Զորակոչը շարունակում է պետության գլխավոր մարտահրավերներից մեկը մնալ, ու դրա մասին պետք է բարձրաձայն խոսել՝ խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ասել է պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանը խոսել է զինված ուժերում ծառայելուց տարբեր միջոցներով խուսափելու երևույթի մասին։ Նախարարը կարծում է, որ այս հարցում որոշակի լյուստրացիայի կարիք կա ու առաջին հերթին պետական կառավարման համակարգում։
Հայաստանն իր 200 քառակուսի կմ օկուպացված տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր չի դրել, Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով՝ խորհրդարանում շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ ասաց պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանի խոսքով՝ բանակում ընթացող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կմ սուվերեն տարածքը:
«Մեզ համար առանցքային է մնում զինված ուժերը կիրթ և բանիմաց կադրերով համալրելու քաղաքականությունը, և վերջին երկու տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որի արդյունքում առաջիկա տարիներին մեր զինված ուժերի շարքերը կսկսեն համալրել ավելի մեծ քանակով սպաներ, և իհարկե նաև ավելի բարձր կրթական մակարդակով և պրոֆեսիոնալիզմով ավելի բարձր որակավորում ունեցող կադրեր»։
Արհեստավարժ բանակի հիմքը, ըստ նախարարի, պրոֆեսիոնալ զինվորականներ են, սակայն համակարգը կլինի հիբրիդային։ Սուրեն Պապիկյանը հիշեցրել է, որ ներդրվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։
Հաջորդ տարվա բյուջեով ամենաշատն ավելացել են պաշտպանության ոլորտի հատկացումները՝ շուրջ 670 մլրդ դրամ՝ 110 մլրդ դրամով ավելի, քան 2024-ին։ Պաշտպանական ծախսերի մեծ մասը՝ 661 մլրդ դրամը, կուղղվի ռազմական պաշտպանությանը։ Ռազմարդյունաբերական համակարգի զարգացմանը կհատկացվի 5.7 մլրդ դրամ՝ նպատակ ունենալով ավելացնել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորումը։
Բյուջեի եկամուտները ընդհանուր առմամբ հաջորդ տարի կավելանան 11%-ով։ Սա, ըստ գործադիրի, կապահովվի հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի և օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Հարկային եկամուտների հիմնական աղբյուրը հարկերն են, որոնք 2025 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 25%-ը։ 2025-ին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ, իսկ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի շուրջ 0,2 տոկոսային կետով:
2025-ին կավելանա նաև բյուջեի դեֆիցիտը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը բացատրում է, թե ինչու։
«2025 թվականին կարիք ունենք ապագայից որոշ ծախսեր առաջ բերել, և դրանով է պայմանավորված հինգ ու կես տոկոս դեֆիցիտը, որը 609 միլիարդ դրամ է կազմում: Բայց նաև պետք է այստեղ շեշտեմ, որ մենք բյուջետային փաստաթղթում ներկայացրել ենք նաև առաջիկա տարիների ֆիսկալ շրջանակը, որը ցույց է տալիս, թե ինչպես ենք այդ դեֆիցիտի մակարդակը իջեցնելու առաջիկա տարիներին»:
Բյուջեն ձևավորվում է Հայաստանի շուրջ 750000 քաղաքացիների և 13 000 տնտեսավարողների վճարած հարկերի շնորհիվ՝ արձանագրում է ոլորտի պատասխանատուն։ Վահե Հովհաննիսյանը խոստովանում է՝ բյուջեով մի շարք հարցեր լուծվում են, շատերն էլ մնում են չլուծված։ Կան սոցիալական բազմաթիվ խնդիրներ, տնտեսության կառուցվածքն ու արտադրողականության ցուցանիշը գոհացուցիչ չեն։
Նախարարի թվարկած խնդիրներին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն հավելում է․ «Կոնկրետ չափելի արդյունքներով ծրագրային վարկերի փոխարեն շեշտակի աճում են բյուջետային վարկերը, որոնք մտնում են ընդհանուր կաթսա, դառնում են անհետաքրքիր և վերահսկողության տեսանկյունից խիստ խոցելի»։
2025թ պարտքի սպասարկման համար կծախսվի 394 մլրդ դրամ։ Նույն խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ հաշվել է՝ 2025-ի կտրվածքով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն բաժին ընկնող բեռը 130 հազար դրամ է։
«Ամսական մոտ 12,000-ի կարգի գումար է կազմում։ Մենք վերլուծում ենք այս բեռը և սա արդարացնում ենք՝ առանց նայելու, թե վերջ ի վերջո ուր է գնացել գումարը»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը արձանագրում է՝ պարտքը ավելացել է, բայց վարկերը տնտեսության մեջ են ներդրվել։
«Առաջարկում ենք ևս վարկեր վերցնել, սարքավորումներ ձեռք բերենք, ևս ինտենսիվ այգիներ ու արդյունաբերություն զարգացնենք»։
Բյուջեի քննարկումը խորհրդարանը կշարունակի վաղը։ Ապա պատգամավորները քառօրյա ընդմիջում կունենան ֆինանսական գլխավոր փաստաթղթում փոփոխություններ անելու առաջարկներ ներկայացնելու համար։