ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սովի և աղքատության դեմ պայքար. աշխարհը փորձում է քայլեր ձեռնարկել

Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովում սովի դեմ դաշինք կստեղծվի։ Այս նախաձեռնությունը գագաթնաժողովի կենտրոնական թեմաներից մեկն է և հանրային աջակցություն է ստացել աշխարհի 81 երկրներում։ Դրա շրջանակներում ակնկալվում է սննդի անվտանգության ապահովման փորձի փոխանակում և համապատասխան միջոցառումների համակարգում։ Պարենային անվտանգության, սովի և աղքատության մարտահրավերներից զերծ չէ նաև Հայաստանը, որտեղ մասնագետները  շարունակում են աղքատության մտահոգիչ թվեր արձանագրել։  

2023 թվականի տվյալներով Հայաստանի բնակչության 23.7%-ը աղքատ է։ Ծայրահեղ աղքատ է բնակչության 1.1%-ը։ Տվյալները վիճակագրական կոմիտեինն են։  2022 թվականի համեմատ աղքատության մակարդակը կրճատվել է 1.1 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.1 տոկոսային կետով։

Աղքատ է գնահատվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 հազար 590 դրամը։ Ընդ որում՝ այստեղ ներառվում են ինչպես սնունդն ու կենցաղային ապրանքները, այնպես էլ կոմունալ վճարները, տրանսպորտը, բժշկական ծախսերը և այլն։ Իսկ ծայրահեղ աղքատների դեպքում ամսական սպառումը չի գերազանցել 29 հազար 786 դրամը։ Հայաստանի քաղաքային բնակավայրերում աղքատությունն ավելի ցածր է, քան գյուղերում։ Եթե միջին հաշվարկներով քաղաքներում աղքատ է բնակչության 21.5%-ը, ապա գյուղերում՝ 27%-ը։ Թե որ մարզն է Հայաստանում ամենաաղքատը, Վիճկոմիտեն չի հրապարակել։

Աղքատության վերաբերյալ մանրամասն զեկույցը խոստանում են ներկայացնել առաջիկայում։ Կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում ապրող երեխաների 31.7%-ն է աղքատ, նրանցից 1.8%-ը՝ ծայրահեղ աղքատ։ Վերջին հինգ տարիներին աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2020 թվականին՝ 27%։ Աղքատության և սովի աճող ցուցանիշները մտահոգիչ են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ահազանգում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը․

Զարգացած երկրների ղեկավարները հետևողական չեն իրենց խոստումները կատարելու մեջ: Ուզում եմ վկայակոչել 1996 թվականի Հռոմի գագաթնաժողովը, որը հատուկ ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության կողմից էր հրավիրված,  որտեղ երկրների ղեկավարները, հատկապես զարգացած երկրների ղեկավարները, պարտավորություն ստանձնեցին մինչև 2015 թվականը կրճատել աղքատությունը ամբողջ աշխարհում կիսով չափ: Երբ 2015 թվականին այդ տվյալները փորձեցին ամփոփել, ապա պարզվեց, որ ոչ միայն կիսով չափ չեն կրճատել, այլ կրկնակի ավելացել էր աղքատությունը համեմատած 1996 թվականի հետ։

Աղքատության ավելացմանը նպաստել է ոչ միայն  սննդամթերքի գների աճը, այլև աղքատության գնահատման վերանայված մեթոդաբանությունը։ Տնտեսագետը նկատում է՝ Հայաստանում ունենք մարզեր, օրինակ, Գեղարքունիքը, Շիրակը,  որտեղ աղքատությունը շատ մեծ տոկոսների է հասնում։ 

Ոչ միայն աղքատությունն է աճել, այլ նաև աղքատության ներքին ստորին սահմանից ներքև գտնվող մարդկանց թիվը։ Ցավոք սրտի, կան նաև սովամահության դեպքեր։ Սա մի տեսակ մեզ համար խորթ երևույթ է եղել, բայց գրանցվել են նաև այդպիսի դեպքեր։ Թերսնուցումն ու սովը արդեն լուրջ սպառնալիքներ են դարձել մեզ համար, քանի որ պարենային անվտանգության առումով Հայաստանի Հանրապետությունը բավական լուրջ մարտահրավերներ ունի։ Եվ առայժմ գյուղատնտեսությունը, որը շարունակական անկում ունի վերջին տարիներին, չի կարողանում ապահովել սննդամթերքի անհրաժեշտ քանակությունը։ Եվ մենք այժմ հստակ կախվածություն ունենք արտերկրից սննդի ներմուծման մասով։

Հայաստանում պարենային անվտանգությունը մշտապես եղել է հասարակական և քաղաքական քննարկումների կիզակետում։ Սա հատկապես արդիական է ցորենի և այլ հացահատիկային մշակաբույսերի պարագայում, որոնց պահանջարկը զգալիորեն գերազանցում է տեղական արտադրության հնարավորությունները։ Շատ ապրանքատեսակների մասով Հայաստանը ինքնաբավ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է արտադրության ծավալների նվազմամբ։ Օրերս էլ ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում։ Թեև բյուջեի քննարկումներն ավարտվել են, տնտեսագետ Թաթուլ Մանասերյնաը կարծում է, որ դեռ ուշ չէ վերանայել պարենային անվտանգության սպառնալիքները։

Սովի և աղքատության դեմ պայքարը կարևորում են նաև G20 գագաթնաժողովում։ Ըստ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի՝ քաղցն ու աղքատությունը ոչ թե սակավության կամ բնական երևույթների հետևանք են, այլ քաղաքական որոշումների արդյունք է։ Սովի և աղքատության դեմ դաշինք ստեղծելու նախաձեռնությունը հանրային աջակցություն է ստացել աշխարհի 81 երկրներում:

Կարդացեք նաև

Back to top button