Նոյեմբերի 11-22-ը ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովը հյուրընկալողը Բաքուն է։ Նավթագազային տնտեսությամբ երկրի ընտրությունը ոչ միանշանակ է ընդունվել հրավիրյալների և միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանը ջանում է չեզոքացնել «բնությանը ոչ բարեկամ» երկիր լինելու՝ իր հասցեին հնչող մեղադրանքները, փոխարենը սլաքներն ուղղում Հայաստանի կողմը։ Մեղադրանքների շրջանակը լայն է՝ հայկական ատոմակայանից մինչև հանքագործական ընկերություններ։
Հայաստանյան պղինձն ու մոլիբդենը՝ գլոբալ արտահանման մեջ
«Հանքեր ունեցող երկիր»․ մեր տնտեսության ծավալն այսպես են «կշռում» միջազգային վարկանիշավորողները։
Հայաստանին բաժին է ընկնում մոլիբդենի համաշխարհային արտահանման 3-4%-ը։ Ցուցանիշը շոշափելի է, հաշվի առնելով, որ հսկա Չինաստանն արտահանում է ընդհանուրի 30%-ը։
Մյուս կարևոր հումքատեսակը պղինձն է․ համաշխարհային արտահանումը շուրջ 30 մլն տոննա է, որից 60 հազար տոննան ապահովում է Հայաստանը՝ ընդհանուրի 1%-ից պակաս։ Մեր հանքավայրերի մեծ մասում որպես վերջնարդյունք ստացվում է ինչպես պղնձի, այնպես էլ մոլիբդենի խտանյութ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։
«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որ արտադրում է և՛ պղինձ, և՛մոլիբդեն՝ խտանյութի տեսքով, Թեղուտի հանքավայրն է, Ագարակի հանքավայրն է՝ արտադրում են պղնձի և մոլիբդենի կոնցենտրատ, Կապանն է, մի քանի այլ ավելի փոքր ձեռնարկություններ»։
Հանքագործներին միավորող կառույցի ղեկավարը, որը նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենի առաջին տեղակալն է, նկատում է՝ 2 հումքատեսակներն էլ նշանակալի են մոլորակի տնտեսության ապագայի համար։
«Երբ խոսում ենք «կանաչ անցման» և ալտերնատիվ աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի մասին, բոլոր այդ տեխնոլոգիաներում օգտագործվում է և՛ պղինձ, և՛ մոլիբդեն։ Քանի որ ալտերնատիվ էներգետիկայի համաշխարհային տենդենց կա, պղնձի և մոլիբդենի պահանջարկը շատ մեծ աճ են գրանցում»։
Համաշխարհային պահանջարկի աճի հետևից կարո՞ղ ենք հասնել նոր հանքավայրերի բացմամբ՝ Վարդան Ջհանյանը պատասխանում է՝ առավել արագ և արդյունավետ ուղի է գործող հանքավայրերի արտադրանքի ավելացումը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հանքավայրում, Թեղուտում, Ագարակում հնարավորություն կա ծավալները ավելացնել։ Եթե ծավալը ավելացնում ենք, բնականաբար, ավելի շատ արտադրանք ենք տալիս և մեծ ու կարևոր դեր կարող ենք ունենալ համաշխարհային շուկաներում»։
Հանքավայրում արդյունահանման աճն էլ ներդրումներ է պահանջում՝ հանքը ձևափոխելու, հարստացուցիչ գործարանը մեծացնելու համար։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահը մեկ այլ գործոն էլ է կարևորում։
«Տարիների նախագծային աշխատանք է ենթադրում, համապատասխան թույլտվություններ և պետք է պետության կամքը։ Այդ առումով Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն աշխատանք է տանում նաև կառավարության հետ՝ ներկայացնելով՝ ինչ պոտենցիալ ունենք և աճի դեպքում ինչի կհասնի Հայաստանի Հանրապետությունը»։
Եվս 100 տարվա պաշար՝ առնվազն 1 հանքավայրում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարան հանքավայրի դիտարկվող հատվածում տեխնիկայի ակտիվ շարժ է։ Այստեղ եմ հասել տեխնիկական անվտանգության վերաբերյալ ցուցումները լսելուց և պաշտպանիչ հանդերձանք ստանալուց հետո։ Հանքավայրը սկսել է շահագործվել 1951թ.-ից։
Ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը ներկայացնում է կանխատեսում պաշարների վերաբերյալ։
«Քաջարան հանքավայրը շահագործվում է 73 տարի։ Հաշվարկներն այսպիսին են․ եթե այսօրվա տեմպը պահում ենք՝ տարեկան 22 մլն տոննա հանքանյութի արդյունահանում, պաշարները կարող են բավարարել ևս 100 տարի։ Ապացուցված պաշարների մասին է խոսքը։ Բայց չի բացառվում, որ ապագայում կամ հենց վաղը հայտնաբերվի ինչ-որ մի նոր պաշար, որը կերկարացնի հանքի կյանքը ևս 50, 100 տարով»։
Տեղանքից պղնձի, մոլիբդենի հանքաքարը տեղափոխվում է ջարդման ֆաբրիկա։ Արտադրամասերում հսկա չափերից մինչև համեմատաբար փոքր աղացներ են, որոնք «ոչ մասնագետի աչքով»՝ քար են մանրացնում։ Արտադրամասերից մեկում էլ մոլիբդենի փոշենման զանգվածը կոնտեյների մեջ լցնող հոսքագիծն է։ Հարստանյութը 1 պտույտով դատարկելու ընթացքը կարելի է տեսնել 1 րոպե պարբերականությամբ։ Հետո թանկարժեք հումքը կոնտեյներից դատարկում են ստանդարտ պարկի մեջ, ինչով էլ այն բեռնատարի միջոցով հասնում է երկաթգծի կայարան, իսկ այնտեղից՝ արտերկիր։
Հարստացուցիչ ֆաբրիկայի հերթափոխի բաժնի պետ Սամվել Գաբրիելյանը բացատրում է՝ հումքատեսակներն առանձնացնում են քիմիական նյութերի միջոցով։
-Կա պղնձի և մոլիբդենի կորզման աստիճան, օրինակ, սանտոգենատով պղնձի հումքն ենք արտահանում, իսկ սերնեստի միջոցով էլ մոլիբդենը։
-Ո՞րն է ավելի աշխատատար։
-Կախված է կորզման աստիճանից, հանքաքարի մեջ եղած մոլիբդենի և պղնձի պարունակությունից։
Հանքահումք ունենալը գործի կեսն է, վաճառելը՝ մյուս կեսը
Միջազգային շուկաներում պղնձի և մոլիբդենի պահանջարկը տեսանելի ապագայում կաճի՝ մատնանշում են վերլուծական կենտրոնները։ Աշխարհում հանքերի թիվը սահմանափակ է, ուստի առաջարկը համամասնորեն չի աճի՝ ասում է «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» նախագահը։
«Երբ լինի պահանջարկի մեծ աճ և ոչ այնքան համապատասխան առաջարկի աճ, մեծ դեֆիցիտը վրա կհասնի արդեն 2035-2040թթ.-ին։ Այսինքն նույնիսկ երբ մենք պահպանենք այն արտադրության մակարդակը, որ հիմա Հայաստանում գոյություն ունի, 10-15 տարի հետո մենք ավելի մեծ շահույթ և հարկեր ենք ունենալու մեր ոլորտից՝ գների հաշվին»։
Բայց սահմանափակ առաջարկով և ավելացող պահանջարկով պայմանավորված գների աճից զատ, նշմարվում են նաև ռիսկեր։
Հայաստանյան հանքահումքային արտադրանքի արտահանմանը կարող են խանգարել, օրինակ, բեռնափոխադրումային խնդիրները։
«Մեր ոլորտի ամբողջ արտադրանքը վաճառվում է միջազգային շուկաներում, Հայաստանի Հանրապետության ներսում սպառում, կարելի է ասել չկա, կամ էլ էական չէ։ Վերջին տարիներին ռիսկերը միայն ավելանում են՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված Սև ծովում ունենք խնդիրներ, Իրանի սանկցիոն ռիսկերը։ Բայց քանի որ արտադրանքը շատ պահանջված է, ռիսկերը միայն կարող են բերել տեղափոխման ծախսի ավելացման»։
Նավթագազային Ադրբեջան՝ շրջակա միջավայրի «մեծ մտածող»
Հայաստանում միջուկային էներգետիկայի հաշվին ստացվում է ընդհանուր էներգետիկ արդյունքի 40%-ը, հանքարդյունաբերությունն էլ հարկերի տեսքով գոյացնում է եկամուտ, ամենախոշոր հարկատուն տարեկան վճարում է ավելի քան 50 մլրդ դրամ հարկ։
Ադրբեջանը հետևողականորեն թիրախավորում է հենց հայկական ատոմակայանի և հանքագործական ընկերությունների գործունեությունը, նշում՝ թե դրանք վտանգ են Հայաստանի ու հարևան երկրների համար։ «Պետությունների բնապահպանական վիճակի մասին» Յեյլի համալսարանի 2022թ․-ի զեկույցում, սակայն, Հայաստանը 56-րդ, Ադրբեջանը՝ 104-րդ տեղում է։
ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, կառավարման խորհրդատու Հայկազ Ֆանյանը նկատում է՝ 2022-2023թթ.-ին ածանցյալ գործոններով պայմանավորված մեր տնտեսության աճը եղել է ոչ հանքարդյունաբերական ոլորտների հաշվին, բայց հանքագործականների հարկային բեռը միևնույն է ավելի բարձր է, քան այլ ոլորտներինը։
«Օրինակ, երբ նայում ենք ԶՊՄԿ-ն ինչքան հարկ է վճարել 2024թ.-ի 9 ամիսների ընթացքում, և դա ինչ մասնաբաժին է կազմում, կա մի ցուցանիշ, կոչվում է ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտներ, խոսքը մոտավորապես 5.4 %-ի մասին է։ Իրականում բավականին մեծ ցուցանիշ է»։
Տնտեսագետը հիշեցնում է՝ ՀՀ պետբյուջեի ծախսային մասը 2025թ-ի համար թիրախավորվել է 3.5 տրիլիոն դրամ։ Հանելով ռուս ռելոկանտների ներհոսքի և վերաարտահանման գործոնը Հայկազ Ֆանյանը հավելյալ եկամտային հոսք ունենալու իր դիտարկումն է ներկայացնում։
«Այս կարճ ժամանակահատվածում հարկեր ապահովելու միակ իրատեսական եղանակը Լիդիայի շահագործումն է։ Սա նախընտրության հարց չէ, ինձ հարցնում են՝ արդյոք Հայաստանում հնարավոր է կարճաժամկետում տնտեսական էֆեկտ ապահովել։ Ես որպես մասնագետ ասում եմ՝ դրա իրատեսական տարբերակը Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն է»։
Հանքարդյունաբերությունը կարող է պակաս վնասաբեր լինել բնության և մարդկանց առողջության համար։ Այդ առումով մեծ հաջողություններ գրանցած երկրներից են ԱՄՆ-ն, Ավստրալիան և Կանադան։
«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանը նշում է՝ Հայաստանում գործող ընկերությունների նպատակակետը աշխատանքի անվտանգության, բնապահպանական պահանջների առումով միջազգային ստանդարտներին համապատասխան դառնալն է։
«Կան ավելի պահանջկոտ միջազգային ստանդարտներ, որին մենք ձգտում ենք։ Ոլորտը մեկ կազմակերպություն չէ, ամեն կազմակերպություն իր հնարավորությունների սահմաններում է դա անում»։
Այս տարվա դեկտեմբերին ոլորտի «խոշոր խաղացողը»՝ ԶՊՄԿ-ն կհրապարակի իր «կայուն զարգացման զեկույցը», այն նաև բնապահպանների՝ ոլորտը քննադատաբար դիտարկելու համար է։