
Իսպանիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղներից շաբաթներ անց, որոնք խլեցին առնվազն 224 մարդու կյանք, սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվում աղետի պատճառների մասին։
Իսպանական անկախ փաստերի ստուգման maldita.es հարթակը հայտնաբերել է աղետի մասին տարածված ընդհանուր 102 ապատեղեկատվական պատմություն:
Սոցցանցերում լայնորեն տարածված տեսանյութում ասվում է, որ ջրհեղեղի օրը Վալենսիայի ափերի մոտ տեսել են մի նավ, որն իբր բարձր հաճախականության հաղորդիչների միջոցով արհեստականորեն փոխում է եղանակը՝ առաջացնելով առատ տեղումներ:
Տեսանյութերից մեկում նավը նաև կապել են Ալյասկայում գործող HAARP ծրագրի հետ, որն ուսումնասիրում է Երկրի մթնոլորտի վերին շերտերը։
Իրականում հիշատակված նավը լողացող էլեկտրակայան է, որը պատկանում է թուրքական Karpowership ընկերությանը։
AFP լրատվական գործակալությունը ստուգել է նավի գտնվելու վայրը և պարզել, որ այն 2019 թվականից հանգրվան է գտել Գանայի ափերի մոտ և ոչ մի ապացույց չկա, որ նրան տեսել են Վալենսիայի մոտ։
X սոցիալական ցանցում ևս մեկ կեղծ տեղեկություն է տարածվել այն մասին, որ աղետից տուժած տարածքում ապամոնտաժվել է ջրի արտահոսքը կանխարգելող մի քանի ամբարտակ։
Իսպանական կառավարության վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ 2000-ից 2021 թվականներին Վալենսիայի մարզում ապամոնտաժվել է ընդամենը հինգ փոքր ամբարտակ:
Dam Removal Europe ոչ կառավարական կազմակերպության կողմից տրամադրված գույքագրման տվյալները հաստատում են, որ մինչև 2023 թվականը աղետից տուժած տարածաշրջանում ապամոնտաժվել է հինգ փոքր ամբարտակ։ Տեղական իշխանությունները ասում են, որ ամբարտակները վնասված են եղել, չեն օգտագործվել:




