Հասարակություն

Վարչապետն ու պաշտպանության նախարարը մեկնել են սահմանամերձ գոտի

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս՝ հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին և զինվորներին: Մինչ այդ Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են գտնվել օրերս Մարտակերտում սահմանային միջադեպի հետևանքով զոհված հերոս, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հոգեհանգստի արարողությանը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հանրապետության վարչապետին նախ զեկուցել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի և հայկական ուժերի պատասխան գործողությունների մասին: Այնուհետև, անդրադառնալով զինծառայողների և սահմանապահ գյուղերի բնակչության սոցիալական խնդիրներին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում դրանց լուծման ուղղությամբ և խոստացել հնարավորության դեպքում շարունակել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունում քննարկվում է սահմանապահ գյուղերում բիզնես սկսող անձանց հարկերից ազատելու հնարավորությունը՝ նոր աշխատատեղեր բացելու և համայնքների տնտեսական կյանքն ակտիվացնելու նպատակով: Գյուղապետերից մեկի բարձրացրած հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետը նշել է, որ գործադիրը քննարկում է նաև սահմանապահ գյուղերի բնակչության էլեկտրաէներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցման հնարավորությունը:

Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին, շնորհակալություն հայտնել փոխըմբռնման և հայրենիքի սահմանն անառիկ պահելու համար:

 

Back to top button