
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, այս շաբաթ Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կառավարության, մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի ներկայացուցիչների հետ, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի պաշտոնակատար Մարկ Հաննաֆինիի հետ քննարկման թեման Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կրթական և հետազոտական համագործակցության ամրապնդումն էր՝ երկու երկրների նպատակներին համահունչ:
ԱՄՆ Պետքարտուղարությունում պատվիրակությունը հանդիպել է Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի պաշտոնյաների, այդ թվում՝ բյուրոյի ավագ խորհրդական Բարեթ Հագայի և Ֆուլբրայթ ծրագրի Եվրոպայի բաժնի պատասխանատուներին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ ուսանողների և գիտնականների՝ ԱՄՆ-ում գործող հեղինակավոր, ինչպես օրինակ՝ Fullbright, BridgeUSA և կրթական փոխանակման այլ ծրագրերին մասնակցության հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին, այդ թվում՝ ԵՊՀ-ի և ԱՄՆ-ի բուհերի միջև ակադեմիական համագործակցության և համատեղ հետազոտությունների շրջանակի ընդլայնմանը:




