Ավարտվում է Երևանի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ներկայացվել են հայեցակարգային երեք նախագծեր, որոնք ցուցադրվում են Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում։
Մրցութային հանձնաժողովի անդամները Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի ուղեկցությամբ մասնակցել են աշխատանքների ցուցադրության բացմանը, այնուհետև անցկացրել հերթական նիստը՝ դիտարկելու նախագծերը և գնահատման ձևաչափը։
Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված են ճարտարապետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Կոնդի բնակիչներ, իրավաբաններ, սոցիոլոգներ, պատմաբաններ, ՀՀ պետական գերատեսչությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
«Յուրաքանչյուր անդամ նախագծերը գնահատելիս հաշվի է առնելու նախագծի նպատակահարմարությունը, համապատասխանությունն առաջադրանքին, տնտեսական արդյունավետությունը, պատմական շերտի ու բնակիչների շահերի պահպանումը և մի խումբ այլ չափորոշիչներ։
Եզրափակիչ նիստի ժամանակ միավորների հաշվարկից հետո կամփոփվեն և կհրապարակվեն մրցույթի արդյունքները»,– ասված է հաղորդագրությունում։