
Առողջության պարտադիր ապահովագրության ներդրումը հետաձգվել է առնվազն երկու տարով։ Գերատեսչության ղեկավարը դա պայմանավորում է ֆինանսական սուղ միջոցներով, ֆինանսների նախարարն էլ արձանագրում է․ համակարգը դեռ լիարժեք պատրաստ չէր այդ ռեֆորմին։ Նույն կարծիքն է հայտնել նաև «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում։ Որ պարտադիր ապահովագրությունը բխում է առողջապահական ոլորտի շահերից, Ծաղիկ Վարդանյանը դրանում կասկած չունի, բայց որ ռեֆորմի հետաձգումը այս պահին ճիշտ որոշում էր, դրանում ևս 2-րդ կարծիք չկա։
Հանրության հույսերը առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասով սին են՝ առնվազն 2025 թվականի համար, ասում է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը։ Նա սպասում էր նման զարգացման և մեկ անգամ չէ, որ խոսել է դրա պատճառների մասին։ Բայց պատճառն, ըստ նրա, բոլորովին էլ ֆինանսական սուղ միջոցները չեն․
«Ես դրան կողմ եմ, և դա շատ կարևոր է մեր համակարգի համար և ընդհանրապես մեր պետության համար, սակայն այս պահին դեռևս պատրաստ չենք, և այսպես անպատրաստ մտնել նման լուրջ ռեֆորմի տակ, կարելի է ասել, որ ունենալու էինք այսպես ասած՝ ոչ բարենպաստ ելք»։
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրությունը նախատեսվում էր ներդնել, ըստ էության, 2024 թվականից: Նախատեսվում էր տարվա երկրորդ կեսին ունենալ ապահովագրության հիմնադրամ, որը կիրականացներ պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող բնակչության խմբերի ապահովագրությունը։ Սակայն, ինչպես ԱԺ–ում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ֆիսկալ տարածքի սահմանափակ լինելու հետ կապված՝ ապահովագրության հատվածը դուրս է եկել։
«Մեր միջնաժամկետ ծախսերի շրջանակներով 2025 թվականին մենք արդեն նախատեսել էինք ապահովագրության առաջին փուլի մեկնարկը, որը պետք է ապահովեինք 218 միլիարդի շրջանակներում։ Սակայն ֆիսկալ տարածքի սահմանափակ լինելու հետ կապված ապահովագրության հատվածը ըստ էության դուրս է եկել, և դրանից հետո մենք նաև ֆինանսների նախարարության հետ, օգտագործելով բյուջեի քննարկման այս հնարավորությունները, հետագայում, երբ որ Ազգային ժողովի առաջարկներով վերադառնա կառավարություն, քննարկենք ապահովագրությունը հանելուց հետո այս ծրագրերի բաշխվածությունը»։
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը կարծում է, որ պատճառը համակարգի պատրաստ չլինելն էր։ Պատրաստ չէր ոչ միայն ենթակառույցներով, այլև հստակ և մանրամասն մոնիթորինգ չէր իրականացվել։
«Պետք էր նախևառաջ համակարգը նախապատրաստել նոր ռեֆորմին և մոդելը վերամշակել ու դարձնել մեր պայմանների համար ավելի մրցունակ և ավելի կենսունակ»։
Որ պարտադիր ապահովագրությունը բխում է առողջապահական ոլորտի շահերից, Ծաղիկ Վարդանյանը դրանում կասկած չունի, բայց որ ռեֆորմի հետաձգումը այս պահին ճիշտ որոշում էր, դրանում ևս 2-րդ կարծիք չունի։
Այո, համակարգը դեռ պատրաստ չէր այս ռեֆորմին, փաստում է նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Նախապատրաստական որոշակի աշխատանքներ պետք է արվեն այդ համակարգը սահուն, առանց որևիցե ռիսկերի ներդնելու համար՝ ոլորտի բարեփոխումների, թվային համակարգերի, ռիսկերի կառավարման, հիվանդանոցային կարողությունների»։
Հիշեցնենք, որ պարտադիր ապահովագրությունը նախատեսվում էր ներդնել փուլ առ փուլ։ Ըստ այդմ՝ առաջին փուլով համակարգում պետք է ընդգրկվեին մինչև 18 տարեկան երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանեկան նպաստի համակարգում հաշվառվածները և այլ պետական սոցիալական աջակցության համակարգում ներառված և ներկայումս պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստացողները։ Այնուհետև հերթը 63 և բարձր տարիքի անձանց ու պետական հատվածի վարձու աշխատողներինն էր լինելու։ Ապա պետք է ապահովագրվեին բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք, գյուղացիական տնտեսություններում զբաղվածները։ Իսկ արդեն 2027 թվականից նրանք կարող էին ապահովագրել նաև իրենց փոխկապված անձանց՝ ընտանիքի այն անդամներին, որոնք ներառված չեն լինի որևէ խմբում։




