
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է, որ ինքը «բռնապետ» չէ՝ հակադրվելով իր կառավարման ոճի վերաբերյալ արևմտյան և ներքին քննադատների երկարատև բնորոշումներին։
Մինսկում՝ մայրաքաղաքի համալսարաններից մեկում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն ասել է. «Այս երկրում բռնապետություն չկա և չի կարող լինել»։
1994 թվականից ի վեր նախագահի պաշտոնը զբաղեցնող Լուկաշենկոյի կառավարման ոճը հաճախ որակվել է որպես ավտորիտար։ Սակայն նա նշել է, որ չի կարող լինել բռնապետ, քանի որ Բելառուսի սահմանափակ տնտեսական կարողությունները նրան չեն թույլատրում «բռնատիրել» այլ երկրների վրա։
«Բռնապետ լինելու համար պետք է ունենաս բռնապետության լծակներ։ Ի՞նչ լծակներ ունեմ ես։ Ամերիկացիներն են դրանք հորինել։ Բռնապետ, բռնապետ։ Ինչպե՞ս կարող եմ ես բռնատիրել Ամերիկային»,-ասել է նա։
Նշվում է, որ Լուկաշենկոն նախկինում հաճույքով էր ընդունում «Եվրոպայի վերջին բռնապետ» մականունը, այդ թվում՝ 2012 թվականին Reuters-ին տված հարցազրույցում։
Թարգմանությունը՝ Կարինա Ծատրյանի




