ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Լսեցին ու խոստացան․ կրկին շրջանառության ու ավելացված արժեքի հարկերի մասին

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով տնտեսական գործունեության որոշ տեսակներ 2025–ի հունվարից շրջանառության հարկից անցում կկատարեն ավելացված արժեքի հարկման դաշտ։ Մինչև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելը, խորհրդարանական լսումներ են անցկացվել։ Համակարգի ներդրումը կնպաստի միասնական և հավասար հարկային միջավայրի ձևավորմանը։ Սա նաև թույլ կտա վերացնել հարկային պլանավորման և հարկերից խուսափելու հնարավորությունները՝ կարծում են կառավարությունում։ Ոլորտային ներկայացուցիչներն առաջարկել են քննարկումները շարունակել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հարկերի ավելացումը չպետք է կտրուկ լինի, պետք է պահել համաչափությունը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը չի բացառել, որ փաթեթը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել։

Հարկային արտոնյալ ռեժիմները օգնո՞ւմ, թե՞ խանգարում են բիզնեսին։ Բիզնեսի ու կառավարության մոտեցումները տարբեր են։ Գործադիրն առաջարկում է աստիճանաբար դուրս գալ հարկման արտոնյալ ռեժիմից՝ շրջանառության հարկման դաշտից պետք է տեղափոխվել ԱԱՀ հարկման դաշտ։ Փաթեթը մի քանի անգամ քննարկվել է, լրամշակվել, հաստատվել կառավարության նիստում։ Բայց մինչ խորհրդարանում քննարկելը, լսումներ էին կազմակերպվել։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հիշեցնում է՝ 2025թ հունվարի 1–ից գործունեության որոշ տեսակներ դուրս կգան շրջանառության հարկման դաշտից․

 «Իրավաբանական գործունեություն, հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտական շինարարական այլ գործունեություն, անշարժ գույքի գործակալություններ, վարձատրության կամ պայմանագրային հիմունքով ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն և առողջապահություն»։

Ակնկալվում է ձևավորել միասնական ու հավասար հարկային միջավայր։ Բացատրում են՝ շրջանառության հարկի համակարգում գործող անձինք, օրինակ՝ անհատ ձեռնարկատերերը, վճարում են առավելագույնը 5 տոկոս շրջանառության հարկ, ինչը էականորեն ցածր է նույն գործունեության համար ընդհանուր հարկման համակարգում սահմանված հարկային բեռից։

Սա անհավասար իրավիճակ է ստեղծում հատկապես այն դեպքերում, երբ համեմատվում են շրջանառության հարկով գործող անհատ ձեռնարկատերերը և, օրինակ, աշխատավարձ ստացող մասնագետները։ Կառավարությունում ակնկալում են, որ հարկերից խուսափելու դեպքերը կնվազեն։ ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը ընդգծում է՝ փոքր ու միջին բիզնեսը, հատկապես մարզային, տեղյակ չէ փոփոխություններից։

 «Զարգացած երկրներում, ի վերջո, ընդունված է, որ  փոքր բիզնեսը պետք է քիչ  հարկ վճարի, կապ չունի հայտնի ֆիրմա է, թե իրավաբանական անձ,  նույնը նաև վերաբերում է աուդիտորական կազմակերպություններին ու հաշվապահներին»։

Ֆինանսների նախարարի տեղակալը հիշեցնում է՝ հարկման այլընտրանքային համակարգերի կարիք կար,սոցիալական խնդիր էր լուծվում, նախապատրաստվում էին ավելի արդար հարկման համակարգի։ Բացատրում է՝ անցումային փուլը կամ ավարտվել է, կամ շատ մոտ է ավարտին։

«Աշխարհում  հարկման այլընտրանքային համակարգեր  գոյություն ունեն։ Բայց դրանք մեր տրամաբանությամբ  այլ տրամաբնության մեջ են։ Դրանք այլընտրանքային են, ոչ թե արտոնյալ։ Այլընտրանքայինը նշանակում է, որ ստեղծվել է մի հատ նորից պարզ փափուկ միջավայր , որտեղ չեն սխալվում, որտեղ հարկեր հաշվարկելը հեշտ է։ Բայց կարգապահության ծախսը, քանի որ ցածր է,  այդ համակարգերում հարկային բեռը սովորական հարկման բեռից մի փոքր ավելի է, որովհետև  հարկ վճարող է, այդ գինը պետք է վճարի այդ փափուկ միջավայրում գործելու համար»։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն առաջարկում է՝ եթե անգամ օրեսնդրական փոփոխությունները պետք է ընդունվեն, ապա դրանք ուժի մեջ մտնեն ոչ թե 2025–ի, այլ 2026–ի հունվարի 1–ից։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նշում է՝ մոտ 270 հազար գործ է քննվում դատարանում, 468 հազար քաղաքացի է մասնակցում գործընթացին։

«Սա նշանակում է, որ այս իրավաբանական ծառայությունների ինքնարժեքի փոփոխությունը անդրադառնալու է այս քաղաքացիներին: Եվ այստեղ ես նորից եմ տեսնում, որ ճիշտ չի ընկալվում իրավապաշտպան գործառույթի բնույթը»:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ պետք է գտնել սահուն անցում ապահովող տարբերակ։ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, անդրադառնալով մեղադրանքներին, որ հարկային փոփոխությունները հաճախակի են դարձել, նկատում է՝ ՊԵԿ–ը տուգանք չի ավելացրել, տույժերն են բարձրացրել։ Անդրադառնալով հարկման հավասար դաշտ ապահովելուն ուղղված քննադատություններին՝ նկատում է՝

«Մոտ 22–23 հազար շրջհարկ վճարող ծառայություն է մատուցում խոշոր բիզնեսին»։

Համարժեք հարկ վճարելը ազատ գործելու իրավունքի սահմանափակում չէ՝ հստակեցնում է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Հիշեցնում է՝ հարկ վճարելը  պարտավորություն է։ Հարկերը կբարձրանան 10–ից առավելագույնը 33 տոկոսով կամ 2․3 անգամ՝ ամփոփում է Արման Պողոսյանը։ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը վստահեցնում է՝ քննարկումները ինքնանպատակ չեն, ծանութեթև են անում որոշում կայացնելիս։ Այս քննարկումն էլ բացառություն չէ։

Կարդացեք նաև

Back to top button