
Երևանի քաղաքապետարանը շուրջ 549 միլիոն դրամ է նախատեսում ծախսել մայրաքաղաքին տոնական տեսք տալու համար։ Մրցույթներն արդեն կայացած են, ընկերություններն արդեն ընտրված են, տոնական ձևավորման ու միջոցառումների համար պատասխանատու են «Սինեմարտ» և «ֆակտորի փրոդաքշըն» ընկերությունները։
Այս տարի հանրապետության գլխավոր տոնածառը նաև նոր զարդեր կունենա, քաղաքապետարանում կարծում են՝ հները մաշվել են։ Այս տարի Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին։
Այս տարի նույնպես ամանորյա տեսք ստանալու համար Հանրապետության հրապարակի շենքերի պատերը կծակծկվեն։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը սակայն վստահեցնում է՝ անցքերն անհամեմատ քիչ կլինեն ու կբացվեն նախկինում արված ու փակվածների տեղում։
«Եվ անպայման ուզում եմ շեշտել, որ ամեն տարի նոր անցքեր չեն բացվում, նախորդ տարվա անցքերն են օգտագործվում, ճիշտ է դրանք այնքան լավ ու խնամքով են փակվում, որ հաճախ դժվար ա լինում գտնել ու տարբերել, բայց ես չեմ կարծում, որ հետո ինչ որ ամրաշինական միջոցառումների կարիք է լինելու»։
Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս ամանորյա տոներից հետո անցքերը փակվելու են՝ շեշտում է փոխքաղաքապետը, բացի այդ նաև լրացուցիչ մետաղյա կոնստրուկցիաներ կլինեն, որ հավելյալ անցքերի կարիք չլինի։

«Շատ ուշադիր հետևում ենք, թե ինչ նյութով փակվի, շատ պատասխանատու ենք մենք այս հարցին մոտեցել»,– վստահեցնոմ է Գրիգորյանը։
Այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 549 միլիոն դրամ կամ 1.4 միլիոն դոլար ծախսել ամանորյա տոնակատարությունների ու զարդարանքի համար։ Ընդ որում, այս տարվա գումարը 78 միլիոնով պակաս է նախորդ տարվանից։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը բացատրում է՝ այս տարվա միջոցառումները կազմակերպող կամ քաղաքը զարդարող ընկերություններին պարտավորեցրել են օգտագործել նախկինում ձեռք բերած զարդարանքը, գույքն ու տեխնիկան։
«Կհիշեք, որ մենք 2022-2023թ, երբ ձեռք բերեցինք նոր սարքավորումները, այն ժամանակ շատ էր քննարկվում, որ շատ գումար է ծախսել քաղաքը, թանկարժեք է և այլն։ Ես դեռ այն ժամանակ ասում էի, որ այո, այս սարքավորումները ավելի թանկ են, քան նախկինում ձեռք բերվածները, բայց այս ներդրումն, այսպես ասած, արդարացված է, որովհետև այս սարքավորումները մի տարի չի, որ մենք օգտոգործելու ենք և երկարաժամկետ ենք օգտագործելու»։

Փոխարենը նույնը չեն լինի գլխավոր տոնածառի խաղալիքները։ Քաղաքապետարանը նախատեսել էր 50 միլիոն դրամ ծախսել ու փոխել տոնածառի հին, իրենց պնդմամբ՝ արդեն մաշված ճյուղերն ու խաղալիքները, սակայն մրցույթը չի կայացել , ուստի քաղաքային իշխանությունը մեկ անձից գնման ընթացակարգով 18 միլիոն դրամով նոր խաղալիքներ ձեռք կբերի տոնածառի համար։
«Որոշակի խաղալիքներ ենք ձեռք բերում որպեսզսի ընդհանուր տոնածառի տեսքը լավը լինի։ Այսպես ասեմ՝ ինձ թվում է՝ լայն հանրությունը չի նկատել, բայց կոնկրետ հատված կար, որ արդեն նոսրացել էր։ Ես, օրինակ, անընդհատ նկատում էի։ Այս տարի մենք 18 միլիոնով գլխավոր տոնածառի հարցը կփակենք»,– ասում է փոխքաղաքապետը։
Մայրաքաղաքի տոնածառը 6 տարեկան է։ 2018-ի տարեվերջին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք տոնածառի զարդերն ու լույսերը 70 միլիոն դրամով էին գնել ու վստահեցնում էին, որ տոնածառն առնվազն 10 տարի կծառայի։

Այս տարի Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին։ Այդ արարողության համար քաղաքապետարանը նախատեսում է 90 միլիոն դրամ ծախսել, ևս 210 միլիոն դրամ է նախատեսված քաղաքի տարբեր հատվածների ձևավորման համար, 190 միլիոն՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառի ու 60 միլիոն դրամ երգող շատրվանների ձևավորումների համար։ Փոխքաղաքապետը այդ ծախսը ևս արդարացված է համարում․
«Ճիշտն ասած, ես վստահ եմ, որ քանի դեռ կա միլիոն բառը, միշտ լրագրողները հոդվածներ գրելու են ու քննադատելու են, իսկ երբ դրամով մի քիչ գումարը մեծ ա, միանգամից փոխում ենք դոլարի, որ համ դոլար լինի համ միլիոն։
Ես համոզված եմ եղել, որ եթե մենք ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովել, եթե մենք ուզում ենք մեր երևանցիները նորմալ տոնակատարություն ունենան, մենք պետք է ամեն տարի ընդլայնենք շրջանակը, այսինքն, շարունակական ներդրումներ են պետք»։
Այս տարվա միջոցառումերի գնման մրցույթներն արդեն կայացել են։ Հայտ ներկայացրած 5 ընկերությունից հաղթող են ճանաչվել «Սինեմարտ» և «ֆակտորի փրոդաքշն» ընկերությունները, որոնք էլ կկիսեն տոնական պատասխանատվությունը։




