
Անկախության հռչակագրի վերաբերյալ Հայաստանի վարչապետի՝ նախօրեին արած հայտարարությունը բուռն քննարկումների ու բանավեճի առիթ է դարձել Ազգային ժողովում։ Ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց փոխարաձ մեղադրանքներ են ուղղել՝ տրամագծորեն տարբեր դիրքերից մեկնաբանելով վարչապետի հայտարարությունները։
Ընդդիմադիրներները մտավախություն ունեն, որ դրանք հեռուն գնացող նպատակներ ունեն, իշխանությունը համոզված է, որ Հայաստանի նպատակները պետք է իրատեսորեն ձևակերպվեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության հռչակագրի մասին աղմկահարույց հայտարարությունը ոչ թե «դրսից» պարտադրված խոսույթ է, այլ՝ հանրության հետ ուղիղ շփման օրինակ` համոզված է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Անկախության հռչակագիրը փաստաթուղթ է Հայաստանի չգոյության մասին»․ Փաշինյանի այս ձևակերպումը, ըստ Խանդանյանի, քողարկված նպատակներ չունի, և այն պետք չէ դիտարկել ադրբեջանական պահանջների ներքո։
«Խոսակցությունը բացառապես ներհայաստանյան է եղել, իրական Հայաստանի գաղափարի շուրջ: Ու ես չեմ հասկանում այն ենթադրությունը, որ որևէ ներհայստանյան խոսույթ՝ Հայաստանի հանրության հետ Հայաստանի կառավարության խոսակցությունը պետք է ինչ-որ տեղից պարտադրված լինի: Դա չպիտի պատճառ լինի, որ մենք դադարեցնենք այդ խոսակցությունը, որովհետև դա կնշանակի հեռանալ ժողովրդից և չխոսել այն իրական խնդիրների մասին, որ կան մեր երկրում: Խոսքը բովանդակության մասին է և շեշտադրումների, որոնք կան Անկախության հռչակագրում։ Այդ փաստաթուղթն ընդունվել է 1990 թվականին, երբ անկախ Հայաստանը չկար: Բայց այն տեսլականը, որը նկարագրված է Անկախության հռչակագրում, ըստ էության շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը»:

Ի տարբերություն իշխանական պատգամավորի՝ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը ձևակերպում է ընդդիմադիր դաշտում առկա դժգոհությունն Անկախության հռչակագրի նոր մեկնաբանությունից․
«Երկիրը եղել է, լավ է եղել, վատ է եղել, զարգացել է, աճել է: Հիմա պարզվում է, բոլոր դժբախտությունների հիմքը մեր Անկախության հռչակագիրն է եղել: Լավ, դուք ոչ մի բանում մեղավոր չե՞ք։ Ո՛չ, Անկախության հռչակագիրը չի, եթե դա է ձեր իրոք գաղափարական համոզմունքը: Այստեղ չեմ հիշում ով ասաց՝ իրական Հայաստանում Արցախը տեղ չունի: Եթե դա էր ձեր իրական քաղաքականությունը, ուրեմն դուք ամեն ինչ պետք է անեիք այդ իրականա Հայաստանը կերտելու համար։ Լավագույն ձևը ո՞րն է՝ պատերազմ»:
Գործընկերոջ խոսքը շարունակելով՝ «Հայաստան» խմբակցությունից դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը խիստ վտանգավոր է համարում նման հայտարարությունները։
«Նիկոլ Փաշինյանը փորձեց սպանել մեր անկախությունը, ասել, թե Անկախության հռչակագիրը պետության չլինելու մասին է, պետության մահախոսական է։ Մոտավորապես այսպիսի գաղափար ասաց, ոչ թե որովհետև այդպես էր մտածում, այլ որովհետև Ադրբեջանը ամեն օր Հայաստանին ստիպում է Անկախության հռչակագրից հրաժարվել»։

Մինչդեռ, ըստ Խանդանյանի, վարչապետը խորհրդարանում նաև հստակ ձևակերպեց Հայաստանի պաշտոնական պատասխանը, օրինակ, Սահմանադրությունը փոխելու ադրբեջանական պահանջների վերաբերյալ։
Անկախության հռչակագրի շուրջ խորհրդարանական բանավեճը վերածվեց փոխադարձ մեղադրանքների, որտեղ ընդդիմությունն ու իշխանությունը հիշեցին անկախ Հայաստանի պատմության տարբեր դրվագներ՝ Արցախյան առաջին պատերազմից մինչև «Հոկտեմբերի 27», ապա՝ Դաշնակցության 004 շրջաբերական ու Արցախի հայաթափում։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան․
«Կարո՞ղ է, ասենք, մեր ծնողները անկախության շարժմանը չեն մասնակցել, թե ձեզ թվո՞ւմ է միայն դուք եք այնտեղ մասնակցել, այն էլ պատերազմի ժամանակ՝ կառավարության դիմաց նախագահի հրաժարական պահանջելով։ Մենք բոլորս պիտի անցնենք այս ինքնահայեցման ճանապարհը։ Մենք չենք կարող, և դա չի ստացվի հույզերով սնվել, ինչ-որ երազանքներով սնել անիրականանալի և ոգևորել դեպի մի բան, որը իրենցը չի»։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, ապա դրանք, ըստ էության, նոր թափ են ստանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած կազանյան շփումներից հետո։ Հայկական կողմը հաստատում է, որ նոր առաջարկներն ու պատասխանները, որոնք 4 օր առաջ ուղարկվել են Բաքու, հենց կազանյան հանդիպումների արդյունքներով են։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը տեղյակ չէ, թե վերջին փաստաթղթերը ինչ խողովակներով են փոխանցվել Բաքվին։ Խանդանյանը հստակեցնում է, որ օրինակ, Ադրբեջանի հետ «ռազմավարական գործարք» կնքելու մասին Փաշինյանի առաջարկը չի ենթադրում «Խաղաղության պայմանագրից» առանձին նոր փաստաթղթի գոյություն։

«Ռազմավարական գործարքը փաստաթուղթ կնքելու մասին չէ։ Խոսքը բոլոր բանակցությունների, քննարկվող իրողությունների և թեմաների շրջանակում այնպիսի տրամաբանություն հաղորդելու մասին է, որոնք, ի վերջո, պետք է շահավետ լինեն։ Խոսքն այն նույն սկզբունքների մասին է, որոնք խաղաղության պայմանագրի բանակցությունների, ապաշրջափակման ու սահմանազատման շուրջ քննարկումների հիմքն են։ Այն է, որ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և իշխանությունը, չեն խառնվում միմյանց ներքին գործերին, փորձում են նորմալացնել հարաբերությունները, որպեսզի այդ հարաբերությունների կարգավորումը լինի շահավետ երկու կողմերի համար»։
Երևանից հնչող այս հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը նոր թեմա չէ։ Ջեյհուն Բայրամովը պնդել է, որ այդ թեմայով 2020 թվականի եռակողմ հայտարարությունն ունի հատուկ կետ, որը, ըստ Բայրամովի, «մատնանշում է այն պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնում է»։ Այդ կետը եռակողմ հայտարարության երկու կողմն ընկալում էր «միջանցքային» տրամաբանության մեջ։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ «եթե այս հարցում դեռ պաշտոնական փաստաթուղթ չկա, եթե Հայաստանն այս ուղղությամբ աշխատանքներ չի սկսել, ապա դեռ բաց հարցեր կան»։
Մինչդեռ Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են տարածաշրջանային հաղորդակցությունների բացման փոխադարձ ընդունելի որոշմանը։ «Արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ հարցում «միջանցք» պահանջելու իր օրակարգից» հարցին Սարգիս Խանդանյանը վաղ է համարում պատասխանել։ Կարծում է՝ նախ պետք է ստանալ Ադրբեջանի արձագանքը, հետո միայն՝ եզրահանգումներ անել։




