ԿարևորՀասարակություն

ՔԿ-ի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արթուր Պողոսյանը․ վարչապետը հաստատել է լուրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հաստատել է մամուլում շրջանառվող լուրը, որ պաշտոնանկ արված Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում կփոխարինի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալը՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Պողոսյանը։

Պողոսյանը Գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել 2022 -ին։ Մինչ այդ նա զինվորական դատախազի տեղակալն էր, իսկ 2020 -ին, երբ ԱԱԾ-ն ղեկավարում էր Արգիշտի Քյարամյանը, կառույցի քննչական դեպարտամենտի պետն էր:

Խոսելով կադրային փոփոխություններից, վարչապետն ասաց, որ պաշտոնանկություններն անձնավորված չեն։ Դրանք ըստ վարչապետի՝ ավելի շատ համակարգերի հետ են կապված։

«Կադրային փոփոխությունները իրենք իրենց բնույթով, եթե պայմանական ասենք, ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»,-նշեց վարչապետը։

«Մեր բոլոր գործընկերները, ովքեր թողել են իրենց պաշտոնը, իրենց պաշտոններում, բոլորը՝ առանց բացառության, արել են համակարգային փոփոխություններ։ Օրինակ՝ ՆԳՆ-ն. ոստիկանությունն այսօր վստահաբար այնպիսին չէ, ինչպիսին եղել է 2020 թվականին, երբ Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանության պետ, հետագայում՝ նաև ՆԳ նախարար։ Նույնը կարող ենք ասել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին, որը, ըստ էության, զրոյից ձևավորված մարմին է։

ՔԿ-ն ահռելի համակարգային և կադրային փոփոխություններ է արել, ՏԿԵՆ-ը. տեսեք՝ ինչ ահռելի ծավալի աշխատանքներ են իրականացվում ՀՀ-ում։

ՊԵԿ-ը շատ լուրջ բարեփոխումների է ենթարկվել, և հիմա հաջորդ հարցը՝ փոփոխության պատճառը. շատ կարևոր նրբություն կա. իմ ընկալումն է գոնե այդպիսին, որ ղեկավարը մի կողմից պետք է համակարգը առաջնորդի և  այդ առումով լինի համակարգի մաս, իսկ որոշ առումով պետք է որոշակի տարանջատվածություն ունենա համակարգից, որպեսզի կարողանա հենց համակարգը տեսնել կողքից, և հետագա համակարգային փոփոխությունը իրականացնել; Ընդհանրապես իմ այս փորձը, դիտարկումը ցույց է տալիս, որ այդ թվում պետական կառավարման համակարգում լինում է և գալիս է մի  պահ, որ այդ փոփոխությունները բերող ղեկավարները, առաջնորդները մի իքս պահից, գուցե նաև անխուսափելիորեն կամ ոչ բոլորին է դա հաջողվում, դառնում են իրենց համակարգի մաս, այսինքն՝ նույն տեմպով շարունակելը փոփոխությունների, բարեփոխումների պրոցեսը հնարավոր չի դառնում»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հայտնեց նաև, որ նա խնդրել է, որ մանդատը վայր դնեն նաև պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը և Հովիկ Աղազարյանը։

Կարդացեք նաև

Back to top button