
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 19-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևային կանչել են արտգործնախարարություն երկրում ընթացող ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի ժամանակ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և Եվրոպայի հասցեին արված «անընդունելի հայտարարությունների» առնչությամբ։
«Սա կապված է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիային և եվրոպացիներին ուղղված անընդունելի հայտարարությունների հետ, ինչի պատճառով Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանիե-Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին։ Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նոյեմբերի 14-ին Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող COP29-ի շրջանակներում փոքր կղզիների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննադատել էր Ֆրանսիային և Նիդեռլանդներին իրենց «նեոգաղութատիրության» համար՝ դա կապելով կլիմայի փոփոխության հետ: Ադրբեջանի նախագահը պնդել էր, որ Ֆրանսիան «շրջակա միջավայրի քայքայում» է առաջացրել իր անդրծովյան տարածքներում և այդ տարածքներն անվանել էր «գաղութներ»։ Իսկ Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդին նա մեղադրել է «քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշներ» դառնալու մեջ։




