
Բաղրամյանի և Արմավիրի տարածքների գյուղատնտեսական նշանակության հողերը տուժում են մկնանման կրծողների հասցրած վնասից: Դաշտամկները ակտիվացել են օգոստոսից, վնասել մարզի մշակովի հողատարածքները: Վնասը մեծ է պտղատու և խաղողի այգիներում: Ձեռնարկված միջոցներն ուշացած են և օգուտ չեն տվել: Հատկացված թունանյութը չի բավարարել մշակովի հողատարածքներում կրծողների դեմ պայքարի համար: Հողերը բարձր վարակավածություն ունեն:
Կրծողները դաշտերից արդեն լցվել են մեր տները՝ ահազանգում են գյուղացիները: Մարզի Բաղրամյան, Արմավիր ու Մեծամոր համայնքների գյուղատնտեսական նշանակության հողերը վարակված են մկնանման կրծողներով, որոնք մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մյասնիկյան գյուղի դաշտերով քայլելիս՝ հողը փշրվում է ոտքի տակ. ամենուր մկնաբներ են: Կրծողները վնասել են Հասմիկ Հակոբյանի մշակած հողատարածքը, ազդել բանջարեղենի բերքատվության վրա:
«Ամեն ինչ ժամանակին արել ենք՝ պարարտանյութ, բուժում, բայց մկները չթողեցին բերք հավաքեինք, որը կրծոտած էր ու շուկային հարմար չէր, որի քոքը կրծեցին, հատկապես՝ սպիտակ վարունգի արմատները, ցողունը: Մի խոսքով՝ մկները շատ մեծ վնաս տվեցին»:
Մկնանման կրծողներին նկատել էին օգոստոսին, երբ սկսվել էր բերքահավաքը: Հասմիկ Հակոբյանն ասում է, որ բացի սպիտակ վարունգից մյուս բանջարեղենը վնասել են.
«Ես հույս ունեի 4-5 տոննա պղպեղ ստանալ 7 շարքից: Անցած տարի պղպեղի մի ցողունի վրա 15-20 հատ բերք կար. 3 հատը 1 կիլոգրամ էր կշռում: Իսկ այս տարի բույսն այնքան ուժ չուներ, որ 5 հատ հազիվ էր տվել»:
Բանջարեղենը մշակել էին նորտունկ ծառերի միջև ընկած տարածքում: Ասում է՝ հողը չեն ցանկացել պարապ թողնել մինչև ծառերը պտղատու դառնան: Մկները մեծ վնաս են հասցրել կորիզավոր պտղի այգիներին:
«Հատկապես վնաս են տվել ծառերին՝ կեղևազրկել են, երևի արմատներն էլ են կերել: 4 հա այգիներում մեկ շաբաթ առաջ արդեն 100-ից շատ ծառեր կեղևազրկել են»:
Կեղևազրկված ծառերը կորցնում են կենսունակությունը: Մյասնիկյանում կրծողները տարածված են գյուղի 2600 հեկտար հողերում, որոնցից 500 հեկտարն է մշակովի: Գյուղում շուրջ 400 հեկատարի վրա պտղատու և խաղողի այգիներ են: Մկները չեն խնայել մատղաշ տնկիները:
«Այս ծառի կեղևը կերած է, մյուսը՝ նույնպես. մի ծառի շուրջ արդեն 2 բույն կա: Այս ծառն այլևս չի բացվի, վերջ: 3-4 տարեկան ծառ է, հյութաշարժություն չի լինի ու կչորանա: Այս դաշտում բերել, փորել եմ տվել ծառերի շուրջը, քանի որ ամբողջը մկների բներ էին: Ասի՝ փորենք, որ բները քանդենք, բայց օգուտ չկա»:
«Հիմա եղանակը տաք է, մկները սնվում են դրսի կանաչ խոտից: Քանի դեռ կեր կա, սնունդ կա, դրանից օգտվում են, իսկ երբ ձյուն գա, ցրտերն ընկնի՝ կանցնեն ծառերի արմատներին: Դրանից ծառերը չորանալու են»:
Կրծողներով վարակված են Մյասնիկյանին հարակից բոլոր գյուղերը: Բաղրամյան համայնքի գյուղատնտես Մխիթար Մանուկյանն ասում է, որ հողերը մկնանման կրծողների բարձր վարակվածություն ունեն՝ 1 հա-ի վրա 100-ից ավելի բներ է հաշվել, այդ մասին ահազանգել է ամիսներ առաջ, բայց թունանյութերն ավելի ուշ են հատկացրել:
«1 հեկտարին նախատեսված է 4 կգ ցորեն կամ գարի, յուրաքանչյուր կիլոգրամին խառնում ենք 30-40 գրամ բուսայուղ, լավ խառնում ենք, ու ավելացնում 20 գրամ թունանյութ»:
Գրավչանյութով բրոմեդ թույնի խառնուրդը լցրել են մկների բնանցքերը: Մխիթար Մանուկյանն ասում է, որ այդ դեղը դանդաղ է ազդում, մկները սատկում են 7-8 օրվա ընթացքում: Մյասնիկյանի այգետերերին արդեն երկրորդ անգամ են թունանյութեր բաժանում, առաջինը՝ օգոստոսին, երկրորդը՝ մի շաբաթ առաջ՝ ասում է վարչակազմի գլխավոր մասնագետ Լաուրա Սմբատյանը.
«Ամռանը տվեցին պատրաստի թունանյութը՝ ցորենի ու ձեթի խառնուրդով, բայց դա լիարժեք չի բավարարել, մյուսը մեկ շաբաթ առաջ 1 հեկտարի հաշվարկով 40 գրամ թույն բաժանեցինք, էլի չի բավարարել, համայնքապետարանից խոստացել են նորից բերել»:
Պայքարն անարդյունավետ է եղել, քանի որ ողջ տարածքը մկնասպան թունայութերով չի ծածկվել:
Մարզի գլխավոր գյուղատնտես Արթուր Այվազյանն ասում է, որ էկոնոմիկայի նախարարությունից մարզին հատկացվել է 804.6լ մկնասպան բրոմեդ թունանյութ, որը բաշխվել է 7 համայնքում 10 հազար 57 հեկտարի վրա պայքարի միջոցներ ձեռնարկելու համար:








