ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ խորհրդարանում անցկացվել է ԱԺ հրատապ նիստ։ Օրակարգում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված անձանց խնդիրն էր։ Ընդդիմությունն առաջարկում էր Բաքվում ընթացող COP29 համաժողովին զուգահեռ ընդունել ԱԺ հայտարարության տեքստ՝ հայ գերիների ազատ արձակման կոչով։ Ընդդիմադիրները սա նման քայլի համար պատեհ առիթ են համարում, քանի որ նաև աշխարհում է այս հարցով օրակարգ ձևավորվել։ Թեև խորհրդարանական մեծամասնությունը մասնակցել է հրատապ նիստին, բայց երեք խմբակցություններն ընդհանուր հայտարարի չեն եկել։ «Քաղաքացիական պայմանագիրը» դրա համար ներկայացրել է իր հիմնավորումները։
Խորհրդարանական մեծամասնությունը չմիացավ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և չօգնեց, որպեսզի ԱԺ-ն ընդունի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարություն։ Նախագծով Հայաստանի խորհրդարանի անունից կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Բաքվի վրա՝ ազատ արձակելու Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։
Ընդդիմադիրների կարծիքով՝ Ադրբեջանում անցկացվող COP29 համաժողովը լավ առիթ է միջազգային հանրության ուշադրությունը և Բաքվի վրա ճնշումն ուժեղացնելու համար։ Մտավախություն ունեն, որ COP-ից հետո հայ գերիներին վերադարձնելու հարցն ավելի բարդ կլինի լուծել․ հավանականությունը համարում են զրոյին հավասար։ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանի ձևակերպմամբ՝ նաև լավ առիթ է քվեարկությամբ պարզել իշխող ուժի դիրքորոշումն այս հարցում․
«Ես հասկանում եմ, որ կա քաղաքականություն՝ տարբեր բանակցային հարմարությունների ց ելնելով, բայց այս հայտարարության իմաստն այն է, որ մենք խոսում ենք դիվանագիտական այն մակարդակի մասին, որը վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությանը։ Անկախ նրանից, թե պաշտոնական Երևանն ինչ հարցեր է քննարկում այսօր Ադրբեջանի հետ, մենք պարտավոր ենք, որպես խորհրդարան, այս հարցին անդրադառնալ և, ի լուր աշխարհի, մեր մոտեցումը հստակ արտահայտել: Սա մեզ անհրաժեշտ է մի քանի առումով։ Դա նոր թափ կհաղորդի լոբբիզմին։ COP29-ով սա չի ավարտվելու․ COP-29-ն առիթ էր` այս համաշխարհային «զորաշարժը» փորձել իրականացնել, և այս առումով Հայաստանի կրավորական պահվածքը բոլորովին բացատրելի չէ»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրների տարբեր հայտարարություններից և ձևակերպումներից հետևություն արեց, թե նրանց նպատակներն անկեղծ չեն։ Իշխանական պատգամավորի տպավորություններով՝ ընդդիմադիրները փորձում են հարցը վերածել քաղաքական կապիտալի, ընդ որում՝ սխալ ձևակերպումներով․
«Պարոն Ռուստամյան, լո՞ւրջ եք ասում, ի՞նչը հստակ չի։ Այսինքն՝ ինչ-որ մեկը այստեղ կասկածում է, որ Հայաստանի կառավարությունն ուզո՞ւմ է, որ գերիները վերադառնան, թե՞ չի ուզում։ Ի՞նչն այստեղ հստակ չի։ Բոլոր մեր դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց բոլոր հայտարարություններում և իրենց բոլոր գործողություններում նշում են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց՝ Հայաստան վերադարձի անհրաժեշտությունը։ Ի՞նչն այստեղ հստակ չէ։ Կամ՝ որ պարոն Խաչատրյանն ասում է՝ մենք լռում ենք։ Պարոն Ռուստամյան, երբ ԵԽԽՎ–ում իրար հետ Հռոմում էինք, և բանաձևերից մեկում ընդգրկվեց ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի մասին կետ, դա իմ լռությա՞ն արդյունքում մտցվեց, թե՞ իմ չլռության արդյունքում մտցվեց»։
Իշխանությունը համոզված է, որ գերիների վերադարձը կախված է ոչ թե խորհրդարանի հայտարարությունից, այլ՝ դիվանագիտական աշխատանքից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այդպես է հիմնավորում խմբակցության՝ քվեարկությանը չմասնակցելու որոշումը։
«ՀՀ կառավարությունն ամեն օր՝ 2020թ.-ից սկսած, աշխատում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին Հայաստան օր առաջ վերադարձնելու ուղղությամբ: Ոչ մի օր այդ աշխատանքը չի դադարել: Այստեղ նշվեց, որ COP–ը լավագույն առիթն է, որպեսզի մենք հանդես գանք այս նախաձեռնությամբ․ ես ուզում եմ շեշտել, որ Հայաստանի կառավարությունը և կառավարող մեծամասնությունը չեն փնտրում առիթ, որպեսզի զբաղվի այս հարցով: Մենք այս հարցով զբաղվում ենք ամենօրյա ռեժիմով: Սա մի հարց է, որն ունի բազմաթիվ զգայուն կողմեր, և ելնելով դրանից՝ այդ հարցերը չեն կարող հրապարակային հասցեագրվել: Այդ աշխատանքի ահռելի մասն իրականացվում է դիվանագիտական, քաղաքական խողովակներով, և մինչ այժմ այդ աշխատանքի արդյունքում հարյուրավոր գերիներ արդեն վերադարձել են Հայաստան: Այս հայտարարությունը չի լուծում այդ խնդիրը, և մենք չենք կարող սխալ գործիքներով խնդիրներին ճիշտ լուծումներ տալ»։
Թեև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մասնակցեց ընդդիմադիրների նախաձեռնած հրատապ նիստին, բայց չմասնակցեց քվեարկությանը։ Ընդդիմադիրների 30 «կողմ» ձայնը բավարար չէր ԱԺ հայտարարությունն ընդունելու համար։
Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիրների նախաձեռնած քննարկումը համընկնում էր Բաքվում COP29-ի բարձրաստիճան պաշտոնյաների ընդունելուն և համաժողովի պաշտոնական բացմանը։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Լիլիթ Գալստյանը դա անընդունելի են համարում նաև միջազգային հանրության տեսանկյունից․
Արծվիկ Մինասյան. «Միջազգային հանցագործը, մարդասպանը, ցեղասպանը փորձում է մաքրագործել իր դեմքը»։
Լիլիթ Գալստյան. «Այս կարևորագույն համաժողովը, որտեղ աշխարհի մեծերն են հավաքվում՝ ավանդույթի համաձայն, տեղի է ունենում մի երկրում, որի բոլոր միջազգային ցուցանիշերը՝ դրանք վերաբերեն մարդու իրավունքներին, կլանային կառավարմանը, կոռուպցիային և այլն, այս բոլոր ցուցանիշերով Ադրբեջանը միջազգային բոլոր զեկույցներում գրավում է բարձրագույն տեղեր։ Հայաստանի Հանրապետությունը, իր կամքով և իր ձեռքով հնարավորություն տվեց Ադրբեջանին «կանաչ լվացում» իրականացնել: Բնականաբար, այս առիթը Ադրբեջանն օգտագործելու է իր քաղաքական իմիջի բարձրացման և քաղաքական կապիտալիզացիայի համար»:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում այս պահին 23 հայ է գերության մեջ, նրանցից 8–ը՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչներ։ Մինչ COP-ի մեկնարկը պաշտոնական Երևանի՝ տարբեր պաշտոնյաների հայտարարություններից պարզ էր, որ հայկական կողմը պատրաստ է ընդունել Բաքվի հրավերը, եթե համաձայնություն ձեռք բերվեր հայ գերիներին ազատ արձակելու հարցում։
Նման համաձայնություն, սակայն, տեղի չունեցավ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը COP-ի հարթակներում Հայաստանի բացակայությունը «բաց թողնված հնարավորություն» գնահատեց։
Իսկ Հայաստանից խորհրդարանական ընդդիմադիրների ելույթների միջոցով հայտարարվեց, որ Արցախի հարցը պատերազմով լուծելու, էթնիկ զտումների և Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիան և օկուպացիան ու միջազգային կոնվենցիաներով ճանաչված մի շարք այլ ռազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։