
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը երկուշաբթի հույս է հայտնել, որ ԵՄ անդամները կթույլատրեն Ուկրաինային զենք օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար։
«Ես միշտ ասել եմ, որ Ուկրաինան պետք է կարողանա օգտագործել զենքը, որը մենք տրամադրել ենք նրան, որպեսզի ոչ միայն հետ մղի նետը, այլև կարողանա խոցել նետաձիգներին», — ասել է Բորելը ԵՄ արտգործնախարարների հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը։
Ֆրանսիան, որը հեռահար հրթիռներ է տրամադրել Ուկրաինային, երկուշաբթի ազդարարել է, որ Ռուսաստանի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին հարվածելու թույլատրությունը Կիևին մնում է օրակարգում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ԱՄՆ արտադրության ATACMS հրթիռային համակարգերը Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյայի։




