
Գործադիր և օրենսդիր իշխանություններում փոփոխությունները շարունակվում են։ Կան նոր հրաժարականներ և նոր նշանակումներ, նաև՝ բազմաթիվ հարցեր ու բուռն քննարկումներ ոչ միայն հեռացող գործիչների, այլև թափուր մնացած պաշտոնների համար քննարկվող թեկնածուների շուրջ։ Ուշագրավ է, որ կառավարության կառուցվածքից ստացվում է, որ գործադիրում հատկապես «ուժային» կառույցների ղեկավարումը փոխանցվում է կանանց։
Կառավարությունում երկու օր թափուր մնացած աթոռներն աստիճանաբար զբաղեցվում են, փոխարենը դատարկվում են խորհրդարանական մեծամասնության աթոռները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարության հաջորդ օրը դեռ խորհրդարանում է՝ իր աշխատասենյակում։ Կանոնակարգի համաձայն՝ օրեր անց կհաստատվի նրա հրաժարականը։
Ինչո՞ւ որոշեց գնալ նման քայլի՝ լրացուցիչ պարզաբանումներ չի տալիս․ «Գրել եմ, ավելացնելու բան չունեմ։ Խնդրում եմ դրանով բավարարվել»։
Ավելի վաղ ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում Զեյնալյանի հրապարակած տեքստում հրաժարականի պատճառների մասին նշված չէր։ Նա պարզապես իր աշխատանքի հաշվետվությունն է ներկայացրել, մեկ անգամ օգտագործել է «իմ քաղաքական թիմ» ձևակերպումը՝ միասին հաղթահարած փորձությունների համատեքստում, վստահ է, որ իր գործընկերները կշարունակեն պահպանել հռչակած արժեքները։
Նոյեմբերի 19-ին մինչև ուշ երեկո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են ներքաղաքական և կարգապահական հարցեր։ Ենթադրվում է, որ պատգամավորի հրաժարականը կապված էր հենց այդ հարցերի և կայացված որոշումների հետ։ Սակայն Զեյնալյանը միակ պատգամավորը չէր, ում անունը հրապարակվում էր հնարավոր հրաժարականների համատեքստում։ Կարգապահական վարույթն առնչվել է նաև Հովիկ Աղազարյանին՝ խորհրդարանական լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած բանավեճի ու միջադեպի փաստով։ Աղազարյանը, սակայն, տեղյակ չէ կայացված որոշումներից։ Իր անձնական օրակարգում առայժմ չկա մանդատից հրաժարվելու հարց․
«Վարչությունը չի կարող նման բան ասել, այդպիսի լիազորություն չունի, որ՝ պարոն Աղազարյան, ձեր մանդատը վայր դրեք։ Վարչությունը կարող է դիմել, որ պարոն Աղազարյան, հորդորում ենք, որ Ձեր մանդատը վայր դնեք: Երբ պահանջեն, այն ժամանակ կքննարկենք։ Հնարավոր է, որ դնեմ, եթե, օրինակ, պարոն Քյարամյանն անուններ տա և հիմնավորի, որ այդ մարդիկ իմ անունից դիմել են իրեն խնդրանքով՝ իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, ապա ես կդնեմ իմ մանդատը։ ՔՊ վարչության մեջ իմ ընկերներն են, որոնք ինձ շատ բարձր են գնահատում, շատերը նույնիսկ նաև սիրում են ինձ իմ խառնվածքի համար, երբեմն-երբեմն նաև անհարկի համարձակության համար, բայց իրենք ամեն ինչին նայում են ներողամտորեն: Վստահ են, որ թեև ես երբեմն-երբեմն թույլ եմ տալիս սխալներ, այդուհանդերձ, այդ սխալները միտումնավոր չեն, և ես միշտ նպատակաուղղված եմ թիմային հավատարմության և համերաշխության»։

Իշխող կուսակցության վարչության նիստում կայացված որոշումների մասին չի շտապում խոսել վարչության փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Բացի վարչության նիստից հետո հրապարակված ռելիզից՝ այլ մեկնաբանություն չունեմ»։
Իրավունք կա՞ր աշխատանքից ազատելու կամ ազատվելու հորդոր ուղղելու անկախ համարվող մարմինների ղեկավարներին կամ հանրության կողմից ընտրվող պատգամավորներին․ սա այս օրերի թոփ հարցերից է։ Սրա առնչությամբ Ալեքսանյանը պարզաբանել է, որ վարչապետի հրապարակային դժգոհություններից հետո որոշ պաշտոնյաներ պարզապես հետևություններ են արել ու ինքնուրույն որոշում կայացրել՝ թողնել պաշտոնը։ Իսկ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պարզաբանում է
«Կարծում եմ՝ մոտ ապագայում՝ մինչև տարեվերջ, կլինի մեծ ասուլիս, դուք այդ հնարավորությունը կունենաք անձամբ իրենից ճշտելու՝ եղե՞լ է իր կողմից որևէ մեկին խնդրանք կամ հորդոր։ Այն պաշտոնյաների մասով, ովքեր անմիջական իր ենթակայության տակ են կամ իր անձնական որոշելու հարցն է օրենքով, այդ մասին վարչապետը հայտարարել է նաև իր գրառման մեջ․ Ֆեյսբուքում նշել է, որ այո, ինքը խնդրել է որոշ գործընկերների, որ ազատվեն աշխատանքից։ Պատգամավորների մասով թե՛ պարոն Աղազարյանը, թե՛ ես, թե՛ Զեյնալյանը և թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեր մյուս բոլոր պատգամավորները կուսակցական են, և մենք բոլոր կուսակցականներով ընդունել ենք «խաղի այն կանոնները», որոնք մենք անձամբ քվեարկել և հաստատել ենք»։
ՔՊ-ականների համոզմամբ՝ վարչապետը պարզ խնդիր էր դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, բայց համակարգերն են անբավարար աշխատել։
Վերջին օրերի կադրային փոփոխություններն այլ կերպ է մեկնաբանում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը․
«Ես պնդում եմ, որ մենք արդյունք չենք ստանալու այն պարզ պատճառով, որ փոփոխություն ստանալու համար դու պետք է ունենաս քաղաքական նպատակ: Եթե դու ունես փոփոխությունների նպատակ, դու փնտրում ես ճանապարհներ, ինչպես հասնել այդ նպատակներին, այդ փոփոխություններին, ոչ թե արդարացումներ ես փնտրում, թե ինչու չհասար դրան։ Դասական շոու։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ կարող է գնալ ոչ թե հերթական ընտրությունների, այլ արտահերթ ընտրությունների, որպեսզի իրական ընդդիմադիր, ողջամիտ ուժերին՝ իրար միանալու ժամանակ ուղղակի չտա»։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, սակայն, ավելի վաղ հերքել են արտահերթ ընտրությունների գնալու հավանականությունը։
Նախարարական թափուր 6 պորտֆելներից առայժմ երկուսի մասով կա որոշում՝ Գնել Սանոսյանի փոխարեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար կդառնա Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։
Ներքին գործերի նախարարի պաշտոնում արդեն նշանակվել է փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Այս թեկնածուի կողմնակիցները նշում են, որ հենց Սարգսյանն է աշխատել ոլորտի բարեփոխումների վրա՝ նաև դոնոր կազմակերպությունների հետ։
Այս նշանակումից հետո կարելի է փաստել, որ պետության կառավարման ուժային հատվածի զգալի մասը հանձնվել է կանանց։ Նրանց ձեռքում են արտաքին հետախուզությունը, դատախազությունը, արդարադատությունը և ներքին գործերը։




