
Տարեցտարի նվազում է դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքը։ Փորձագետներն այս երկրի միգրացիոն քաղաքականության խստացմամբ են երևույթը պայմանավորում։ Որոշիչ դեր ունի նաև ռուբլու անկումը։ Բայց միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում նկատում են՝ հոսքը սկսել էր նվազել դեռ 2020-ին, երբ համավարակի պատճառով օդային սահմանները փակվեցին։
Երեկոն թանձրանում է Հայրավանքի փողոցներում։ Հատուկենտ մարդիկ են երևում, որոնք իրենց ոչխարներին են դիմավորում ու հասցնում անասնագոմ։ «Ռադիոլուրի» զրուցակիցները գյուղի կյանքից չեն դժգոհում։ Ավելին, պատրաստ են շարունակել գյուղի դժվար կյանքով ապրել, բայց անհանգստացնող հարցեր ունեն.
«Նայում ես չորս կողմը, երիտասարդներն աշխատանք չունեն, չեն ամուսնանում, շատ դժվար է, հատկապես, երիտասարդների համար, որ չեն պսակվում, ծնելիություն չկա, շատ դժվար է։ Գնում են արտագնա աշխատանքի, մեր տղան եկել ա երեք ամիս առաջ, զորացրվել, գործ չկար, մի քանի օր առաջ է գնացել Ռուսաստան, աշխատում է, հա, խառը գործեր են անում, էլի»։
Վիճակագրությունը փաստում է, որ 2023-ին Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մոտ 9 տոկոսով նվազել է։ Փորձագետները տարբեր պատճառներ են տեսնում՝ ռուս-ուկրաինական պատերազմից մինչև այդ երկրի միգրացիոն քաղաքականության խստացում։
Ամեն տարի ՌԴ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։ 2023-ին այս երկրից 110 հազար օտարերկրացի է արտաքսվել, 65 տոկոսով ավելի շատ՝ քան 2022-ին։ Եռամսյակը մեկ մոտ 15 հազար մուտքի արգելք ունեցողի տվյալ է ուղարկվում ՀՀ ՆԳՆ միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն։ Իհարկե, կան կրկնվող տվյալներ, բայց մի քանի հազար տվյալը պահպանվում է։ Հնարավոր է, որ քաղաքացին ունենա մուտքի արգելք, բայց դուրս չգա ՌԴ-ից։ Սա ավելի վտանգավոր է՝ արձանագրում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը: 2025թ. հունվարի 1-ից փոխվում է ՌԴ-ում առանց վիզային ռեժիմի ժամանակավոր գտնվելու ժամկետը։ Ռուսաստանում տարեկան գումարային 30 օրից ավելի գտնվող միգրանտից կպահանջվի ստորագրել «Ռուսաստանին լոյալության համաձայնագիր»:
«Պարտավորվում են չխախտել ՌԴ օրենսդրությունը, հետևել ՌԴ սովորույթներին, պատերազմի մասին չհայտնել այլ կարծիք, քան ընդունված է ՌԴ-ում։ ՌԴ-ի գործողություններին հայտնել իրենց լոյալությունը»։
Բացի այդ չպետք է չարաշահեն ՌԴ պետական ծառայողների գործողությունները բողոքարկելու իրավունքը։ Անձը տալիս է իր համաձայնությունը, որ լոյալ է ՌԴ կառավարութան բոլոր գործողությունների հետ: Տաթևիկ Բեժանյանը նշում է՝ փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2025թ․ ուստի այս պահին մուտքի արգելքի թիվը կավելանա արդեն հաջորդ տարվա հուլիսին։
«Առաջին բումը կլինի նա, ես վստահ եմ, որ ուղղակի Ռուսաստանի Դաշնության ոստիկանությունը ինքը կսկսի օրենքը կիրառել, հետո վստահաբար փող կվերցնեն, կսկսի թուլանալ, բայց սկզբի հատվածում, ինչպես եղավ 15 թվականի խստացումների ժամանակ, ինչպես եղավ 21-ի խստացումների ժամանակ, մենք առաջին էտապում էդ բումը կունենանք, այսինքն, շատ կտրուկ կաճի մուտքի արգելք ունեցողների թիվը։ Իսկ դա նշանակում է, որ նրանց մեծ մասը առնվազն առաջիկա երեքից 10 տարիների ընթացքում Ռուսաստան չի կարող մուտք գործել»։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուրին» ասում է՝ երկրներն իրենք են ընտրում իրենց միգրացիոն քաղաքականությունը․
«Միգրացիայի ոլորտում շատ քիչ են միջազգային սահմանափակումները։ Մենք որոշակի նվազում կամ դանդաղում տեսնում ենք՝ ՌԴ ՆԳՆ թվային պատկերը ևս այս մասին է խոսում։ Իրականում մեր աշխատանքային միգրացիոն հոսքի մեծ մասը շարունակում է ուղղված լինել դեպի ՌԴ»։
Բացի միգրացիոն քաղաքականության խստացումից, նաև ռուբլու կուրսն է անկում ապրել։ Սա նույնպես ազդում է արտագնա աշխատանքի մեկնողների թվի վրա։ Տնտեսագետ Գրիգոր Նազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է․
«Տարեկան մոտ 1 մլրդ դոլարի տրանսֆերտ էր ստացվում ՌԴ–ից, այս գումարները, բնականաբար, կրճատվելու են։ Տրանսֆերտների 90 տոկոսից ավելին ուղղվում էր սպառմանը, ուստի այս իրավիճակը ուղղակիորեն ազդելու է քաղաքացիների կենսամակարդակի վրա»։
Նոր պահանջներից մեկն էլ այն է, որ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելիս կամ ֆինանսական բավարար գիտելիքներ պետք է ունենալ, կամ հաշվապահ՝ ՌԴ-ում աշխատանքային պայմանագրով աշխատելուց ու արտագնա աշխատանքից վերադառնալուց հետո տույժ-տուգանքներ չունենալու համար։ Տարեսկզբից ՊԵԿ-ը ծանուցումներ էր ուղարկում արտագնա աշխատանքից վերադարձածներին, ինչպես, օրինակ, «Ռադիոլուրի» զրուցակիցն էր ստացել․
«2022 թվականի մարտի 9-ին գնացել եմ ՌԴ արտագնա աշխատանքի։ Նույն թվականի օգոստոսի 25-ին վերադարձել եմ։ Մոտ մեկ ամիս առաջ ՊԵԿ-ից ինձ նամակ է եկել, որ ես ՌԴ-ում եմ գտնվել 183 օրից պակաս։ Հարկի հետ կապված վրաս տույժ կա։ ՌԴ-ում ես օրինական, գրանցված աշխատող եմ եղել։ 6․4-ով ռուբլու կուրսը հաշվել են, ու ես երկու տարի հետո նոր նամակ եմ ստացել, որ 110 հազար դրամ պետք է վճարեմ»։
Մոտ 500 նմանատիպ ծանուցման մասին ահազանգի հետքերով միգրանտների խնդիրներով զբաղվող «Հայկական Կարիտասն» էր զբացվել ու պարզել, որ ԱՊՀ կառավարությունները 2018 թ․-ին Աստանայում մի համաձայնագիր են կնքել, որով էլեկտրոնային եղանակով հարկային տեղեկություններ են փոխանցվում կազմակերպության անդամ երկրներին։
Հայաստանն արձանագրությունը վավերացրել է 2020 թ․-ի փետրվարին։ Հենց այդ արձանագրության շրջանակում էլ ՊԵԿ-ը ստացել է ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկությունը և սկսել է գումարային պահանջներ ներկայացնել։
Աշխատանքային միգրանտները, որոնք ՌԴ-ում 2022 թ աշխատել են օրինական աշխատանքային պայմանագրերով, և նրանց համար վճարվել են հարկեր, ՀՀ հարկային օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն, համարվում են հարկային ռեզիդենտներ Հայաստանում, քանի որ տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվել են երկրում։ Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն նրանք հարկվում են նվազեցվող եկամուտների դրական տարբերությամբ։ Հայաստանի աշխատանքային միգրացիայի հիմնական հոսքը դեպի Ռուսաստան է, ուստի հենց այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնողներն են ծանուցումներ ստանում՝ պարզաբանում է Տաթևիկ Բեժանյանը․
«Եթե անձը ռեզիդենտ է ՌԴ-ում՝ 183 և ավելի օր գտնվել է ՌԴ-ում, ապա վճարում է 13 տոկոս եկամտահարկ։ Եթե դրանից քիչ՝ 30 տոկոս։ Այստեղ հարց էր առաջացել ինչպե՞ս է եղել, որ անձը ռեզիդենտ է եղել ՀՀ-ում, բայց ՌԴ-ում նրա համար գանձվել է ռեզիդենտի հարկ, ինչն էլ այս խնդիրն է առաջացրել։ Մեր քաղաքացիներից 30 տոկոսի փոխարեն 13 տոկոս է գանձվել։ Իսկ քանի որ ՀՀ-ում եկամտահարկն ավելի բարձր է, քան 13 տոկոսը, 2022-ին 21 տոկոս էր, տարբերությունը 8 տոկոսի չափով, հաշվարկել են որպես հարկային խախտում»։
Միգրացիոն հարցերով փորձագետը ևս մեկ հետաքրքիր վիճակագրություն է ներկայացնում․ աշխատանքային միգրանտների 65 տոկոսից ավելին լավագույն դեպքում ունի միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն։ Քիչ չեն նաև պարզապես հիմնական կամ տարրական կրթություն ունեցողները։
ՌԴ-ում միգրանտները հիմնականում ներգրավված են շինարարության ու ծառայությունների ոլորտներում։ Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները բողոքի ակցիաներ կազմակերպեցին ու, ըստ էության, հարցը առկախվեց։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նշում է՝ ՌԴ մեկնողների հոսքը նվազեց՝ 2020-ից հետո: Պաշտոնյան նկատում է՝ առաջիկայում միգրացիոն խստացումներին վերաբերող հարցերը կքննարկեն արդեն ՌԴ-ում, հետո միայն այլ մանրամասներ պարզ կլինեն։




