ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Տնտեսական կայուն աճը պետք է հետ շրջի արտագաղթի անիվը․ բյուջե 2025-ը խորհրդարանում է

Առաջնորդել պատասխանատվությամբ, ծախսել խոհեմությամբ՝ ֆինանսների նախարարն այսպես է  բնորոշել  հաջորդ տարվա բյուջեի նախագծի մշակման տրամաբանությունը՝ հիշեցնելով, որ այն ձևավորվում  է Հայաստանի շուրջ 750000 քաղաքացիների և  շուրջ 13 000 տնտեսավարողների վճարած հարկերի շնորհիվ: Խորհրդարանում սկսվել են 2025-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները։ Հաջորդ տարվա ընթացքում կառավարությունը փորձելու է խնայել հնարավորության սահմաններում և ֆինանսավորել այն ծրագրերը, որոնք միտված են երկարաժամկետ հեռանկարով երաշխավորելու ՀՀ անվտանգությունը, կենսամակարդակի բարձրացումն ու տնտեսության ներուժի ընդլայնումը:

Բյուջետային հաջորդ տարում  կոնսոլիդացնել ուժերը և ապահովել կառավարության ծրագրի էական առաջընթաց՝ խնայելով հնարավորության սահմաններում․ 2025–ի համար կառավարությունը հստակ ձևակերպված խնդիր ունի։ Ֆինանսների նախարար ընդգծում է՝ կֆինանսավորվեն այն ծրագրերը, որոնք միտված են երկարաժամկետ հեռանկարում ՀՀ անվտանգությունը, քաղաքացիների կենսամակարդակը երաշխավորելուն, ինչպես նաև տնտեսության ներուժը մեծացնելուն։

«2025 թվականի բյուջեի հաջող կատարման արդյունքում ևս մեկ անգամ արձանագրվելու է, որ այս կառավարությունը լավագույնս է հաջողել իր ծրագրային խոստումներին հավատարիմ մնալու հարցում»:        

 2025 թվականին կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի մեծ չափով` 3,2 տոկոսային կետով ու կմոտենա  53 տոկոսի սահմանագծին:  Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 25 տոկոսի։  Կառավարությունն այս ցուցանիշը փորձելու է ապահովել հարկային վարչարարության և օրենսդրության փոփոխությունների արդյունքում: Գործադիրն ակնկալում է, որ հարկերն այս տարի կկազմեն 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ:

2025թ. պետական կառավարման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով։ Սա, ըստ ֆինանսների նախարարի,  վկայում է, որ իշխանությունը չի վախենում դուրս գալ հարմարավետության  գոտուց և արդյունավետության բարձրացման հայտը նախ իրեն է ներկայացնում։

2024թ. առաջին կիսամյակում հաջողվել է գրանցել 6,5 տոկոս տնտեսական աճ։ Հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ինդեքսի աճը կազմել է 9,6 տոկոս։ 2024թ. առաջին կիսամյակում հաջողվել է գրանցել 6,5 տոկոս տնտեսական աճ։ Ընդ որում, հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ինդեքսի աճը կազմել է 9,6 տոկոս։ 2024–ի ավարտին  կառավարությունը 5,8, իսկ 2025-ին՝ 5,6 տոկոս տնտեսական աճ է ակնկալում։ Տնտեսական կայուն աճ ապահովելը, ֆինանսների նախարարի կարծիքով, պետք է լուրջ խնդիր լուծի։

«Տնտեսական աճը  եւ անվտանգության բարձրացած զգացողությունը պետք է հետ շրջեն արտագաղթի անիվը»։

Հաջորդ տարվա բյուջեում ամենաէական ավելացումները պաշտպանության ոլորտում են։ Երկրորդը սոցիալական ոլորտն է, որին կուղղվի  բյուջեի 37 տոկոսը։ Չնայած սրան՝ թոշակների ու նպաստների բարձրացում կառավարությունը չի նախատեսում։

«Թոշկաները չեն բարձրանում։ Մենք իհարկե կառավարության ծրագրով նախատեսված ցուցանիշներից որոշներին հասել ենք, բայց այստեղ անելիք ունենք»։

ԿԲ նախագահն ընդգծում է՝ հարկաբյուջետային ծախսային քաղաքականությունը 2025 թվականին կշարունակի  թիրախավորվել կապիտալ ծախսերի աճի ուղղությամբ՝ փորձելով նպաստել տնտեսական աճին: Գործադիրի կանխատեսմամբ՝ կապիտալ ծախսերը կաճեն 0,3, ընթացիկ ծախսերը՝ շուրջ 1 տոկոսով։ 

«Հայաստան»  խմբակցությունից Գառնիկ Դանիելյանը ԿԲ նախագահին հիշեցնում է ՝ բնակչության մեծ մասը վարկեր ունի։ Վարկառուներից շատերն էլ բանկերից վերցրած գումարով ներդրումներ են արել ու տարբեր պատճառներով՝  տարերային աղետ, ֆորսմաժոր,  զրկվել  ապրոստից ու  մնացել վարերի տակ։

«Պետությունը ի՞նչ է մտածում դրա մասին: Ինչո՞վ կարող ենք այդ մարդկանց օգնել, լրացուցիչ հնարավորություն տալ»:

Մարտին Գալստյանը հիշեցնում է՝ նույն Քովիդի կամ պատերազմի ժամանակ պետությունն ու բանկային համակարգը աջակցության տարբեր մեխանիզմներ են մշակել՝ կամ վարկերն են ներվել, կամ տոկոսները։

«Համակարգված աշխատանք պետք է իրականացվի, որովհետև երկու տնտեսվարողի հետ կապված կարող է անհրաժեշտություն առաջանալ նաև պետական որևէ օժանդակության ծրագրի: Կոնկրետ հիմա կդժվարանամ ինչ–որ բան  ասել։ Քննարկել ենք կառավարության գործընկերների հետ, այժմ քննարկում ենք, որ    բարեխիղճ աշխատողներին, ովքեր որոշակի վարկային պարտավորություններ, բայց ժվարանում են վճարել, որոշակի մեխանիզմներով փորձենք  այդ  մարդկանց դուրս հանել այդ  իրավիճակից»:

2022թ հոկտեմբերից կառավարությունն իրականացնում է սահմանային բնակավայրերում բնակարանային ապահովության աջակցության ծրագիրը։ Աջակցությունը տրամադրվում է հիպոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով13 տոկոս տոկոսադրույքի մարման նպատակով։

Սա, ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի, գյուղերի փրկության ծրագիր է։

«Արդյոք ծրագիրը շարունակություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Արդյոք կան բավարար միջոցներ  ծրագիրը շարունակելու համար»:

Ֆինանսների նախարարը ևս կարևորում է  ծրագիրը, նշում, որ քննարկում են ծրագիրը շարունակելու ձևաչափերը։

Կարդացեք նաև

Back to top button