներին, ներդրումային նախագծերին կանխատեսելիություն է հաղորդում»։

Ռիսկեր նույնպես կան՝ արձանագրում է տնտեսագետը։ Նշում է՝ Հայաստանը փոքր տնտեսություն է, ուստի արտաքին գնաճային շոկերի նկատմամբ ավելի զգայուն է։ Այս դեպքում ԿԲ միջամտությունն ավելի հաճախ կարող է լինել։ Բացի այդ, սա նաև տնտեսական ակտիվության զսպման կարող է բերել․

«Կենտրոնական բանկի գործիքակազմի տրամաբանությունը ըստ էության տնտեսական ակտիվությունը զսպելն է, և այդ զսպման միջոցով գնաճը թիրախային միջակայք վերադարձնելը։ Եթե երեք տոկոսը լինի թիրախը, իսկ գնաճային ճնշումները նշանակալի լինեն, այդ դեպքում Կենտրոնական բանկը միգուցե ավելի շուտ և ավելի մեծ չափով, ներկայիս համեմատությամբ, տնտեսական ակտիվության լուծման գործիքներ սկսի կիրառել։ Սա, այո, միգուցե գնաճը կբերի միջնաժամկետ հատվածում այդ միջակայք, բայց իր ներգործությունը նույնպես կունենա տնտեսական ակտիվության զսպման վրա»։

ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանը վստահեցնում է՝ հարցը համակողմանի են դիտարկել ու վերլուծել։ Պարզաբանում է՝ երբ ԿԲ-ն հայտարարում է, որ փորձում է ավելի համադրելի դարձնել գների կայունության նպատակի հետ, սա երկարաժամկետում միայն դրական ազդեցություն է ունենալու։

Որքան նպատակները համադրելի են, այնքան արդյունավետությունն ավելի մեծ է՝ ասում է մասնագետը․

«Եվ ներդրումների, և խնայողությունների համար երկարաժամկետում միջավայրն ավելի կանխատեսելի կլինի։ Գնային անորոշության բաղադրիչը դուրս կգա, ներդրողների, սպառողների տրամաբանությունից, հետևաբար դա միանշանակ դրական կլինի։ Այլ բան է, որ այստեղ խնդիրներ կառաջանան, եթե խնդիրները դիտարկում ենք, որ հանկարծ այդ նպատակը գների կայունությունից ավելի ցածր չլինի։ Կամ չստեղծի հանկարծ, այսպես ասած, պահանջարկի խրոնիկ դեֆիցիտ»։

Այս պահին նման խնդիր չի կարող առաջացնել՝ վստահեցնում է Հայկ Ավետիսյանը։ Կարճաժամկետ՝ անցումային փուլում, իհարկե անցման ծախքեր կարող են տեղի ունենալ՝ կախված, թե տնտեսությունը ինչ վիճակում է։ Այս պահին տնտեսությունը աճում է իր աճի պոտենցիալին մոտ, այստեղ պահանջարկի խնդիր չկա, գնաճը վերջին տարիներին ցածր է, սպասումները կայուն են։

«Այս պահը, տնտեսական իրավիճակը բավականին նպաստավոր է նաև այդ հնարավոր անցումային փուլի ծախքերը չեզոքացնելու տեսանկյունից։ Եկամուտների կամ ծախսերի մասով մտահոգությունները ևս առավելապես անցումային փուլին են վերաբերում։ Եկամուտների մասով՝ դրամային արտահայտությամբ, որոշակի ազդեցություն կունենա։ Դրան զուգահեռ փաստենք, որ ծախսերի մասով էլ դրական ազդեցություն կլինի»։

Դրական սպասումներ կան նաև պարտքի ու պարտքի սպասարկման նվազեցման ուղղությամբ՝ եզրափակում է ԿԲ ներկայացուցիչը։ Խոսքն այժմ կառավարությանն է ու խորհրդարանինը։

Կարդացեք նաև

Back to top button