Հաճախ ծնողները վիրավորվում են, երբ մասնագետներն ասում են, որ երեխան տարիքի համեմատ ավելորդ քաշ ունի։ Գիրուկ երեխայի ծնողները փաստն այլ կերպ են մեկնաբանում։ «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովա.
«Ծնողների ընդամենը տասը տոկոսն է ասել, որ իմ երեխան ունի ավելորդ քաշ։ Այսինքն՝ ծնողը չի ընկալում երեխայի ավելորդ քաշը որպես խնդիր, դա ընկալվում է որպես «առողջություն», լավ խնամք։ Ծնողները չեն տեսնում, որ դա արդեն լուրջ առողջական խնդիր է»։
Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունը կատարվում է 4 տարին մեկ՝ աշխարհի 51 երկրներում։ Արդյունքները մտահոգիչ են մի քանի առումով։ Քաղցրավենիքի օգտագործման ցուցանիշով 51 երկրների ցանկում Հայաստանն առաջին հորիզոնականում է։
«15 տարեկան աղջիկների 64, իսկ տղաների 56 տոկոսն ամեն օր օգտագործում է քաղցրավենք։ Ջայլամի այդ քաղաքականություն պետք չի վարել, որ մեզ մոտ նման խնդիր չկա, դա հորինված է, ընդամենը մեկ-երկու դեպք է, սրանք լուրջ թվեր են։ Եվ այսօր երեխաները և դեռահասներն ավելորդ քաշով ավելի շատ են»։
Հաջորդ մտահոգիչ ցուցանիշը վերաբերում է քաղցր գազավորված ըմպելիքներին։ Այստեղ Հայաստանի դպրոցահասակներն առաջին տեղում չեն, սակայն բարձր հորիզոնականներում են։ 15 տարեկանների շրջանում տղաների 32, իսկ աղջիկների 22 տոկոսն ամեն օր քաղցր գազավորված ըմպելիք է օգտագործում։ Համեմատելու համար նշենք, որ 330 մլ կոկա կոլան պարունակում է 8-10 գդալ շաքար։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ Արայիկ Պապոյանը ասում է, որ Հայաստանի դպրոցների համար կան պարտադիր նորմեր, որոնք սահմանում են, թե ինչ կարելի է ներառել երեխաների սննդի ցանկում ներառել, ինչ չի կարելի։ Այդ ցանկերը կազմելիս հաշվի են առնվում երեխաների տարիքային խմբերը, նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։
«Սննդի ցանկը պետք է լինի բալանսավորված՝ հիմքում ունենալով սպիտակուցներ, վիտամիններ, միկրոտարրեր։ Չեն կարելի հում, ապխտած մսեր, չպաստերիզացված կաթից պատրաստված սննդամթերք։ Արգելվում է աղի և շաքարի բարձր պարունակությամբ մթերք, ինչպես նաև գազավորված քաղցր ըմպելիքներ»,-ասաց Արայիկ Պապոյանը։
Հետազոտությանը մասնակցել է 4300-ից ավելի երեխա։ Մասնագետները կարևորում են իրազեկման աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև վերահսկողական գործառույթների խստացումը, որ սննդի համար սահմանված պարտադիր նորմերը պատշաճ պահպանվեն։