Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից արեց մի քանի բացահայտում վերջին շրջանում հայ-ադրբեջանական բանակցությունների, մասնավորապես, Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ երկարատև բանակցություններից․ նախ՝ համաժողովի սեղանի շուրջ, ապա՝ առանձնազրույցի տեսքով։
Հայաստանի վարչապետը խոստովանեց․ «Ուզում եմ գոհունակությունս արտահայտել Ադրբեջանի նախագահի հետ իմ և ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ։ Գուցե մի փոքր տարօրինակ է հնչվում, բայց այդքան երկար խոսակցություն կամ վաղուց, կամ ընդհանրապես չէին ունեցել։ Ընդ որում՝ մենք զգում էինք, գոնե ես, որ մի փոքր էլ կոռեկտության խնդիր կա, որովհետև մյուս լիդերները ելույթ են ունենում, մենք այդ ընթացքում մտքեր էինք փոխանակում, բայց կարևոր զրույց տեղի ունեցավ»։
Այս զրույցներն, ըստ Փաշինյանի, կարող են տալ երկու շոշափելի արդյունք։ Առաջինով վարչապետը խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «ռազմավարական գործարքի» մասին։
«Ամենակարևոր հատվածը իմ տեսակետից այն էր, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության և խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն «խաղաղության պայմանագրի» և տարբեր պայմանագրերի կարիք, այլ ռազմավարական գործարք ընկնելու կարիք ունեն: Այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություն պատրաստվում կողք կողքի ապրել։ Սա ամենակարևոր և ֆունդամենտալ հարցն է։ Ինքս ունեմ որոշակի պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ։ և այդտեղ էլ գաղտնիք մեծ հաշվով չկա։ Ըստ էության՝ ռազմավարական գործարքի մասին մեր պատկերացումը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա»։
Հաջորդ արդյունքը կարող է առնչվել ճանապարհների ապաշրջափակման հարցին, որի լուծումներն, ըստ վարչապետի՝ արդեն շատ մոտ են։
«Կազանում տեղի ունեցած հաջորդ կարևորագույն իրադարձությունն այն էր, որ շատ նման է նրան, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը ըստ էության, կարող է հասցեագրել և փոխադարձ և լիարժեքորեն լինել ընդունելի։ Մենք այս առաջարկը արդեն նաև գրավոր ձևով արդեն փոխանցել ենք Ադրբեջանին և ասեմ նաև, որ մենք «Խաղաղության պայմանագրի» մնացած երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները, եթե չեմ սխալվում, երկուշաբթի արդեն փոխանցել ենք»։
Հայաստանի վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի չդադարող պահանջին՝ «Խաղաղության պայմանագրի» կնքումից առաջ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին։ Պաշտոնական Երևիանի դիրքորոշումն է, որ Սահմանադրության փոփոխության կարիք չկա։ Վարչապետը տարբեր հիմնավորումներ է ներկայացնում դրա համար։
Հայաստանի Հանրապետության սահմանադրության տեքստում որևէ դրույթ Լեռնային Ղարաբաղի մասին՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի չի պարունակվում, հայտարարում է վարչապետը, կա նաև ՍԴ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշումը՝ սահմանազատման կանոնակարգի հետ կապված։ Վարչապետ Փաշինյանը, որպես առաջին փաստարկ հիշեցնում է, որ անկախության հռչակագրի և սահմանադրության միջև գոյություն ունի, ըստ ընդունող սուբյեկտների՝ հստակ աստիճանակարգային տարբերություն: Դրա տրամաբանության համաձայն՝ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրությունն ավելի բարձր է, քան՝ ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից ընդունված Անկախության հռչակագիրը։
Վարչապետի երկրորդ հիմնավորումը վերաբերում է Ադրբեջանի Սահմանադրությանը, որով Ադրբեջանն իրեն Առաջին Հանրապետության իրավահաջորդ է համարում։
«1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարծքային քարտեզը, համաձայն որի, Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի Վայոց Ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի տարածքները մասամբ, եթե ընդհանուր առմամբ վերցնենք, այն ընդգրկում է Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60%-ը: Այսպիսով, այս հղումներով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի սահմանադրությունը շարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության»:
Հայաստանի Հանրապետությունը, սակայն, Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում։ Այդ քայլը Նիկոլ Փաշինյանը բացատրում է երկու հիմնավորմամբ։ Նախ, կարծում է, որ նման պահանջը փակուղի կմցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, և երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը արձանագրում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել։
Ինչ վերաբերում է ՀՀ ներքին ընթացակարգերին, ապա եթե «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվելուց հետո անցնի ՍԴ-ով և ԱԺ-ով ու վավերացվի, ապա, ըստ Փաշինյանի՝ կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների նկատմամբ և նույնը՝ հայելային, վերաբերում է նաև Ադրբեջանին։