ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Խաղաղության պայմանագրի կողքին ավելանում է ռազմավարական գործարքի անհրաժեշտությունը

Վերջին երկու օրվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ներկայացնելիս նաև մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանի արտաքին քաղաքականության առնչությամբ։ Նա առաջին անգամ խոսել է Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև անդրադարձել է Անկախության հռչակագրի իր ընկալումներին։ Աժ–ում իր եզրափակիչ ելույթում նա ակնարկել է, որ պետականության համար լինում են պահեր, երբ անհրաժեշտ է որոշումներ կայացնել։ Վարչապետը նաև փոքր–ինչ պարզաբանել է իր նոր հայտարարությունների ենթատեքստը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեռ դժվարանում են պարզաբանել Հայաստանի և Ադրբեջանի միջև բացի խաղաղության պայմանագրից և այլ օրենքներից նաև ռազմավարական գործարք կնքելու անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը։ Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը այս գաղափարին դեռ ծանոթ չէ․

«Չգիտեմ՝ ես ծանոթ չեմ թեմային։ Երբ կծանոթանամ, այդ ժամանակ հարցերին կպատասխանեմ։ Ես երբեք անակնկալի չեմ գալիս»։

Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքելու գաղափարի մասին Հայաստանի վարչապետն առաջին անգամ խոսեց նոյեմբերի 13–ին՝ ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին։ Փաշինյանը պարզաբանեց՝ փաստաթուղթը պետք է բանաձևի, թե առաջիկա հարուրամյակներում, որպես անկախ պետություններ, ինչպես են պատրաստվում կողք կողքի ապրել Հայաստանն ու Ադրբեջանը։ Փաշինյանի պատկերացումներով՝ ռազմավարական գործարքը պետք է հենվի իրական Հայաստանի հայեցակարգի վրա։ Իսկ թե ինչպես է, բացի ներկայացվող քարտեզից, այն պատկերացնում, վարչապետը պատմեց Աժ ամբիոնից՝ բյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում․

«Պատմական Հայաստանի մոդա է։ 30 տարեկան երիտասարդի հետ խոսում ես, ասում է՝ դե, ես սասունցի եմ, այն մեկն ասում է՝ ես մշեցի եմ, հինգերորդը ասում է՝ ես վանեցի եմ, յոթերորդն ասում է՝ ես խոյեցի եմ, ութերորդն ասում է՝ ես իգդիրցի եմ։ Շատ լավ հասկանում եմ։ Բայց, ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ՝ բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, երևանցին ո՞վ է այս երկրում, աշտարակցին ո՞վ է այս երկրում։ Ամենայն հարգանքով՝ ես հիմա ուզենամ էլ, չեմ կարող ո՛չ մշեցի լինել, ո՛չ վանեցի, որովհետև ես իջևանցի եմ, հայաստանցի եմ։ Ես էլ եմ ուզում ․․․ /ծիծաղում է – խմբ / Բայց ես այսպիսի ապազգային տարր եմ, Ենոքանավանից ոչ մի կողմ չեմ կարողանում գնամ, արխիվները ինչքան քանդում եմ, ասում եմ՝ մի հատ այդպիսի էջ էլ ինձ համար բացեմ, չի ստացվում։ Մենք չենք հասկանում մի պարզ բան, որ երբ մենք Դիլիջանում ապրում ենք, ասում ենք՝ ես վանեցի եմ, մենք Դիլիջանը կորցնում ենք։ Միջանցք ենք բացում, որ ասենք՝ այդտեղ մարդ չկա բնիկ, դրանք այստեղից–այնտեղից եկած են»։

Վարչապետի դատողությունները հավաքական մտածելակերպի ապապետականության մասին խորհրդարանում բուռն քննարկման և վեճերի թեմա դարձան իշխանության ու ընդդիմության միջև։

Իրական և պատմական Հայաստանի մասին բանավեճը կեղծ է համարում «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նա գտնում է, որ իրականում միակ քննարկման առարկան հետևյալն է․ արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սպառնալիք ներկայացնել ՀՀ համար, թե՝ ոչ, և ինչ է անում Հայաստանը այդ սպառնալիքին դիմագրավելու համար։

«Դուք պարզապես Թուրքիային մեր պրոտեկտորատ սարքելը, դուք պարզապես Ադրբեջանին ու Թուրքիային մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել եք «իրական Հայաստան» անիրատեսական տերմինի ներքո։ Աշխարհում մի պետություն կա, որ մեր ազգին ցեղասպանել է, դա Թուրքիան է։ Աշխարհում մի պետություն կա, որը բազմաթիվ անգամներ հարձակվել է Արցախի և Հայաստանի Հանրապետության վրա, և դա Ադրբեջանն է։ Հայ ժողովրդին գոյաբանական սպառնալիք դեռևս շարունակում են ներկայացնել այս երկու պետությունները, ու մեր միակ առաքելությունը դրանց դիմագրավելն է։ Միակ առաջարկը, որը դուք անում եք սրան հանդիման այն է, որ մենք այս երկու պետությունների պահանջները կատարելուց բացի այլընտրանք չունենք»։

Սրան ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմությանը, և մասնավորապես, Դաշնակցություն կուսակցության անդամներին հիշեցրեց Բաթումի պայմանագիրը, որով Հայաստանի տարածքը կրճատվում էր մինչև 28 000 քառակուսի կիլոմոտրով և կազմում 12 500 քառակուսի կիլոմետր:

«Բաթումի պայմանագիրը ստորագրել է Հովհաննես Քաջազնունին։ Ցեղասպանությունից երեք տարի անց, և պայմանագրի անունն էր «Թուրքիայի հետ հաշտության և բարեկամության մասին»։ Հիմա հարց՝ Հովհաննես Քաջազնունին հերո՞ս էր, թե՞ դավաճան։ Հերոս էր, պարոն Ռուստամյան, դուք էլ եք կարծո՞ւմ, որ դավաճան չէր։ Բայց ցեղասպանությունից երեք տարի անց… մի րոպե, մի րոպե … Ես համաձայն եմ, որ Հովհաննես Քաջազնունին հերոս էր։ Բայց եթե Հովհաննես Քաջազնունին հերոս է, ուրեմն դուք երեսպաշտ եք, որովհետև, եթե դուք մտածում եք, որ ցեղասպանություն իրագործած Թուրքիայի հետ չի կարելի անգամ հարաբերություններ կարգավորել, ինչը որ մենք այսօր անում ենք, բայց Քաջազնունին երեք տարի անց պայմանագիր է ստորագրում, որն ասում է՝ բարեկամություն ու հաշտություն, ու դուք Քաջազնունուն համարում եք հերոս, ուրեմն դուք երեսպաշտ եք»։

Գործադիրի ղեկավարի՝ խորհրդարանում արած հայտարարություններից մեկ այլ ուշագրավ հայտարարությունն առնչվում էր «Անկախության հռչակագրին»։ Փաշինյանը խոստովանում է՝ երկար է մտածել, որ այդ նախադասությունը չասի, բայց ամեն դեպքում որոշել է հրապարակել այն․

«Վերջին տարիների,ն հատկապես, ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր անկախության հռչակագիրը։ Տասնյակ անգամներով։ Եկել եմ սարսափելի եզրակացության, որ այդ «Անկախության հռչակագրի» բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ: Սա մեր ամենամեծ խնդիրն ու ողբերգությունն է։ Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և ո՞րն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը այո փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»։

Ի դեպ, ըստ Փաշինյանի՝ պետական մտածելակերպի մեջ է մտնում նաև որոշումներ կայացնելու և դրանց համար պատասխանատվություն ստանձնելու կարողությունը։ Որպես օրինակ բերում է 2020 թվականի նոյեմբերի 9–ը։

«Պետք է լինեն մարդիկ, որ վերցնեն այդ պատասխանատվությունը: 2020 թվականի նոյեմբերի 9-ին գործընկերներիցս շատերը այդ ժամանակ իմ աշխատասենյակում ներկա էին: Ես ասել եմ՝ այս պահին ինձ ոչ մի կարծիք չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը, և ես այս թուղթը ստորագրելու եմ ու համարում եմ, որ ճիշտ եմ արել, որ դա արել եմ: Ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է»։

Փաշինյանի խոսքով՝ պահեր են գալիս, որ պետք է ուղղակի ինչ–որ մեկը ստանձնի պատասխանատվություն։

Կարդացեք նաև

Back to top button